Financial Times. ԷՐԴՈՂԱՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ԴՐԵԼ ԻՐ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ` ՏՈՒՐՔ ՏԱԼՈՎ ԲՌՆԱԿԱԼԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վտանգի տակ է դրել իր երկրի տնտեսությունը` տուրք տալով բռնակալի համախտանիշին, ինչով տառապում են երկար ժամանակ իրենց պաշտոնը պահող շատ ղեկավարներ, գրում է Դեվիդ Գարդները Financial Times-ում:
Էրդողանն իշխանության է եկել 2003-ին և մինչ նախագահ դառնալը երեք անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Երբ 2018-ին Էրդողանն իր փեսային` Բերաթ Ալբայրաքին, նշանակեց Ֆինանսների նախարարի պաշտոնում, նա արդեն երկար ժամանակ ապրում էր Անկարայի նեոօսմանյան պալատում` ստորաքարշներով շրջապատված:
Գարդների խոսքով` մինչ Ալբայրաքը, ով հանկարծակի հրաժարական տվեց նոյեմբերի 8-ին, օգնեց թունավորել նախագահի միտքը մրցակիցների դեմ և մեկուսացնել նրան քննադատությունից, Էրդողանն արդեն դիտավորյալ կերպով կտրվել էր տեղեկատվության ցանկացած ազատ հոսքից կամ դիմադրությունից:
Ալբայրաքը դրդեց Էրդողանին աշխատանքից հեռացնել Կենտրոնական բանկի մի քանի կառավարիչներին, և Թուրքիան երկու տարվա ընթացքում մոտ 140 միլիարդ դոլար արժութային պահուստներ «այրեց» լիրան պաշտպանելու անհաջող փորձերում:
Ըստ Գարդների, հաշվի առնելով արժույթի ռեկորդային ցածր մակարդակը, ոմանք կարծում են, որ Ֆինանսների նախարարությունում Ալբայրաքի նախորդ Նասի Աղբալն է համոզել Էրդողանին, որ սխալ վարվող քաղաքականությունը վտանգել է տնտեսությունը:
Ագբալն այժմ գլխավորում է կենտրոնական բանկը, իսկ Ֆինանսների նախարարն է Լյութֆի Էլվանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը, Արդարություն և զարգացում կուսակցության ինսադերն է և պլանավորման և բյուջեի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը:
Սակայն Էրդողանն ազատվել է գրեթե բոլորից, ով կարող էր իմանալ, թե ինչ լծակներ օգտագործել ներքին քաղաքականության համար, կարծում է Գարդները` մատնանշելով, որ նա հրաժարվել է ԱԶԿ-ի գրթեթ բոլոր համահիմնադիրներից, այդ թվում` նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլից, էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանից և նախկին Վարչապետ Ահմեդ Դավութօղլուից:
Զրկվելով աջակցության այդքան շատ շերտերից` Էրդողանը և նրա կուսակցությունը կախվածության մեջ ընկան ծայրահեղ աջ ազգայնական պոպուլիստներից: Գարդների խոսքով` մեր ժամանակների ամենահաջողված իշխող կուսակցություններից մեկը քայքայվում է, և դժվար թե իր տնտեսական թիմի արտակարգ վերագործարկումն Էրդողանի կողմից կանգնեցնի դա: