«ՄԵՆՔ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՉ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ»

Միավորված 17 քաղաքական կուսակցությունների կազմակերպած բողոքի ցույցերը, որոնք հաջորդեցին Հայաստանի համար ողբերգական եռակողմ պայմանագրի հրապարակմանը, ինչը վերջ դրեց Արցախում ընթացող պատերազմին, շարունակում են բազմաթիվ հարցեր առաջացնել, հատկապես Հայաստանից դուրս։ «Իսկ ի՞նչ են նրանք ուզում. շարունակե՞լ պատերազմը։ Եվ ո՞ւմ դեմ են, ըստ էության, պատրաստվում պատերազմել. ռուս խաղաղապահների՞...»։

Իրավիճակը մեկնաբանում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆԸ։

-Այսօր մենք ունենք այդ պայմանագիրը. ըստ էության, դա նվաստացուցիչ կապիտուլյացիա է: Բայց դա եղելություն է, որի հետ մենք չենք կարող հաշվի չնստել։ Եվ Հայաստանում ձևավորվել է կոնսենսուս մինուս մեկը։ Բոլոր քաղաքական ուժերը, բացի «Իմ քայլը» կուսակցությունից, այն էլ, ինչպես մենք տեսանք երեկ, որոշ պատգամավորներ արդեն սկսել են հրաժարվել դրանից. մնացած բոլորը համարում են, որ սա խայտառակ պայմանագիր է։ Համապատասխանաբար, մեր ազգային շահերին դավաճանած իշխանությունից անհապաղ ազատվելը ազգային անվտանգության հարց է։

Մյուս կողմից, հիմա խոսքը երկրորդ փուլի մասին է, այդ պայմանագրի իրականացման մասին, ինչը նույնպես պահանջում է դիվանագիտական ռեսուրս, բանակցային գործընթաց։ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ բանակցություններ վարել և պաշտպանել երկրի շահերը։ Մենք ամենևին պատերազմի կոչ չենք անում, չենք ձգտում նոր փորձության առջև կանգնեցնել մեր ժողովրդին։ Եվ մենք դեմ չենք ռուսական խաղաղապահ առաքելությանը։ Ընդհակառա՛կը։ Մենք պնդում ենք, որ չէինք ունենա այս ծանրագույն կորուստները, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանար արժանավայել հարաբերություններ պահպանել մեր հիմնական ռազմաքաղաքական գործընկեր Ռուսաստանի հետ։ Ավաղ, քաղաքական գործչի նրա կարողություններն ու մարդկային հատկանիշները ճակատագրական գտնվեցին մեր երկրի համար։ Եվ այսօր փորձում են երեսպաշտորեն շահարկել, իրենց սիրելի բոլոր տեխնոլոգիաների կիրառմամբ պիտակներ փակցնել մեզ վրա, թե իբր՝ իշխանության են փորձում գալ հակառուսական տրամադրված քաղաքական ուժեր, որոնք հանդես են գալիս խաղաղապահների դեմ։ Դա սուտ է և քարոզչական հնարք։ Եթե այսօր Հայաստանում դե ֆակտո չկա քաղաքական իշխանություն, ապա երկուսուկես տարի շարունակ հենց նրա քաղաքական իշխանությունն է եղել հակառուսական տրամադրված։ Հենց երկրում առանցքային պաշտոններ զբաղեցնող մարդիկ են «աչքի ընկել» նման տրամադրություններ սերմանելով։ Ուզում եմ՝ ինձ ճիշտ հասկանաք։ Մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը թե՛ Մինսկի խմբի, թե՛ Եվրոպական Միության հետ, շարունակելու ենք ձգտել նորմալ, քաղաքակիրթ հարաբերություններ պահպանել մեր հարևանների հետ՝ ի նպաստ մեր պետության։ Բայց չհասկանալ ու չգնահատել Ռուսաստանի Դաշնության չափազանց բարձր դերը՝ որպես մեր ռազմավարական գործընկերոջ, պարզապես անհնար է։

