Անկայունությունը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վարկային վարկանիշի վրա

Ներկայիս քաղաքական անկայունությունը չի կարող չազդել Հայաստանի վարկային վարկանիշի վրա։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Միջազգային վարկանիշային կազմակերպությունները, այդ թվում՝ Moody-ն և Fitch-ը, հետազոտում են իրավիճակը տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Պետք է խոստովանել, որ այն, ինչ տեղի է ունենում հանրապետությունում, հաշվի կառնվի և վարկանիշի վրա կանդրադառնա ոչ դրական, նշել է փորձագետը:

Երբ օբյեկտիվ տնտեսական անկմանն ավելանում է նաև քաղաքական անկայունությունը, դժվար է այլ բան ակնկալել, հավելել է նա։

Այս պահին երկրում մոտ 3%-ով նվազել է ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ սա առաջին ազդակներից մեկն է, ըստ որոնց արդեն հիմա կարելի է դատել իրավիճակի վատացման մասին։

Նշենք, որ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նախկին պաշտոնյաներից մեկը նշել էր, որ նույնիսկ Արցախում պատերազմական գործողություններից առաջ տնտեսական քաղաքականության մեջ ընթացիկ ծախսերի ուղղությամբ շեղում էր նկատվում, իսկ կապիտալ ծախսերն արդեն երկրորդ տարին է՝ թերակատարվում են։ Սա նվազեցնում է տնտեսական ակտիվության և արտադրողականության աճի հնարավորությունը։ Իսկ այդ պարագայում վերջին երկու տարիներին կատարված կենսաթոշակների ու պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացումը հուսալի տնտեսական հենարան չունի։

Ցավոք, տնտեսության վերականգնմանն այնքան էլ չի օգնում նաև 150 մլրդ դրամի (մոտ 300 մլն դոլար) աջակցության փաթեթը, որը կառավարությունն առաջարկել է բիզնեսի և քաղաքացիների սոցիալական աջակցության համար։

«Այդ ծրագրերի հասցեատերերը մեծ մասամբ, պարզվում է, նրանք չենք, ովքեր ունեն դրա կարիքը, մենք դեռ հանդես կգանք այդ հարցի ուսումնասիրությամբ»,-նշել է փորձագետը։

Կառավարությունում բացակայում են քաղաքական կապերով չկաշկանդված որակավորված մասնագետները, որոնք կարող են սոցիալ-տնտեսական աջակցություն կազմակերպել, հավելել է նա: