ՎԵՑ ԳՅՈՒՂԵՐԻ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՎԵԼ ԵՆ ՄԵԿ ՕՐ՝ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊՆԴՈՒՄՆԵՐՈՎ»

Սկզբում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Մարտակերտի շրջանի 6 գյուղերի բնակիչներն ահազանգ են ստացել տարհանման անհրաժեշտության մասին: Մոտ մեկ ժամ անց արդեն հաջորդեց Տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունը, որ Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Ակաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ գյուղերը նույնպես անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Վկայակոչելով պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները, ասվում էր նաև, թե այդ բնակավայրերը, ադրբեջանական կողմի պնդմամբ, գտնվում են Աղդամի շրջանում: Այդ գյուղերի ավելի քան 2000 բնակիչներին ժամանակ են տվել լքելու տարածքը մինչև նոյեմբերի 19-ը։ Այսինքն՝ ընդամենը մեկ օր։

Տեղեկատվության մեջ նշվում էր, որ միջոցներ են ձեռնարկվում գույքը դուրս բերելու և գյուղացիներին ժամանակավոր կացարանով ու անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու ուղղությամբ: Ընդ որում, նրանց մեջ կան նաև մարդիկ, որոնք հայրենի տուն են վերադարձել պատերազմի դադարից հետո՝ հետևելով Արցախի և Հայաստանի ղեկավարության կոչերին։ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը հաղորդեց, որ առայժմ անհասկանալի է, թե ինչպես է անցնելու սահմանը և որտեղ են տեղակայվելու խաղաղապահները: Բացի այդ, այս վեց գյուղերը գտնվում են Մարտակերտը Ստեփանակերտին և Մարտունիին կապող ճանապարհից ոչ հեռու, սակայն, ինչպես նշեց Բախշիյանը, ճանապարհի անվտանգության ապահովման հարցը քննարկումների փուլում է, և առայժմ հստակ ոչինչ ասել հնարավոր չէ:

Այսինքն միանգամայն հնարավոր է, որ ճանապարհը գտնվի ադրբեջանցիների վերահսկողության տակ, ինչը մեխանիկորեն նշանակում է, որ հայերի համար անհնար կլինի օգտվել դրանից։ Այն, որ դա միանգամայն հնարավոր է, ապացուցում է Տեղեկատվական շտաբի ձևակերպումը. «Նշված բնակավայրերը, ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում»: Ստացվում է, որ Տեղեկատվական շտաբը, այսինքն Արցախի իշխանություններն անվերապահորեն առաջնորդվում են ադրբեջանական կողմի պնդումներով, թեև Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման համաձայն՝ այդ գյուղերն ընդգրկված են Մարտակերտի շրջանում։ Թե՞ Արցախի ղեկավարությունն արդեն ենթարկվում է Բաքվի հրահանգներին։

Մի քանի ժամ անց՝ ուշ երեկոյան համացանցում սկսեցին գրել այն մասին, որ հարկավոր է օգնություն, մասնավորապես՝ բեռնատար մեքենաներ, բնակիչների ունեցվածքը դուրս բերելու համար։ Այդ մասին հայտնում էին հասարակ օգտատերերը, նշելով, որ շրջանի վարչակազմն անում է իրենից կախված ամեն ինչ, սակայն օգնության կարիք ունի: Թե ինչու պիտի վարչակազմին օգնեն մասնավոր անձինք, և որն է այդ դեպքում Արցախի և Հայաստանի իշխանությունների գործառույթը, մնաց անհասկանալի։ Նշենք, որ այդ նույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր հանրահավաք-շոուին՝ զինվորական համազգեստ հագած կեղծ «զինծառայողներով» շրջապատված, որոնք «հպարտ» սատարում էին Արցախի հանձնմանը և, իրենց կուռքի օրինակով՝ շարունակում փնովել հայ ժողովրդի մարգարիտը՝ Շուշին։

Panorama.am կայքը զրուցել է գյուղերից մեկի բնակիչների հետ։ Մասնավորապես, այս օրերին Արտաշատում գտնվող Էդգար Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ մեկնում է Արցախ՝ հասկանալու համար, թե ինչ է փոխվել «տուն վերադարձեք » և «արագ լքեք տները» կոչերի միջև ընկած ժամանակահատվածում։ Նրա խոսքերով, իրենց վստահեցրել են, որ կարելի է հանգիստ վերադառնալ, և գյուղերից մեկի բնակիչներն իսկապես վերադարձել են, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ «Նրանք տեղ են հասել, իսկ երեք ժամ անց զանգել են գյուղապետին ու ասել, որ գյուղը պետք է դատարկվի՝ Ադրբեջանին հանձնելու համար»։

На эвакуацию 6 сел дали один день

Նույն հրապարակման մեջ կայքը, հղում անելով բնակիչներին, հայտնում է, որ պետական կառույցներից ոչ մի օգնություն նրանք չեն ստանում, իսկ թեժ գծերի հեռախոսները չեն պատասխանում, կամ պարզապես չեն արձագանքում մարդկանց խնդրանքներին: Հովտաշենի գյուղապետ Հովիկ Շեկյանի վկայությամբ՝ ավելի վաղ իրենց ասել էին, որ գյուղը թշնամուն հանձնվող տարածքում չէ։ Հետո պարզվել է, որ տարհանման համար իրենք ունեն ընդամենը մեկ օր։ ՄԵ՛Կ ՕՐ։

