Համլետ Պետրոսյան. Տիգրանակերտն անցել է Ադրբեջանին, հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված նյութն ապահով տեղում է

Եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանին անցած Տիգրանակետի հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված ողջ նյութն ապահով տեղում է։ Այս մասին News.am-ին հայտնեց Տիգրանակերտ հնավայրի և շրջակայքի պեղման և ուսումնասիրման աշխատանքների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

«Ես կարծում եմ՝ պեղումներն իրենք շարունակելու են, միգուցե ավելի մեծ ծավալով, և ներկայացնելու են որպես աղվանական ինչ որ քաղաք, ինչպես իրենք անհասկանալիորեն պնդում են։ Հատկապես Տիգրանակերտի Վանքասարի եկեղեցին էլ ադրբեջանցիները վերականգնել են, դա համարել են իրենցը, կարծում եմ՝ այդ մոտեցումը շարունակվելու է»,- նշեց Համլետ Պետրոսյանը։

Պատերազմի ժամանակ հրետակոծվել էր հնագիտական հանգրվանը, բայց հուշարձանի այլ հատվածներ, Համլետ Պետրոսյանի խոսքով, մնացել էին նույն վիճակում։

Տիգրանակերտ բերդ-ամրոցը գտնվում է Աղդամ քաղաքից 8կմ հյուսիս-արևմուտք՝ պատմական Արցախ և Ուտիք նահանգների սահմանագլխին։ Այն կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։

Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։

Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից։ 2020թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի ավարտին ընդունված հայտարարության համաձայն Աղդամի շրջանը՝ ներառյալ Տիգրանակերտը, անցել են Ադրբեջանին։

Նշենք, որ բերդաքաղաքի պեղումները սկսվել էին 2006 թվականին։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։

Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը, տեղեկացնում է News.am։