«ՆԻԿՈԼՆ ՈՒԶՈՒՄ Է ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՌԱԲԼՈՒՐԸ». Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
«Դու մեզ ողջ ես պետք»
«Որևէ մեկին ձեռնտու չէ քեզ սպանելը, դու մեզ ողջ ես պետք։ Մենք պիտի քեզ փայփայենք, որպեսզի ձեր այդ ագենտուրայի ողջ ցանցը կարողանանք բացահայտել, որովհետև դուք ցանց եք։
Մենք պետք է բացահայտենք ամբողջ ցանցը, քո մահը ձեռնտու է միայն նրան, ով քեզ իշխանության բերեց, դու մեզ ողջ ես պետք, ժողովուրդը պետք է լսի, թե ինչ եք երգում, ում ագենտուրան քեզ իշխանության բերեց»,- հայտարարեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
Նրա խոսքերով՝ երկիրն այնպիսի վիճակի են հասցրել, որ այսօր էլիտա են համարվում Արման Բաբաջանյանն ու Դանիել Իոննիսյանը։ Շիրինյանը դիմեց նաև Սպարապետի եղբորը՝ Արամ Սարգսյանին, նրան անվանելով «ոչնչություն» այն բանի համար, որ պաշտպանում է դավաճան վարչապետին։ «Մեզ միասնություն է պետք, բայց ոչ ազգադավ Նիկոլի շուրջ։ Հերի՛ք է վախեցնես նախկիններով»,- ընդգծեց գնդապետը, որին կասկածում են Փաշինյանի դեմ մահափորձի կազմակերպման մեջ։ Հանգստյան օրերն անցան ընդդիմության հետապնդումների նշանի ներքո՝ վարչապետի դեմ մահափորձ կազմակերպման և իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով։ Այդ մեղադրանքներն իշխանության կողմից օգտագործվում են որպես քաղաքական տոտալ բռնաճնշումների առիթ, որոնք արդեն շոշափել են ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական գործիչներին։
«Նրան նույնիսկ իր շունը չի հարգում…»
Գնդապետ Աշոտ Մինասյանը մասնակցել է Արցախի ազատագրման ու անկախության բոլոր պատերազմներին: Առաջին ազատամարտի տարիներին նա եղել է լեգենդար «Սիսական» ջոկատի հրամանատարը, մասնակցել Վանք-Նարեշտար-Լաչին-Քելբաջար ճանապարհի համար մղված դաժան մարտերին։
Գնդապետ Մինասյանի անունը երկար տարիներ հայտնի էր միայն նեղ շրջանակներում, նա միշտ աչքի է ընկել համեստությամբ և, ի տարբերություն որոշ դաշտային հրամանատարների, երբեք չի ձգտել քաղաքականություն, փոխարենը՝ առաջինն է մեկնել մարտական գործողությունների ամենավտանգավոր հատվածներ: Զինվորները նրան Աշոտ Երկաթ են կոչում։
2016 թվականից գնդապետի կողքին կռվել են նրա որդիները։ Զինվորները հավատում էին Մինասյանին. ամենադժվար ու վտանգավոր մարտական առաջադրանքներին հրամանատարն առաջին հերթին ուղարկում էր ոչ թե ուրիշի, այլ իր որդիներին։ Սեպտեմբերի 28-ին Մինասյանն արդեն առաջնագծում էր որդու՝ Տարոնի հետ։ Կիրակի օրը՝ նոյեմբերի 15-ին, Շենգավիթ վարչական շրջանի դատարանը քննեց գնդապետի ձերբակալության իրաչափության հարցը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի դեմ մահափորձի և իշխանության յուրացմանւ փորձի մտացածին մեղադրանքով։ Դատարանի դիմաց հավաքվել էին Մինասյանի մարտական ընկերները, նրանք վանկարկում էին՝ «Նիկոլ՝ դավաճան»։ Ներկաներից մեկն ասաց, որ Նիկոլը չի վայելում ժողովրդի աջակցությունը, «նրան նույնիսկ իր շունը չի հարգում…»։
Գնդապետ Մինասյանը՝ քաղբանտարկյալ
Հավաքվածները վրդովված էին, որ դասալիք ու դավաճան վարչապետը դատում է Արցախի երեք ազատամարտերի հերոսին։ Հավաքվածներից մեկը կարծիք հայտնեց, որ Նիկոլը մահու չափ վախենում է արցախյան բոլոր պատերազմների մասնակիցներից, ավելի ճիշտ՝ վախենում է ոչ թե նրանցից, այլ դավաճանության դիմաց հատուցումից։
Խոսելով այդ վախի մասին, հավաքվածներից մեկը կարծիք հայտնեց, որ «Նիկոլն ուզում է ձերբակալել Եռաբլուրը», այն վայրը, որտեղ հանգչում են մարտիկներն ու հրամանատարները՝ Արցախի ազատամարտի հերոսները։ «Հենց նրանք են վրեժ լուծելու Նիկոլից, և նա ոչ մի տեղ չի փախչի այդ վրեժից»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը դատարանի շենքի մոտ, որտեղ այդ ժամանակ որոշվում էր Մինասյանի ճակատագիրը, իսկ գնդապետի որդին կարծիք հայտնեց, որ հորը ներկայացված մեղադրանքները Արցախի ազատագրման գործում իրենց լուման ներդրած զինվորականների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող հալածանքի քաղաքականության շարունակությունն են: Դատարանը Մինասյանի կալանավորման իրավաչափության որոշում կայացրեց։ Այն մասին, որ գնդապետը քաղբանտարկյալ է, այս օրերին խոսել են իրավապաշտպանները, քաղաքական ու հասարակական գործիչները…
