«ՈՐՊԵՍԶԻ ԽՈՒՃԱՊ ՉԼԻՆԻ»
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը, բնականաբար, դեռ ծախսված չէ, իսկ մի մասը նվիրաբերվել է Հայաստանի կառավարությանը, խորհրդարանում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարական ժամի ընթացքում, հաղորդում է Aysor.am-ը։
«Ասեմ՝ ինչ նպատակով։ Այս իրավիճակում, մասնավորապես, սկզբնական ընթացքում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվությունը որոշելը կարևորագույն հարցն էր: Ըստ այդմ, առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը մենք որոշեցինք քննարկել միասին և իրականացնել՝ համագործակցելով»,- ասաց նա։ Մհեր Գրիգորյանը հաղորդեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առաջիկայում մանրամասն կներկայացնի ծախսային քաղաքականությունը:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ընդհանուր առմամբ գործ ունենք գործող թիմի հերթական խաբեության հետ։ Մի ամբողջ ամիս շարունակ ողջ հայությունը կարծում էր, թե օգնում է Արցախին կանգուն մնալ պատերազմի ընթացքում. հիմնադրամում կուտակվեց աննախադեպ գումար՝ մոտ 170 միլիոն դոլար, իսկ հիմա պարզվում է, որ այդ միջոցների մի մասն ընծայվել է կառավարությանը, որն այս ողջ ընթացքում պարզապես խաբել է բոլորիս, իսկ Արցախի մասով՝ ստորագրել դավաճանական կապիտուլյացիա։ Զուտ հուզական առումով կարելի է հասկանալ բոլոր նրանց, ովքեր ցնցված են այդ տեղեկատվությունից։ Բայց այ, եթե դատենք բացարձակ սթափ ու ռացիոնալ. իսկ ուրիշ ի՞նչ կարելի էր ակնկալել այդ մարդկանցից։ Հարցն այս, սակայն, հռետորական է։ Կարելի է չկասկածել, որ նման անակնկալներ դեռ շատ կլինեն։ Այլ բան է, թե ինչպե՞ս ապրել այսուհետ այս ամենի գիտակցումով։ Ինպե՞ս են ապրելու մարդիկ, երկիրը…
Հետկապիտուլյացիոն առաջին օրերին ի հայտ եկավ այն թեզը, թե 44 օր շարունակ մեզ խաբել են ՝ հասարակության մեջ խուճապից խուսափելու համար։ Այդ ստի գինը դարձան մեր մարտիկների հազարավոր կյանքերը, տարածքային հսկայական կորուստները, բանակի և հասարակության բարոյալքումը։ Ի լրումն այդ աղետի՝ այսօր մենք ունենք լիակատար և համատարած անվստահություն պետական ցանկացած ինստիտուտների նկատմամբ։ Եվ դա ոչ պակաս աղետալի է, քան հիշատակված կորուստները։
Հիմա ո՞վ կարող է հավատալ, ասենք, կորոնավիրուսի վերաբերյալ ներկայացվող իրավիճակին, վիճակագրությանը։ Այսօր էլ հանգիստ կարող են լկտիաբար ստել մեզ, իբր՝ խուճապ չտարածելու սկզբունքից մղված։
Հիմա ո՞վ կարող է հավատալ, որ հայկական բանակը մարտունակ է, ունի բավարար զինանոց ու գրագետ անձնակազմ։ Մեզ հանգիստ կարող են ստել, իսկ հետո ասել՝ այդպես խուսափում էինք խուճապից։
Հիմա ո՞վ կարող է հավատալ, թե պարենային անվտանգության հարցը լուծված է։ Այո, դեռ մի քանի ամիս առաջ պաշտոնյաները երդվում էին, թե այդ առումով երկրում խնդիրներ հաստատ չկան։ Իսկ վաղը, երբ սով սկսվի, կասեն՝ մենք ստել ենք, որ խուճապ չլինի։
Հիմա ո՞վ կարող է հավատալ ֆինանսական համակարգի կայունությանը: Ո՞վ կհավատա, որ գանձարանն արդեն իսպառ չի դատարկվել, որ վիրավորների սոցիալական խնդիրները կլուծվեն, որ գազ ու լույս կլինի։ Նման հարցերն այսօր արդիական են կյանքի բացարձակապես բոլոր ոլորտների համատեքստում, քանզի եթե հայության համար ամենից առանցքային հարցում սուտն արդարացում գտավ, ապա մյուս բոլոր առումներով արդեն կարելի է ստել ընդհանրապես առանց անհարմար զգալու։
Շատերը կարծում են, որ գործող իշխանական թիմն այսօր մեզ զրկում է ռեաբիլիտացիայի, վերածննդի հնարավորությունից։ Իրականում դա այդպես չէ։ Իրականում, մնալով երկրի ղեկին, այդ մարդիկ մեզ զրկում են այդ հնարավորության հույսից։ Սկզբունքորեն չի կարող այսպիսի աղետի հետևանքներից ապաքինվել այն հասարակությունը, որը պետական ինստիտուտներին վստահելու չնչին հիմք անգամ չունի։ Ավաղ, այսուհետ նա մշտապես մտածելու է, որ իրեն խաբում են, որպեսզի խուճապ չլինի…
Մինչդեռ երկիրը կանգնած է ահավոր մարտահրավերների առջև։ Խուճապահար լինես, թե չլինես։