Հիշեցնեմ, որ Քարվաճառի շրջանի տարհանման համար հատկացվեց 5 օր, և դա վերածվեց դրա բնակիչների իսկական ողբերգական գաղթի։ Իսկ վեց գյուղերի բնակիչներին, ուր արդեն սկսել էին վերադառնալ մարդիկ՝ անվտանգության մասին իշխանությունների հավաստիացումներից հետո, տվեցին ընդամենը 1 օր։ Կարո՞ղ են դա հասկանալ նրանք, ովքեր նստած են հարմարավետ աշխատասենյակներում և ապրում են բարեկեցիկ կյանքով, այդ թվում՝ կառավարական ամառանոցներում. հարցն այս, իհարկե, հռետորական է:

Ռազմական գործողությունների դադարեցմանը հաջորդած 10 օրերի ընթացքում Արցախում առևանգվել է մոտ 10 մարդ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ: Համացանցում տարածվում են նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի տեսանյութեր, որոնցից մեկը հրապարակել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը: Այժմ նաև արդեն վերադարձած բնակիչներն են շտապ կարգով տարհանվում։ Ինչպե՞ս այս պայմաններում հասկանալ վերադառնալու շարունակվող կոչերն ու անվտանգության հավաստիացումները Արցախի և Հայաստանի իշխանությունների կողմից։

Պետք է վերադառնալ, դա անվիճելի է։ Բայց միայն այն բանից հետո, երբ իսկապես կապահովվի մարդկանց առավելագույն անվտանգությունը նման պայմաններում։ Այն բանից հետո, երբ պարզ կլինի, թե որտեղով է անցնում սահմանը հանձնվող և պահպանվող տարածքների միջև։ Բայց եթե Արցախի իշխանություններն առաջնորդվեն բացառապես Բաքվի պնդումներով, ապա չի բացառվում, որ հայկական տարածք կարող է մնալ ընդհանրապես միայն Ստեփանակերտը։

Այս ամենը տեղի է ունենում հայկական երկու հանրապետությունների իշխանությունների փաստացի լռության խորապատկերին։ Առևանգվել են ՀՀ քաղաքացիներ, մարդասիրական կազմակերպության աշխատակիցներ, որոնք մեկնել են հայրենակիցներին օգնելու։ Նրանց մասին վերջին օրերին մի բառ անգամ չի ասվել Հայաստանի որևէ պաշտոնատար անձի կողմից։ Միայն Դավիթ Տոնոյանը, ընդ որում՝ մի քանի օր անց, հայտնեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի անհայտ կորածներով։ Թե կան արդյոք նրանց թվում քաղաքացիական անձինք, որոնք կորել են արդեն պատերազմի դադարեցումից հետո, անհասկանալի է։

Հայաստանի և Արցախի իշխանությունների անպատասխանատվության աստիճանը վաղուց հատել է հնարավոր ու անհնար բոլոր սահմանները։ Նոր Մարաղա գյուղում ապրում էին նաև Մարաղա գյուղի բնակիչներ, որոնք հրաշքով փրկվել էին 1992 թվականի ապրիլի 10-ի կոտորածից և կորցրել իրենց փոքր հայրենիքը: Այժմ նրանք կրկին դարձան փախստական, ընդ որում ստացան ընդամենը մեկ օր՝ ունեցվածքը դուրս բերելու համար։

Facebook-ի օգտատերերի կոչին արձագանքած հասարակ քաղաքացիների օգնության շնորհիվ բեռնատարների հարցը լուծել հաջողվեց։ Բայց որքա՞ն կարելի է լուծել խնդիրները հանրության ուժերով, երբ արցախցիներին օգնելու համար միլիոնավոր եվրոներ ու դոլարներ են հատկացվում արդեն նույնիսկ այն պետությունների կողմից, որոնց համար նախկինում այդ մարդիկ պարզապես գոյություն չունեին, որովհետև ապրում էին չճանաչված երկրում։

Ինչո՞ւ են որոշումներն ընդունվում հապճեպորեն, թեև վերաբերում են անցյալում տառապած և այսօր էլ տառապող մարդկանց ճակատագրին։ Մի՞թե անհնար է նախ հստակ պարզել բոլոր հարցերը և միայն դրանից հետո տարհանել նրանց։ Ինչո՞ւ Արցախի և Հայաստանի իշխանությունները չեն բարձրացնում այդ հարցերը ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավարության առջև։ Ինչո՞ւ են մարդկանց վերադարձնում փաստացի առանց անվտանգության երաշխիքների և հարաբերական կայունության։ Եվ ո՞վ է պատասխանատու արդեն իսկ տեղի ունեցած առևանգման դեպքերի, ինչպես նաև հետագայում անխուսափելի (դա կասկածից վեր է) է՛լ ավելի ողբերգական ու սարսափելի իրադարձությունների համար։

Արցախցիների նկատմամբ անպատասխանատու և անտարբեր վերաբերմունքի ցինիկ շքերթը շարունակվում է։ Եվ շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին են Նիկոլ Փաշինյանն ու իր կամակատարները Ստեփանակերտում, որոնց համար, դատելով ամենից, միակ օրենքը «ադրբեջանական կողմի պնդումներն» են։