ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՐԴՈՒՄԸ

Հադրութի շրջանի ղեկավար Կամո Պետրոսյանի խոսքերով՝ մեր վերահսկողության տակ է մնացել շրջանի ընդամենը երկու գյուղ՝ Խծաբերդն ու Հին Թաղերը։ Շրջանի 13500 քաղաքացիներ անօթևան են մնացել և անհասկանալի է, թե ինչ են անելու նրանք, քանզի Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, նա նույնիսկ սեփական անվտանգության երաշխավորը չէ։

...Երեվանի եվ Ստեփանակերտի իշխանությունները հայտարարում են, թե իրենք այլ տարբերակ չեն ունեցել դեռևս նոյեմբերի 5-ին Շուշիի անկումից հետո։ Բայց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության պահին Շուշին ռազմական ճանապարհով գրավված չէր։ Այդ մասին ասում է Սեմյոն Պեգովը, որի խոսքը շատ ավելի արժանահավատ է, քան Նիկոլ Փաշինյանինը, Արայիկ Հարությունյանինն ու Արծրուն Հովհաննիսյանինը՝ միասին վերցրած և բազմապատկած տասով։

Ահա ուրեմն, Պեգովն ասում է, որ նոյեմբերի 6-ին Շուշիում ադրբեջանցի զինվորականներ չեն եղել, ինչպես պնդում է Արայիկ Հարությունյանը։ Ինքը՝ Պեգովը, այդ ամբողջ օրը մնացել է Շուշիում, իսկ երեկոյան իջել Քարին տակ գյուղ, որտեղ նույնպես ադրբեջանցիներ չեն եղել։ Ադրբեջանցի դիպուկահարների առանձին խմբեր կարողացել են մտնել Շուշի միայն նոյեմբերի 7-ին, սակայն Ադրբեջանի դրոշի օրվա՝ նոյեմբերի 9-ի դրությամբ, որին պատրաստվում էր Ալիևը և երբ ստորագրվեց հայտնի հայտարարությունը, «դժոխքի կիրճում» ոչնչացվում էին ադրբեջանական բանակի նոր ստորաբաժանումներ, իսկ Շուշին գրավված չէր, այնտեղ Արցախի Պաշտպանության բանակի մարտիկներն էին: «Իմ տվյալներով՝ խոսքը գումարտակի ընդհանուր թվաքանակի մասին է, մինչև 200 մարդ՝ քաղաքի տարբեր հատվածներում։ Ինձ հաստատապես հայտնի է նաև, որ բերդում, բանտին մոտ հատվածում, քաղաքի այդ մասում նույնպես տվյալ պահին գտնվել են Արցախի Պաշտպանության բանակի մարտիկները. գիշերային բանակցությունների, ստորագրման պահին»։ WarGonzo նախագծի հեղինակի խոսքերով, մոտենալիս են եղել Շուշին պաշտպանելու պատրաստ այլ ստորաբաժանումներ. «Դա արդեն ամսի 8-ի լույս 9-ի գիշերն էր, ամսի 9-ին առավոտյան 5-ին մոտ պատրաստ էին շուրջ 400 մարդ»:

Պեգովի խոսքերը հաստատում է նաև ԼՂՀ անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանը, որի խոսքերով, հայտարարության ստորագրման պահին Շուշիի ուղղությամբ պատրաստվում էր հայկական ուժերի նոր գրոհ Լաչինի կողմից, որտեղ ձևավորվել էր հատուկ հարվածային խումբ: Ինչ վերաբերում է Ստեփանակերտին սպառնացող վտանգին, ապա այդ ժամանակ քաղաքի բնակչության տարհանումն ավարտվել էր, զինվորականները պատրաստ էին պայքարել, չենք խոսում արդեն այն մասին, թե առհասարակ ծրագրում էր արդյոք Բաքուն գրավել Ստեփանակերտը։

... ՈՄԱՆՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ու ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՅԼ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵԻՆ։ ԼՂՀ նախագահ (ծիծաղելի է հիմա հնչում, այնպես չէ՞) Արայիկ Հարությունյանը, որը նույնպես տարհանել էր իր ընտանիքը Երևան, սիրում է պատմել, թե ինչպես են եղբոր հետ երդվել պաշտպանել հայրենիքը նույնիսկ սեփական կյանքի գնով: Արայիկի եղբայրը հերոսաբար զոհվել է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, և Արայիկն ասում է, թե հիմա ինքն է այդ երդման տերը։ Այդ մասին նա խոսել է նաև Շուշիում Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելիս։

Փաշինյանից ի՞նչ պահանջես։ Նա Արցախը պաշտպանելու երդում չի տվել, միայն տանջալից փնտրել է նաև Ադրբեջանի ժողովրդին ձեռնտու լուծում... Իսկ այ Հարությունյանին ուզում ես հարցնել. «Կատարեցի՞ր եղբորդ երդումը»։

Հ.Գ.- Ի դեպ, 1992-ին, երբ ԼՂՀ-ն ոչ միայն չէր վերահսկում յոթ շրջանները, այլ հանձնվել էր նաև Մարտակերտը և թվում էր, թե ամեն ինչ կորած է, Պաշտպանության պետական կոմիտեն արգելեց տարհանումը։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արցախի այն ժամանակվա մյուս առաջնորդների ընտանիքները Ստեփանակերտում էին, ինչպեսև մյուս քաղաքացիները. նկուղներում թաքնվում էին ռմբակոծություններից։ Եվ հաջողվեց բեկում մտցնել իրավիճակում։

Основная тема:
Теги: