63 կողմ, 24 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը։
«Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
Տնտեսությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներից բացի, ծրագիրը ներառում է նաև «Հոգևոր անվտանգություն» առանձին գլուխ, որտեղ որպես կենսական անհրաժեշտություն է ներկայացվում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բարենորոգումը»։ Ծրագրի հատկապես այս հատվածը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել։
ՀՀ կառավարությունը հնգամյա այս ծրագրով մտադիր է պաշտոնականացնել խաղաղությունը Ադրբեջանի հետ, բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, զարգացնել ռազմավարական կապերը ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և բազմակողմանի կապերը Ռուսաստանի հետ։
Արտաքին քաղաքականության բաժնում նշվում է, որ կառավարությունը կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ սահմանազատման, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալացման (այսինքն՝ խաղաղության պայմանագրի և այլ իրավական ակտերի ստորագրման) ուղղությամբ, ինչպես նաև ակտիվացնել երկու երկրների քաղաքացիական հասարակության և գործարար համայնքների միջև շփումները։
Կառավարությունը մտադիր է նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և բացել սահմանը՝ առնվազն երկու անցակետերով, ինչպես նաև վերագործարկել էներգետիկ ենթակառուցվածքները։
ԱՄՆ–ի մասով նախատեսվում է իրականացնել TRIPP նախագիծը առնվազն երկաթուղիների և էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսին երկու կառավարությունների միջև ստորագրված հուշագրերի վրա: Հատուկ նշվում է Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության խորացման և որակական նոր մակարդակի բարձրացնելու մասին։
Կառավարության ծրագրում նաև խոսվում է խաղաղության նոր պայմաններում Ռուսաստանի հետ բազմոլորտ ու փոխշահավետ գործընկերության (որը ռազմավարական չի որակվել) վերափոխման և խորացման մասին տարածաշրջանում: Եվրասիական միության վերաբերյալ ընդգծվում է միության հիմնարար սկզբունքների, այսինքն՝ կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք՝ կառավարության գործունեության 2026-31թթ–ի ծրագիրը օգոստոսի 24-ին ու 25-ին ԱԺ–ում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik Արմենիա
