ՉՈՐՍ ՀԱՐՎԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍՏՈԾԱՆՈՒՆ

Այն, որ վարչապետը մեծ ստախոս է, որը ոգեշնչված ստում է ամեն մանր ու խոշոր առիթով, ապացուցված է վաղուց և փաստերով։ Ժամանակին #սուտՆիկոլ հեշթեգը ամենատարածվածներից մեկն էր սոցցանցերի հայաստանյան մասնահատվածում։ Երեկ՝ նոյեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ գերազանցեց ինքն իրեն ստախոսության մեջ՝ անելով միանգամից մի քանի ստահոդ աղմկահարույց հայտարարություն։ Բայց այս անգամ ստացավ կոշտ պատասխան, այդ թվում՝ իր իսկ կառավարության անդամներից, ինչպես նաև երկրի աստիճանակարգում չորրորդ պաշտոնյայից։ Արդեն օրվա վերջում չորրորդ հարվածը նրան հասցրեց Հայաստանի նախագահը, պարզ ու հստակ արտահայտելով երկրի հասարակության գերակշիռ մասի կարծիքը։

Սկզբում Փաշինյանը որոշեց մեղադրել նրանց, ովքեր, իբր՝ չեն դատապարտել նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենք ներխուժած և այնտեղ անկարգություններ կազմակերպած մարդկանց։ Սա ասում է նա, ով Արցախը հանձնելուց 2 օր անց հրապարակավ հայտարարեց, թե իրենից գողացել են օծանելիքն ու վարորդական իրավունքի վկայականը։ Այժմ նա ու իր համախոհները մշտապես շրջանառում են կառավարությանը հասցված վնասի և կոտրած բազրիքների թեման՝ փորձելով շեղել հասարակայնության ուշադրությունը իրենց կատարած հանցագործությունից։ Այսինքն այդ մարդիկ անկարող են հասկանալ, թե ինչ է Հայրենիքի կորուստը, և համարում են, որ ջարդած բազրիքն ու գողացված օծանելիքը ոչ պակաս կարևոր են։ Երկրորդը, դատելով ամենից, նրանց համար նույնիսկ ավելի կարևոր է։

Վերադառնանք, սակայն Փաշինյանին։ Նախևառաջ նշենք, որ բազմաթիվ օգտատերեր ու հայտնի գործիչներ անկարգություններից անմիջապես հետո դատապարտել են տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ բռնությունը չի կարող խնդիրների լուծման միջոց լինել և պետք է ամեն կերպ խուսափել բռնի գործողությունների անդունդը գլորվելուց։ Ֆեյսբուքն ու մամուլը սովորաբար մանրակրկիտ վերահսկող Փաշինյանի ենթակաները, հավանաբար, «մոռացել» են հայտնել նրան այդ մասին։ Իսկ ինքը՝ վարչապետը, որն ազգի համար այսքան լարված շրջանում ժամանակ է գտնում սոցցանցերում բազմաթիվ տեսանյութեր դիտելու համար, «չի նկատել» Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը։ Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլն այս անգամ էլ պարզապես ստեց։

Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Փաշինյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Եվ հիշեցրեց, որ նույն գիշերը, երբ իրադարձությունները դեռ եռում էին, ինքը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով կատարվածը և նշելով, որ հասարակության համար գլխավոր հրամայականը բռնության ցանկացած գործողության, նույնիսկ կոչի ու հնարավորության բացառումն է։ Սա հիմնավորված, հստակ և ուժեղ առաջին ապտակն էր Նիկոլ Փաշինյանին՝ «ՍուտՆիկոլին»։

Դրանից մի քանի ժամ անց Փաշինյանը դարձյալ անցավ ամեն չափ ու սահման՝ ապացուցելով, որ ընդունակ է բացարձակապես ամեն ինչի։ Նա հայտարարեց, թե հնարավոր էր կանխել պատերազմը՝ հանձնելով 7 շրջանները, այդ թվում՝ Շուշին։ Եվ կրկին՝ սուտ, այն էլ ինչպիսի՜։ Սա արդեն ֆեյսբուքյան գրառումների մակարդակ չէ. այս անգամ պետության ղեկավարի (!!) սուտը վերաբերում էր միջազգային մակարդակի բազմաթիվ պաշտոնական հայտարարությունների ու փաստաթղթերի: Այսինքն պետության արտաքին քաղաքականության համար պատասխանատու մարդը և Հայաստանի երկու բանակցողներից մեկը հերթական անգամ հրապարակավ, բացահայտ ու միտումնավոր ստեց։

Փորձագետներն արձագանքեցին անմիջապես՝ հայտարարելով, որ Շուշիի հանձնման հարցը բանակցությունների օրակարգում երբեք չի եղել։ ՀՀ ԱԳՆ-ը՝ ի դեմս մամլո քարտուղար Աննա Նաղդալյանի, հերքեց վարչապետի խոսքերը։ «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»,- գրեց Նաղդալյանը: Դրանից անմիջապես հետո Զոհրաբ Մնացականյանը փրկեց պրոֆեսիոնալի իր դեմքը, հայտարարելով հրաժարականի մասին։ Նախարարն ընդ որում արեց դա նախքան իրեն պաշտոնանկ անելը, պահպանելով առնվազն սեփական արժանապատվությունը, քանզի Փաշինյանը հայտարարել էր նրան պաշտոնից ազատելու մտադրության մասին։

