Արփինե Հովհաննիսյանը հայ գերիների հարցով կդիմի ԵԽ գլխավոր քարտուղարին

Հայաստանի Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մտադիր է ԵԽԽՎ-ում իր անձնական կապերն օգտագործել Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի հարցի շուրջ:

«Գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել եմ նամակ՝ ուղղված ԵԽ գլխավոր քարտուղարին, ինչպես նաև ԱԴՐԲԵՋԱՆԻ հարցով ԵԽԽՎ զեկուցողներին»,- գրել է նա Facebook-յան իր էջում։ (հեղինակի ուղղագրությունը պահպանված է - խմբ.):

Փաստաբանը հայտնել է, որ նամակի մեջ կներառվեն բաց աղբյուրներից իրեն հասանելի դարձած անունները։

«Խնդրում եմ ինձ տեղեկացնել բոլոր երեխեքի անուն ազգանունները, որոնք կան տարատեսակ տեսանյութերի մեջ։ Սա լրացուցիչ լծակ է այս հարցում փորձելու որևէ լուծում գտնել։»,- գրել է նա։

Հովհաննիսյանը հավելել է, որ ԵԽԽՎ-ում աշխատելու ժամանակահատվածում իր ձեռք բերած անձնական շփումները նկատի ունենալով՝ նաև կխոսի նրանցից ոմանց հետ, տեղեկացնում է Newsarmenia.am։