Նույն օրը դատարանը ազատ արձակեց «Ադեկվադ» կազմակերպության առաջնորդներից մեկին՝ Արթուր Դանիելյանին և որոշում կայացրեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի վերաբերյալ: Կիրակի երեկոյան նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ «Արդարություն դեռ այս երկրում կա, և այն այսօր հաղթեց։ Իմ կյանքում ոչ մի հանցանք չեմ գործել` ո՛չ այս փուլում, ո՛չ առհասարակ։ Ես մշտապես հանդես եմ եկել Սահմանդրությունը և օրինականությունը պահելու կոչով, սակայն այս իշխանությունները, որոնք խախտելով Սահմանդրությունը՝ մեր մեջքի հետևում ստորագրեցին այս խայտառակ պայմանագիրը, փորձում են հեռացնել ինձ քաղաքական գործընթացներից, որպեսզի ավարտին հասցնեն իրենց զազրելի ծրագիրը, բայց մենք պայքարելու ենք», - հայտարարեց գեներալը։ Որպես նրա մեղքի միակ ապացույց՝ իշխանությունը հասարակությանը ներկայացրեց կոպտորեն կցմցած սարքովի ձայնագրություն։ Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարել է այդ խոսակցության մասնակիցների միջև առերեսում անցկացնելու անհրաժեշտության մասին:
Վարչապետը զինված ավազակախմբեր է քսի տվել ընդդիմության վրա
Անցած հանգստյան օրերին մայրաքաղաքում համառ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ընդդիմության դեմ քսի է տվել պատժիչների զինված ավազակախմբեր, որոնք ճնշում են գործադրում ու ահաբեկում պատգամավորներին և արտախորհրդարանական գործիչներին:
Այդ խմբերը «Հեղափոխության պահապաններ» անվանումով հայտնի նախաձեռնության տրամաբանական շարունակությունն են։ Սպառնալիքներով հեռախոսազանգեր են ստացել և շարունակում ստանալ ԲՀԿ խմբակցության պատգամավորները։ Գագիկ Ծառուկյանն այդ կապակցությամբ դիմել է ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Լուրեր են շրջում, որ զինված ավազակախմբերի ձևավորման գործին առնչություն ունի խոշոր գործարար և Նիկոլի հովանավոր Խաչատուր Սուքիասյանը։ «Զանգեր ենք ստանում՝ մեզ ու մեր ընտանիքներին մեր իսկ տներում մորթելու սպառնալիքներով»,- անցած կիրակի լրագրողներին հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Այն մասին, որ իրեն հաշվեհարդարով են սպառնում փակ հեռախոսահամարից, հայտնել է նաև երկրի նախկին գլխավոր ոստիկան գեներալ Վալերի Օսիպյանը, որն օրերս լրագրողներին հաղորդեց, որ լինելով ոստիկանապետի պաշտոնում՝ ապօրինի հրամաններ է ստացել Փաշինյանից, սակայն հրաժարվել է դրանք կատարել: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ իրեն դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը, որն ավելի վաղ հանդես է եկել վարչապետին հասցեագրված քննադատությամբ: Պատգամավորը օմբուդսմենին պատմել է, որ իր (պատգամավորի) կյանքին վտանգ է սպառնում։ Քաղաքում համառ լուրեր են պտտվում, որ զինված ավազակախմբերն առնչություն ունեն Գառնիկ Պետրոսյանի սպանությանը։ Երիտասարդի դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ, ոստիկանությունն անմիջապես առաջադրել է բավական կասկածելի վարկածն ինքնասպանության մասին։
Գառնիկը մեկն էր նրանցից, ովքեր առաջինն էին ներխուժել խորհրդարանի շենք՝ բողոքելով կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրման դեմ։ Նոյեմբերի 10-ին բոլոր ԶԼՄ-ներում հրապարակվեց նրա լուսանկարը խորհրդարանի նախագահությունում՝ ազգային դրոշն ուսերին։ Նույն օրը վարչապետը ժողովրդին հղված իր (ոչ այնքան սթափ) ուղերձում բազմիցս արտասանեց «վրեժ» բառը՝ կոչ անելով վրեժ լուծել խոսնակ Արարատ Միրզոյանին ծեծողներից։ Բացառված չէ, որ Գառնիկի մահը նրանց խղճի վրա է, ովքեր որոշել են հետևել Նիկոլի կոչին։ Հանրային հեռուստաընկերության եթերում նման ենթադրություն է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Այս օրերին խուզարկության են ենթարկվել նախկին փոխոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի և գնդապետ Շիրինյանի բնակարանները։ Փաշինյանը նպատակաուղղված կերպով երկրում արմատավորում է վախի և տոտալ բռնաճնշումների մթնոլորտ՝ փորձելով մարել կապիտուլյացիայի և Արցախի Հանրապետության տարածքի 80%-ը թշնամուն հանձնելու հետ կապված զանգվածային ընդվզումների ալիքը։