Այսօր Հայաստանում կա, ավելի ճիշտ՝ եղել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը, որը երկուսուկես տարի շարունակ ուղղորդել է երկրի ներքին և արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը, և ուղղորդել է լոկ դեպի մեծ ձախողում։ Թե՛ Դաշնակցությունը, թե՛ բոլոր քաղաքական ուժերը, որոնց հետ մենք այսօր միավորվել ենք, բազմիցս արձանագրել են, որ Փաշինյանը շարժվում է պարտության տանող ճանապարհով։ Արտաքին քաղաքականության առումով երկիրը հայտնվել է մեկուսացման մեջ։ Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, նա անկարող գտնվեց երկու տարվա ընթացքում ինչ-որ լուրջ հարցեր լուծել, գոնե ինչ-որ բան բարեփոխել, իրականացնել թեկուզ մեկ քաղաքական ծրագիր։ Իսկ չէ՞ որ հենց այդպիսի խոստումներով նա եկավ իշխանության... Թեև, ըստ էության, ոչ մի խոստում չի տվել։ Փաշինյանը եկավ բացառապես ատելության էներգիայի ալիքով, փաստացի ոչինչ երկրի համար չարեց, բայց հաջողությամբ, նախապես մտածված ծրագրով, պառակտեց հասարակությանը, անհաշտ պայքար սկսեց բոլոր այն արժեքների դեմ, որոնք կոչված են բարձր պահել մեր ազգային ոգին. այն է՝ մեր եկեղեցու, մշակույթի, դպրոցի և այլն։

Նա բառացիորեն հարձակվեց բանակի վրա, վարկաբեկեց դրա ղեկավարությանը, է՛լ ավելի խորացրեց խնդիրները դրա ամրապնդման ու մարտունակության գործում, բառացիորեն զրպարտեց ու խայտառակեց մարտական գեներալներին։ Մենք հիշում ենք, թե ինչպես էին ինքն ու իր կինը պատերազմի սպառնալիքի տակ ապրող երկրի համար անթույլատրելի դիսկուրսներով («թեյախմություն Շուշիում», զարդեր և այլն) պարզապես թլսորում մարդկանց գլուխը։ Մի խոսքով, նա պառակտեց երկիրը, բթացրեց ազգային իմունիտետը, ոտնահարեց այն։

Մենք պատրաստ չէինք պատերազմի, պարզվեց, որ չէինք։ Եվ այսօր նա ամենաստոր կերպով փորձում է բարդել կատարվածի մեղքը զոհված հայ զինվորի կամ այն մարդկանց վրա, որոնք պատրաստ էին զենքը ձեռքին պաշտպանել Հայրենիքը։ Նա անկարող եղավ աշխարհազոր կազմակերպել, իսկ գուցե չարեց դա ծրագրված ու միտումնավոր։ Քանի որ չէր կարելի նստել սեփական բունկերում ու այնտեղից կոչ անել, թե ով ինչ պետք է հագնի ու գնա պատերազմ։ Մի խոսքով, այսօր մենք ունենք ամեն ինչ տանուլ տված վարչապետ, ամեն ինչ տանուլ տված քաղաքական իշխանություն, և սեփական պարտությունների շարանը է՛լ ավելի չբազմապատկելու, արդեն առկա ծանրագույն խնդիրների խորացումից խուսափելու համար մենք ասում ենք. այս իշխանությունը պետք է անհապաղ վայր դնի իր բոլոր լիազորությունները։

Մեր նախաձեռնությունը ազգային անհամաձայնություն է նույն այդ ազգային շահերին դավաճանած քաղաքական իշխանության հետ։ Եվ մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում ցնցումների տանել ժողովրդին։ Մենք Փաշինյանին առաջարկել ենք հանդիպել ու քննարկել իր հեռանալու, իշխանության սահուն տարանցման ուղիները։ Եվ ոչ ոք չի պատրաստվում նրան հետապնդել։ Բայց մենք ունենք մեր, ասենք այսպես, ճանապարհային քարտեզը, որի սևեռակետում մեր պետականությունն է ։ Չի կարելի թույլ տալ, որ մեր Հայրենիքի կրած կորուստը հետագայում սպառնալիք դառնա արդեն բուն Հայաստանի Հանրապետության համար։ Կամքից ու նպատակներից զուրկ, իսկ գուցեև ուրիշի ցուցումով ու հատուկ ծրագրով որոշակի նպատակներ իրականացնող այս իշխանությունը սպառել է իր բոլոր ռեսուրսները. քաղաքական ու բարոյական։ Եվ մենք հայտարարել ենք Փրկության կոմիտեի ստեղծման մասին, որովհետև այս արկածախնդիրներից, իսկ առավել հավանական է՝ վարձկաններից իսկապես պետք է փրկել երկիրն ու հայոց պետականությունը։

Основная тема:
Теги: