ԻՆՉՈՒ ԸՆԿԱՎ ՇՈՒՇԻՆ. ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Վլադիմիր Պուտինի հարցազրույցին կանդրադառնանք բազմիցս։ Եվ դա հասկանալի է. եթե Ռուսաստանի նախագահը բավական մեծ հարցազրույց է տալիս՝ նվիրված բացառապես մեկ խնդրի, Լեռնային Ղարաբաղին, դա ինքնին շատ բանի մասին է վկայում։ Բայց Պուտինի բոլոր մեսիջները չենք լցնի մեկ կույտի մեջ, առայժմ խոսենք մի քանիսի մասին։

Խոսքն առաջին հերթին վերաբերում է նրան, որ հրադադարի և խաղաղապահների տեղակայման մասին պայմանավորվածությունը կարելի էր կնքել դեռևս հոկտեմբերի 19-20-ին: Գրեթե նույն պայմաններով, որով այն կնքվեց նոյեմբերի 9-ին։ Գրեթե... Կարևոր տարբերությունն այն է, որ Շուշին մնալու էր հայկական կողմի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության տակ։ Այն պայմանով, որ ադրբեջանցի փախստականներն այնտեղ վերադառնալու իրավունք ստանային։

Ինչպես ասում է Պուտինը, ի զարմանս իրեն՝ Փաշինյանը մերժեց այդ առաջարկը, հայտարարելով, թե սպառնալիք է տեսնում դրա մեջ…Պուտինը տարակուսանք է հայտնում, թե որն էր սպառնալիքը, եթե խոսքը քաղաքացիական անձանց վերադարձի մասին էր, ընդ որում շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման հարցն արդեն համաձայնեցված էր: Այսինքն ինչպեսև հիմա, ռուսական կողմը պայմանավորվածությունների կատարման երաշխավորն էր... Սակայն Փաշինյանը նախընտրեց պատերազմը և դրանով իսկ, փաստորեն, ամենաուղղակի պատասխանատվություն է կրում ոչ միայն Շուշին հանձնելու, այլև նոր հազարավոր զոհերի համար։

Պուտինը, ինչպես արդեն ասացինք, տարակուսած է, թե որն էր այն սպառնալիքը, որի մասին խոսում էր Փաշինյանը և որն ի չիք դարձրեց հրադադարի համար ռուսական կողմի գործադրած ջանքերը. ջանքեր, որ ձեռնարկվել էին Մնացականյանի և Բայրամովի միջև հոկտեմբերի 17-ին կնքված հերթական պայմանավորվածությունների իրականացման համար։ Ո՞րն էր Փաշինյանի տեսած սպառնալիքը։

Այդ սպառնալիքը վերաբերում էր բնավ ոչ Արցախին։ Եվ ոչ էլ բանակին, քանի որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ դեռ հոկտեմբերի 3-4-ին Անվտանգության խորհրդի նիստում զգուշացրել է, որ պետք է դադարեցնել պատերազմը, քանի որ Արցախի համար դժվար է դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ ռեսուրսներին։ Այսինքն զինվորականները դեմ չէին, և պատասխանատու առաջնորդը հրադադարի կգնար դեռ այն ժամանակ։ Բայց…

Բանն այն է, որ Փաշինյանն այդ դեպքում սպառնալիք էր տեսնում իր իշխանության համար, իսկ դա որոշիչ էր իր համար։ Ինչպես միշտ։ Այդտեղ իսկապես կար սպառնալիք։ Եթե հիմա Փաշինյանի հրաժարականի պահանջն ու դավաճանության մեղադրանքներն ավելի ու ավելի ուժգին են հնչում, ապա հասկանալի է, թե ինչ պատկեր կլիներ հոկտեմբերի 20-ից հետո։ Բայց հենց դրանում էլ ամփոփված է իսկական առաջնորդի ծանր պարտականությունը. կայացնել ժողովրդականություն չվայելող որոշումներ, նույնիսկ սեփական հեղինակության հաշվին, եթե դա են պահանջում երկրիդ, ժողովրդիդ շահերը։

Բայց կարո՞ղ է արդյոք ոչ պոպուլյար որոշումներ կայացնել բացահայտ պոպուլիստը, որը պոպուլիզմից բացի ուրիշ ոչինչ չգիտի։ Եվ Փաշինյանը Պուտինին ասում է, թե սպառնալիք է տեսնում ադրբեջանցի փախստականների Շուշի վերադառնալու կետում... Իսկ ավելի ուշ կասի՝ մեզ պե՞տք է Շուշին, այդ դժգույն քաղաքը։ Ի՞նչ կարելի է այստեղ ասել։ Ամեն ինչ միանշանակ է. մենք արժանացել ենք նման առաջնորդի, հատուցում ենք դրա դիմաց, դրա համար պատասխան ենք տալու գալիք սերունդներին։

Իր մեծ հարցազրույցում Պուտինը կասի, թե Փաշինյանը դավաճան չէ։ Դա խանդավառություն առաջացրեց «քայլողների» շարքերում... Զուր եք ուրախանում։ Նեղ իմաստով՝ գուցեև Նիկոլը դավաճան չէ։ Այն իմաստով, որ այո, նա գաղտնի չի ծախել Շուշին։ Բայց երբ ընդդիմությունը խոսում է Փաշինյանի դավաճանության մասին, նա շատ ավելի լայն իմաստ է դնում այդ բառի մեջ։

Խոսքն այն մասին է, որ գրեթե երեք տարի շարունակ Փաշինյանը վարել է քաղաքականություն, որը հանգեցրեց այսօրվա արդյունքներին. քաղաքականություն, ուղղված միայն իր հավակնությունների բավարարմանը, բացառապես պոպուլիստական քայլերի և հայտարարությունների քաղաքականություն, որն էլ հանգեցրեց այսօրվա իրավիճակին, քաղաքականություն, որը ոգեշնչեց Ադրբեջանին պատերազմի, և այդ իմաստով, այո՛, Փաշինյանը իր երկրի և իր ժողովրդի ազգային շահերի դավաճանն է։ Եվ դա Պուտինը չի ժխտում, երբ խոսում է այն մասին, որ պատերազմական գործողությունների վտանգի տակ գտնվող երկրներում անթույլատրելի է հասարակության տարանջատմանն ուղղված քաղաքականության իրականացումը, դա լավ բանի չի բերի, և հետևանքները մենք տեսնում ենք Հայաստանի և Արցախի պարագայում։ Սա բնավ ես չեմ ասում, ոչ էլ ընդդիմությունը. սա ասում է Պուտինը։ Եվ դա արդեն հասկանում են բոլորը, նույնիսկ նախագահ Արմեն Սարգսյանը, որը Փաշինյանի իշխանավարման ողջ ընթացքում սատարել է նրան ինչպես կարողացել է։

Փաշինյանը պետք է հեռանա հանուն Հայաստանի և Արցախի շահերի։ Բայց նա թքած ունի այդ շահերի վրա։ Նա հասկանում է, որ եթե հիմա հեռանա և իրեն փոխարինի հեղինակավոր ու պայմանավորվելու և խնդիրներ լուծելու ունակ նոր առաջնորդ, որի համար պետության շահերն ավելի կարևոր են, քան սեփական հավակնությունները, ապա կարելի կլինի ինչ-որ բան փոխել, ինչ-որ բանի հասնել։ Բայց դա ձեռնտու չէ ոչ միայն Իլհամ Ալիևին, դա ձեռնտու չէ նաև Փաշինյանին, քանզի այդժամ նա է՛լ ավելի ողորմելի տեսք կունենա, ուստի նրան կարևոր է հանձնել այն ամենը, ինչ նշված է հայտնի հայտարարության մեջ և հեռանալ միայն հետո, երբ ինչ-որ բան շտկելն արդեն անհնար կլինի։

Նրա տարերքը խնդիրներ ստեղծելն է, այլ ոչ թե դրանք լուծելը, դրա համար էլ շարունակում է կառչել իշխանությունից։ Այսօր նա ներկայացրել է 15 կետ, որոնք մտադիր է իրականացնել և հաշվետու լինել հաջորդ տարվա հունիսին... Մեզ մոլորեցնել չի ստացվի. դրանք կետեր են այն մասին, ինչը դեռ պատրաստվում է տապալել, ինչպես այն ամենը, ինչով զբաղվել է նախկինում…

Основная тема:
Теги: