ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ վարույթը վերաբերում է պետական սեփականություն հանդիսացած մի շարք արժեքավոր գույքեր շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք բերելուն, դրանց իրական պատկանելությունն ու ենթադրյալ հանցավոր ծագումը քողարկելուն, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագներին։
Կոմիտեն պնդում է, որ Քոչարյանը նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին մտերիմ անձանց հետ պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել մի շարք արժեքավոր գույքեր։ Դրանց թվում կոմիտեն նշում է տարածքներ, որտեղ հետագայում գործել են «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոնը, «Օրանժ Ֆիտնես» ակումբը, ինչպես նաև «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը։
Կոմիտեի պնդմամբ` դրանց իրական պատկանելությունն ու ենթադրյալ հանցավոր ծագումը քողարկելու նպատակով գույքերը ձևակերպվել են փոխկապակցված ընկերությունների անուններով, ապա կառուցապատվել, վաճառվել կամ օտարվել, իսկ որոշ ընկերությունների բաժնեմասեր փոխանցվել են նախկին նախագահի որդուն։
Մասնավորապես, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, Աճառյան և Ծարավ աղբյուր փողոցներին հարող 8,3 հա հողամասը ձեռք է բերվել 44,657 մլն դրամով։ Այնտեղ 2002 թվականին կառուցվել է «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոնը, իսկ 2004-ին գույքի սեփականատեր «Ֆաստ քարթ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել է Քոչարյանի որդուն։
«Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածի 2 հա հողամասը, ըստ հաղորդագրության, ձեռք է բերվել 39,63 մլն դրամով, ապա փոխանակվել պետությանը պատկանող՝ Երևանի առավել բարենպաստ հատվածում գտնվող նույն մակերեսով հողամասի հետ, վերջինը հետագայում օտարվել է շուրջ 1,742 մլրդ դրամով։
Հակակոռուպցիոն կոմիտեն այլ դրվագներ է ներկայացնում Պարոնյան 8 հասցեի շենքի, Գեղարքունիքի մարզի «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրի և Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեի տարածքի վերաբերյալ, որտեղ հետագայում կառուցվել է «Օրանժ Ֆիտնես» ակումբը։
Ըստ կոմիտեի` քննությամբ տվյալներ են ստացվել նաև Վազգեն Սարգսյան 20 հասցեի պատմամշակութային հուշարձան հանդիսացող Սպայի տան և Նալբանդյան 16 հասցեի կիսակառույց շինության օտարման վերաբերյալ. դրանք պետական սեփականությունից դուրս բերելու և «Պիացցա Գռանդե» ընկերությանն օտարելու գործընթացը կազմակերպելու դիմաց Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է ընդհանուր 2 մլրդ 633 մլն 934 հազար դրամ արժողությամբ 56 անշարժ գույք։ Կոմիտեն պնդում է, որ դրանք ձևական գործարքներով գրանցվել են նախկին նախագահի ընտանիքի անդամների և փոխկապակցված կազմակերպությունների անուններով։
Մեկ այլ դրվագ վերաբերում է ՊՆ-ին պատկանող՝ Ծովակալ Իսակովի պողոտայի 22 և 22/4 հասցեների հողամասերին։ Դրանց ընդհանուր շուկայական արժեքը, ըստ քննության, կազմել է շուրջ 1,394 մլրդ դրամ, սակայն դրանք Քոչարյանի հետ մտերիմ անձին պատկանող ընկերությանը վաճառվել են չորս անգամ ցածր գնով։ Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ հողամասերի ցածր գնով վաճառքի և Հայաստանում «Տոյոտա» ընկերության ներկայացուցչության հիմնադրումն ապահովելու դիմաց 2006-ին Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է «Տոյոտա Երևան» ընկերության 30 տոկոս բաժնեմասը, որը հետագայում ձևակերպվել է նրա որդու անունով։
Հակակոռուպցիոնից նաև հայտնել են, որ նախաքննությամբ ուսումնասիրվում են նաև նախկին նախագահի որդու անունով 2001-2019 թվականներին կատարված շուրջ 144 մլրդ դրամի, 309 մլն դոլարի, 77 մլն եվրոյի և 18 մլն ռուբլու փոխանցումները, ինչպես նաև վարույթին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին Հայաստանում ու արտերկրում պատկանող ավելի քան երեք տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։
Կոմիտեից հայտնել են, որ այդ գույքերի հնարավոր փոխանցումը կամ օտարումը կանխելու համար գործողություններ են ձեռնարկվել դրանց նկատմամբ արգելանք կիրառելու ուղղությամբ։
Sputnik Արմենիա
