Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել են «Բուշեր» ատոմակայանում ստեղծված իրավիճակը և ատոմային էներգետիկայի ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Նրա խոսքով՝ ատոմակայանում իրավիճակը շարունակում է հանգիստ լինել։
«Մեր նախագահները՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և Իրանի նախագահը, երեկ երկկողմ հանդիպման ժամանակ խորը քննարկել են այս հարցը», – ասել է Լիխաչովը։
«Ռոսատոմի» ղեկավարը հայտնել է, որ «Բուշեր» ատոմակայանում այժմ 45 ռուսաստանցի մասնագետ կա։ Շուտով նրանց պետք է միանան ևս շուրջ 50 աշխատակից։ Այսպիսով, սեպտեմբերին ատոմակայանում ռուսաստանցի մասնագետների թիվը նախատեսվում է հասցնել մոտավորապես մինչև 100-ի։
Հանդիպմանը քննարկվել է նաև ատոմային էներգետիկայի ոլորտում ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացումը։ Լիխաչովը հիշեցրել է Իրանում խոշոր էներգաբլոկների կառուցման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Բացի այդ, նրա խոսքով, Թեհրանը հետաքրքրություն է ցուցաբերում փոքր ատոմային էներգաբլոկների նկատմամբ։ «Ռոսատոմն» արդեն իրանական կողմին փոխանցել է փոքր ատոմակայանների կառուցման վերաբերյալ համապատասխան միջկառավարական համաձայնագրի նախագիծը։
Լիխաչովը վստահություն է հայտնել, որ Իրանը կշարունակի զարգացնել ատոմային էներգետիկան, իսկ Ռուսաստանը ակտիվորեն կմասնակցի այդ նախագծերի իրականացմանը։
Sputnik Արմենիա