Այսպիսով, մեկ օրվա մեջ երկրորդ անգամ Փաշինյանին մերկացրեցին ստի մեջ, և դա արեց կառավարական կառույցը։

Այնուհետ աչքի ընկավ Նիկոլի հավատարիմ վեցնոցը, որը հավասար է նրան իր ողորմելիության, անգրագիտության, ստորություն ու երեսպաշտության աստիճանով։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար, Տեր-Պետրոսյանի օրոք աղետի գոտու համար ստացված օգնությունը թալանած մաուզերիստ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե «այսօր Հայաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա»: Եվ այդ մարդուն ժամանակին նշանակել է նախարար Դավիթ Տոնոյանը, հավելեց պատգամավորը, որին, ամենայն հավանականությամբ, ապագա կադրային փոփոխությունների արդյունքներով խոստացել են պաշտպանության նախարարի պաշտոնը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Քոչարյանը մի խումբ բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ պահանջել է նրանց պաշտոնաթողությունը, ասելով, թե պաշտպանության նախարարը չի կարող նրանց պաշտպանել։

Այս անգամ չլռեց մեկ այլ կառավարական կառույց։ Պաշտպանության նախարարությունից հայտարարեցին, որ Քոչարյանը չի տիրապետում իրեն վստահված ոլորտին, և այդ հայտարարությունները դրա ավելորդ հաստատումն են: «Ըստ էության՝ պաշտոնյան, որը պետք է առնվազն քաջատեղյակ լինի երկրի պաշտպանության հետ կապված կարևորագույն խնդիրներին, չի տիրապետում նույնիսկ պաշտպանական գերատեսչությանը վերաբերող տարրական գիտելիքների։ Տեղեկացնենք պարոն Քոչարյանին, որ Հայաստանի Հանրապետության ՊՆ կառուցվածքում գոյություն չունեն «ռազմաօդային ուժեր»։ Փոխարենը գոյություն ունի «ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչություն», որի ղեկավարը գնդապետ Գագիկ Ասլանյանն է», - հայտարարեց ՊՆ մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Լուսավորելով Քոչարյանին այն մասով, որ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե նախարարը, այլ նախագահը՝ վարչապետի միջնորդությամբ, նա հավելեց. «Պարոն Քոչարյանին նաև տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը ոչ միայն «թռնում է», այլև առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում չորս, այդ թվում՝ նաև ՍՈՒ 30-ՍՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ և իրավամբ համարվում է իր ոլորտի բարձրագույն պրոֆեսիոնալ»:

Այսպիսով, երրորդ անգամ իշխանությունները, ի դեմս իրենց ամենահավատարիմ համակիրներից մեկի, ստացան համոզիչ պատասխան. սո՛ւտ է։ Այն, որ Քոչարյանը մի քայլ անգամ չի անում առանց Փաշինյանի թույլտվության և հրահանգի, որևէ կասկածից վեր է։ Առավել ևս՝ Դավիթ Տոնոյանի դեմ բացահայտ «վրաերթի» պարագայում։

Վերջապես, չորրորդ հարվածը վարչապետին հասցրեց երկրի նախագահը։ Ուշ երեկոյան նա հանդես եկավ խոստացած հայտարարությամբ, որում հստակ արձանագրվում է, որ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը պահանջում է վարչապետի հրաժարական և Ազգային համաձայնության կառավարության ձևավորում։ Ընդ որում նախագահը խոսում է բնավ ոչ անձնական կարծիքի, այլ այն համոզմունքի մասին, որը ձևավորվել է իր մոտ քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում։

«Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք են մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:(…)… միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը»,- ասված է նախագահի հայտարարության մեջ:

Առավոտյան իշխանությունները կրկին ձեվացրեցին, թե ոչինչ չի պատահել՝ անտեսելով և՛ երկրի առաջին դեմքի բացահայտ ստերը, և՛ ԱԳՆ-ի, ՊՆ-ի և նախագահի հայտարարությունները։ Ինչպես նաև այն գլխավոր փաստը, որ այսօր երկրում չի մնացել մի քաղաքական ուժ, որը սատարում է վարչապետին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և «Իմ քայլը» խմբակցությանը։ Գումարած՝ մի քանի հազար զոմբիացված քաղաքացիներին, որոնք հիպնոսացված վիճակից դուրս չեն գա նույնիսկ այն պահին, երբ թուրքերը ներխուժեն իրենց տուն, և նույնիսկ այդ ժամանակ կխոսեն Փաշինյանի հանդեպ իրենց անմար սիրո մասին։

Երեկվա օրը ցույց տվեց ոչ միայն այն, որ իշխանության կառույցներում առկա է իրավիճակի ողջ լրջության և այն փաստի ըմբռնումը, որ իշխանության ղեկին անհավասարակշիռ, ապիկար ու անպատասխանատու անձի ու իր թիմի հետագա ներկայությունը հղի է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի կորստով։ Այն անձի, որը լկտիաբար ստել է 2018-ի ապրիլից ի վեր և շարունակում է ստել նույնիսկ հիմա, երկրի համար այսպիսի ճակատագրական պահին։ Քանզի այլ կերպ նա չի կարող։ Քանզի հակառակ դեպքում նա ստիպված կլինի հրաժարվել իշխանությունից, այսինքն՝ նրանից, հանուն ինչի պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ եթե վաղը պետք լինի հանձնել թուրքերին նաև բուն Հայաստանն ու դառնալ վիլայեթի նահանգապետ։