«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» նախաձեռնությունը խոր մտահոգություն է հայտնել և դատապարտել ՀՀ Ազգային ժողովի իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները՝ ուղղված Հայկական սփյուռքին և համահայկական շահերը պաշտպանող կառույցներին։
«Սփյուռքը Հայաստանի Հանրապետության մրցակիցը չէ, ոչ էլ Հայաստանի պետականության սպառնալիքը։ Սփյուռքը հայ ժողովրդի համազգային ներուժի անբաժանելի մասն է՝ իր կազմակերպություններով, համայնքներով, մտավորականներով, բարերարներով և տասնամյակների քաղաքական ու դիվանագիտական աշխատանքով։
Հետևաբար, Սփյուռքի հզորացումը Հայաստանի թուլացման հետ կապելը ոչ միայն վտանգավոր սխալ ընկալում է, այլև խորապես բաժանարար մոտեցում, որը փորձում է հակադրել հայ ժողովրդի երկու անբաժանելի բաղադրիչներին։
Նույնքան անընդունելի է համահայկական շահերը պաշտպանող կառույցների աշխատանքը ներկայացնել որպես Հայաստանի պետական շահերին հակասող երևույթ։ Տասնամյակներ շարունակ նրանց աշխատանքը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից մինչև Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը, իրականացվել է հանուն հայ ժողովրդի արժանապատվության, իրավունքների և համազգային շահերի։
Առանձնապես մտահոգիչ և դատապարտելի է նաև այսօրվա իշխանությունների որդեգրած վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ, որը դրսևորում է վտանգավոր խուսափողականություն և նսեմացնում հայ ժողովրդի պատմական հիշողության ու արդարության պահանջի կարևորությունը։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման պայքարը սակարկության ենթակա քաղաքական հարց չէ, այլ հայ ժողովրդի պատմական հիշողության, արժանապատվության և իրավունքների անբաժանելի մասը։
Այսօր, երբ Արցախի հայությունը ենթարկվել է բռնի տեղահանման, իսկ Արցախի հայկական ժառանգությունը գտնվում է լուրջ վտանգի տակ, մենք Հայաստանի պետական ներկայացուցիչներից ակնկալում էինք ոչ թե Սփյուռքի դեմ ուղղված հարձակումներ, այլ համազգային համերաշխություն և Արցախի հարցի արդար լուծման ուղղությամբ միասնական ջանքեր։
Մենք մերժում ենք այն մտածելակերպը, ըստ որի՝ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել միմյանց։ Ուժեղ Հայաստանը և ուժեղ Սփյուռքը հակասություն չեն, այլ նույն ազգային ուժի երկու փոխլրացնող հենասյուներ։
Եվրոպական երկրներում ապրող հայ քաղաքացիներս և Հայաստանի բարեկամ մեր եվրոպացի գործընկերները շարունակելու ենք պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, Արցախի հայության վերադարձի իրավունքը, հայկական մշակութային ժառանգության պահպանությունը և համահայկական շահերը պաշտպանող կառույցների արդար պահանջները։
Ոչ մի պաշտոնական հայտարարություն չի կարող մեզ ստիպել հրաժարվել մեր պատմական հիշողությունից, ազգային իրավունքների պաշտպանությունից կամ Արցախի նկատմամբ մեր պատասխանատվությունից։
Հայաստանի և Սփյուռքի ուժը մեկ ամբողջության ուժն է։
«Եվրոպացիները՝ հանուն Արցախի»
21 օգոստոսի 2026 թ.
Ստորագրողներ
Բելգիա
Կարեն Թաթևոսյան – Բելգիայի հայերի ասամբլեայի նախագահ
Բուլղարիա
Սահակ Չալեքյան – Բուլղարիայի հայկական միությունների ասոցիացիայի համանախագահ
Չեխիա
Ալեքսանդր Սարգսյան – Չեխիայի Հայ Առաքելական Եկեղեցական Խորհրդի նախագահ
Կիպրոս
Վահան Այնեջյան – Կիպրոսի հայոց թեմական խորհրդի նախագահ
Հունաստան
Նազար Ավագյան – Հունաստանի հայոց կենտրոնական խորհրդի նախագահ
Իտալիա
Բայքար Զավլյան – Իտալիայի հայոց մշակութային միության նախագահ
Ֆրանսիա
Արա Թորանյան – Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ
Մուրադ Փափազյան – Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ
Գերմանիա
Յոնաթան Շպանգենբերգ – Գերմանիայի հայոց կենտրոնական խորհրդի նախագահ
Նիդերլանդներ
Նուբար Վարդանյան – Ալմելոյի հայ համայնքի ներկայացուցիչ
Ռումինիա
Զարեհ Նազարյան – Ռումինիայի հայերի միության փոխնախագահ
Իսպանիա
Արարատ Ղուկասյան – Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչ
Շվեդիա, Նորվեգիա, Դանիա
Սիմոն Տեր-Սահակյան – Սկանդինավիայի հայկական միության համանախագահ
Միացյալ Թագավորություն
Գարեն Արևյան – Միացյալ Թագավորության հայ համայնքային խորհրդի նախագահ»,- նշված է հայտարարությունում։
