USD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 24°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 24°C

Логотип

ԱՄԵՆ ԻՆՉ ԷԼ ԿԼԻՆԻ. Ե՛Վ «ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆ», Ե՛Վ «ԲԱՐԵԳԵՂՈՒԹՅՈՒՆ»

Դժվար թե կա ավելի զվարճալի որևէ բան, քան երբ իշխող թիմի ներկայացուցիչը խորհրդարանում սկսում է դատողություններ անել բարեկրթության նորմերի պահպանման անհրաժեշտության մասին… Մեծ ու հզոր Ֆեյսբուքում մի իմաստուն մարդ խորհուրդ տվեց ընդդիմությանը առանձնապես չլարվել՝ լսելով խորհրդարանի նոր խոսնակի այդօրնակ հորդորները: Քանզի բոլոր այդ բարի մտադրությունները, բոլոր այդ ցուցադրական բարի մտադրությունները մոռացության կմատնվեն, հենց որ նորընտիր խորհրդարանում գա կառավարական ժամի օրը։ Այսինքն՝ պատգամավորների հարցերին կառավարության անդամների պատասխանի օրը, ինչը սովորաբար փոխարկվում է վարչապետի պատասխանների…

ԱՀԱՎԱՍԻԿ ԿԳԱ ԸՆԿԵՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, ԿՍԿՍԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ, նույնիսկ ամենից անմեղներին, այ այդժամ կտեսնի ընդդիմությունն իր նկատմամբ ցուցաբերվող և՛ «բարեկրթությունը», և «բարեգեղությունը»՝ փաշինյանական ողջ շուքով։ Քանզի այլապես Փաշինյանը պարզապես Փաշինյան չի լինի։ Այնպես որ եթե «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հույս է փայփայում, թե նորընտիր խորհրդարանում հնարավոր են քաղաքակիրթ բանավեճեր ու քննարկումներ, չարաչար սխալվում է: Չխաբվե՛ք: Վարչապետն առաջվա պես Փաշինյանն է, իսկ դա նշանակում է, որ երկրին սպասում են նորանոր մեծ մարտահրավերներ, պարզապես Փաշինյանը հիմա մի քիչ տազ է արել, որովհետև մշակում է ճանապարհային քարտեզը, որոշում՝ ինչից սկսել։ Գուցե նոր սահմանադրության առաջմղումից։ Կամ Կաթողիկոսի նկատմամբ հաշվեհարդարից։ Կամ էլ Ալիևի համար բաղձալի ճանապարհի կառուցումը սկսելուց։ Կամ գուցե էլեկտրաէներգիայի դեֆիցիտին երկրի նախապատրաստումից։ Իսկ գուցեև ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև ԵԱՏՄ-ի, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից։

Խնդիրների այնպիսի կույտի պայմաններում, ինչպիսին բարեհաջող կերպով ստեղծել է Փաշինյանն իր քաղաքականությամբ, իրոք որ մտմտալու բան կա, նախքան ընդդիմությանը վերստին ճնշելը։ Իսկ այն, որ դա կլինի աշնանային քաղաքական սեզոնի մեխը՝ ի զվարճանս հանրության, որպեսզի վերջինս շատ չմտահոգվի գալիք իրադարձությունների առնչությամբ, կասկածից վեր է։

Ահա թռավ-եկավ նաև առաջին ծիծեռնակը Ալեն Սիմոնյանից։ Թե չէ որոշ գործընկերներ արդեն աշխարհաքաղաքական մեծ իմաստ էին փնտրում նրա նոր նշանակման մեջ։ Իբր՝ Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հեռացրել են, քանի որ Անգլիայում պաշտոնից հեռացել էր նրա հրահանգիչ Ռիչարդ Մուրը։ Իսկ Ալեն Սիմոնյանին նշանակել են, քանի որ վերջինս, իբր, այն աստիճան ակնբախ ռուսատյաց չէ, որքան Գրիգորյանը, նույնիսկ նրբակրթորեն ծաղիկներ է նվիրել Վալենտինա Մատվիենկոյին և ավելի քիչ կնյարդայնացնի Ռուսաստանին։

Անհեթեթություն է ողջ այդ գաղտնագործ-ծաղկային աշխարհաքաղաքականությունը։ Փաշինյանը կադրային որոշումներ ընդունելիս առաջնորդվում է ավելի կիրառական կատեգորիաներով։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է. Գրիգորյանն այնքան էլ ակտիվ չէր սոցիալական ցանցերում, ահա և ողջ գաղտնիքը: Այնքան էլ հաճախ չէր անարգում ընդդիմությանը։

Իսկ Ալեն Սիմոնյանը… Դեռ նոր են նշանակել ԱԽ քարտուղար, և ի՞նչ արեց նա առաջին հերթին։ Սոցցանցերում գրառում հրապարակեց՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» ընդդիմադիր դաշինքների առաջնորդներ Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի հասցեին վիրավորական արտահայտություններով…

Գերազանց է հասկացել Ալեն Սիմոնյանը, թե Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում ինչ է իրենից ակնկալում Նիկոլ Փաշինյանը։ Այն նոր մարտահրավերների նախաշեմին և ընթացքում, որոնց առջև երկիրը կդնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցող քաղաքական աշնանը: