ՔԱՅԼՈՂՆԵՐԸ ԴԵՌ ՏԵՂ ՉԵՆ ՀԱՍԵԼ
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, նրանում մեր ունեցած անհաջողությունների, դրանից հետո ստեղծված վիճակի և այդ վիճակի մանրամասների մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Aysor.am-ը։ «Եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների և ծրագրերի մասին: Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին»։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. դժվար չէ ենթադրել, թե ինչ նպատակներ է հետապնդում ֆեյսբուքյան հերթական գրառումը: Այժմ, երկրում իրավիճակը կայունացնելու մտադրության մասին այս հայտարարությունից հետո, բոլոր նրանք, ովքեր հանդես կգան իշխանափոխության կոչերով, ինքնաբերաբար կդասվեն ապակայունացնողների շարքին։ Ասել է թե՝ ցուցաբերվել է կառուցողական մոտեցում, որը մերժել են «որոշակի» ուժեր։ Ընդհանուր առմամբ, այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Նման սխեմայով Փաշինյանը գործել է իշխանության գալու առաջին իսկ պահից։ Ավելին, ակնհայտ է, որ երկրում առկա վիճակի համար պատասխանատվության հարցն առանձնակի արդիականացավ Վլադիմիր Պուտինի հարցազրույցից հետո։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի կարծիքով. «Պատերազմող կամ, ինչպես դա մշտապես եղել է նախորդ տարիների ընթացքում՝ մարտական գործողությունների վերսկսման վտանգի տակ գտնվող երկիրը այնուամենայնիվ չի կարող իրեն թույլ տալ այնպես վարվել, այդ թվում՝ իշխանության կազմակերպման ոլորտում, որ ներսից պառակտի հասարակությանը։ Դա, կարծում եմ, բացարձակապես անթույլատրելի է, անարդյունավետ և վերին աստիճանի վտանգավոր»։ Բնականաբար, ՌԴ նախագահի այս խոսքերին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չէր կարող չարձագանքել։ Մանավանդ այն բանից հետո, երբ բոլորովին վերջերս ինքը կոչ արեց հաշվեհարդար տեսնել «վնգստացողների» նկատմամբ։
Իսկ ինչ վերաբերում է 15 կետից բաղկացած «ճանապարհային քարտեզին», ապա իմաստ չունի կանգ առնել բովանդակության վրա, խոսել այն մասին, որ երկրի հետպատերազմյան վերականգնման այդչափ լուրջ օրակարգը չի կարող ներկայացվել ոտքի վրա հորինված ֆեյսբուքյան ստատուսի տեսքով՝ առանց փորձագետների ներգրավման և տեղի ունեցածի խոր վերլուծության։ Այն, ինչը անվանում են Փաշինյանի «ճանապարհային քարտեզ», հետաքրքիր է միայն նրանով, որ հիշողության մեջ թարմացնում է նրա մեկ այլ «ճանապարհային քարտեզը», որը հանգեցրեց երկիրն աղետի։ Հիշո՞ւմ եք, հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ նրա 6 քայլերը։ Ո՞չ։ Հիշեցնեմ. «Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի): Քայլ 2. Ընտրել հրամանատար: Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ: Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում: Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ: Քայլ 6. Հաղթել»։
Հայ հասարակությունը կարծես թե շարժվեց այդ սխեմայով, արեց նշված 5 քայլերը, բայց վեցերորդ քայլ դարձավ ոչ թե հաղթանակը, այլ գահավիժումն անդունդ։ Հիմա նույն սխեմայով առաջարկվում է 15-քայլանոց տարբերակ... Խոստովանենք, փոքր-ինչ հուսադրում է միայն այն, որ դեռ գահավիժելու տեղ կա։ Որ ժողովուրդը դեռևս վերջնականապես բնաջնջված չէ, որ պետականության ավերակները դեռ հետաքրքրություն և վտանգ են ներկայացնում ոմն մեկի համար, որ դեռևս պետք է հերթական «ճանապարհային քարտեզը»՝ վերջնական անվերապահ կապիտուլյացիայի և կործանման համար։