Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ. ԵԹԵ ՉՓՈԽԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԽՈՒՍԱՓԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԻՑ
Ամեն ինչում ձախողված մարդուն այլընտրանք չունենալու թեզը ներշնչելու փորձը մահացու վիրավորանք է հայ ժողովրդի համար, «ԳԱ»-ի հետ զրույցում հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆԸ:
-Պարոն Թևանյան, կատարվեց այն, ինչի մասին դուք զգուշացնում էիք 2 տարի շարունակ. 2018 թվականի ապրիլից հետո կարևորագույն ինստիտուտների՝ Հայաստանի և Արցախի բանակի վարկաբեկման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը հանգեցրեց պատերազմի և տարածքների հանձնման։ Փաստորեն Հայաստանը, ինչպես որ դուք զգուշացրել եք այս երկու տարիների ընթացքում, կրկնելով Վրաստանի և Ադրբեջանի և իր իսկ սխալները, ծնեց իր սեփական Էլչիբեյին։ Ինչպե՞ս եք տեսնում ելքը ստեղծված իրավիճակից:
-Ստեղծված իրավիճակից ելքը, բնականաբար, քաղաքական գործընթացներում է։ Կատարվածի գնահատականներն արդեն տրվել են, և ակնհայտ է, որ թիվ մեկ պատասխանատուն, ներկա վիճակի թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։
Լուծումն ընկած է նախևառաջ քաղաքական փոփոխությունների հարթությունում։ Որովհետև Փաշինյանի պարագայում կա սպառնալիք՝ կորցնելու նաև Հայաստանը։ Արձանագրենք մի հստակ փաստ. շատերը խոսում են այն մասին, որ մենք տարածքային կորուստներ ենք ունեցել Արցախում, դա այդպես է, բայց առաջին հերթին մենք Արցախում կորցրել ենք պետականություն։ Հայկական երկրորդ պետականությունը մեկուկես ամսվա ընթացքում կորստյան է մատնվել։ Սա ամենալուրջ հարվածն է, որը մենք ստացել ենք։ Արցախի Հանրապետության առկայությունը՝ մինչև սեպտեմբերի 27-ը ունեցած իր դիրքով և կարգավիճակով, անվտանգություն էր ապահովում Հայաստանի համար և խաղաղություն Երևանի երկնքում։ Հիմա դա չկա, հիմա մենք Արցախում ունենք տարածք, որը խաղաղապահների վերահսկողության ներքո է և որը խաղաղապահների շնորհիվ փրկվել է վերջնական ոչնչացումից, իսկ Հայաստանում ունենք մի շատ անկայուն վիճակ, երբ ամեն վայրկյան կարող է սպառնալիք լինել մեր անվտանգությանը Թուրքիայի կողմից։ Մինչև սեպտեմբերի 27-ը այդ պատկերը չկար։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, Նիկոլ Փաշինյանի անհեռատես արտաքին քաղաքականության և սադրանքների արդյունքում մենք ստացանք այսօրվա պատկերը։
Ակնհայտ է, որ քաղաքական փոփոխությունը ենթադրում է Նիկոլ Փաշինյանի հեռացում, նոր վարչապետի ընտրություն, նոր կառավարություն, հետագայում նաև նոր խորհրդարան. սա անհրաժեշտ նվազագույն պայմանն է։ Բայց բացի այդ, կան նաև այլ պայմաններ, որոնք պետք է ապահովվեն քաղաքական փոփոխության արդյունքում։ Առաջինը՝ հանրային համերաշխության ապահովում և հանրային ատելության մթնոլորտի վերացում։ Երկրորդը՝ քաղաքական, մասնագիտական, փորձագիտական բոլոր կարող ուժերի համախմբում։ Երրորդը՝ հայ-ռուսական հարաբերությունների վերականգնում։ Չորրորդը՝ կայունության և խաղաղության հասնելու հնարավորության ապահովումը:
Հատուկ ուզում եմ ընդգծել խաղաղության հասնելու պահը. քանի որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացվող գործիչ է, ընդ որում՝ ֆեյքերի մակարդակով մանիպուլացվող, մի քանի դիսլայքերով, ապա նա ուղղակի սպառնալիք է մեր պետությանը։ Այն ընտանեպետությունը, որ նա կառուցել է իր կնոջ հետ, տանում է Հայաստանը դեպի պարտություն, կապիտուլյացիա և պատերազմ։ Արցախում մենք դա արդեն ստացանք, հիմա Հայաստանում է դա սպասվում։ Իրենք կարող են չուզենալ դա, բայց այդպես կարող է ստացվել, քանի որ իրենք մանիպուլացվող են։ Թուրքիային ընդամենը առիթ է պետք, իսկ Փաշինյանը իր տեսակով ու անգրագիտությամբ այդ առիթները կարող է տալ և արդյունքում Հայաստանը դարձնել ռազմական գործողությունների թատերաբեմ։ Այնպես որ Փաշինյանի հեռանալու կարևորագույն հիմնավորումներից մեկը խաղաղության ապահովումն է։
Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ որպես, այսպես կոչված՝ «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ, բայց բերեց պատերազմ։ Սա պատերազմ և պարտություն էր նաև 1997-ին Տեր-Պետրոսյանի առաջարկած մոդելի։ Այդ մոդելի գռեհիկ տարբերակը ստացանք Նիկոլ Փաշինյանի կատարմամբ. «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչները մեզ տարան դեպի պատերազմ և պարտություն։ Հետևաբար, նրանք պետք է հեռանան, որպեսզի Հայաստանը հնարավորություն ստանա ուշքի գալու այս շոկից և դուրս գալու այս ծայրահեղ ծանր իրավիճակից, այս լուրջ ճգնաժամից։
-Այսօր ընդդիմությունը, հանրահավաքներ անցկացնող քաղաքական և հասարակական ուժերը պահանջում են վարչապետի հրաժարականը։ Կարելի՞ է արդյոք միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականով լուծել իշխանափոխության հարցը, եթե նկատի առնենք, որ իմքայլական թիմը, չնայած այն փաստին, որ երկրում ձախողել է գործնականում բոլոր ծրագրերը, այսօր մտադիր չէ հեռանալ և դիմում է բռնաճնշումների։ Ինչպե՞ս կարելի է իշխանափոխություն իրականացնել այն պայմաններում, երբ այսօր ամենուր, բոլոր մակարդակներում իմքայլական դրածոներն են, կարելի է ասել՝ սորոս-թուրքական թիմը։ Եթե հեռանա Փաշինյանը, կգա, ասենք, Ավինյանը կամ նույն թիմից ինչ-որ մեկը։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է վարվել, որպեսզի դա լինի լեգիտիմ և առանց ցնցումների:
-Անհրաժեշտ է համազգային լայն համախմբում։ Փաշինյանի օրոք շրջանառության մեջ դրվեց սև-սպիտակային բաժանումը։ Իրականում այդ բաժանումը տեղի է ունենում հենց հիմա. մի կողմում բովանդակ հայ ժողովուրդն է, իսկ մյուս կողմում՝ փոքրիկ սորոսա-թուրքական գործակալական ցանցը։ Այ վերջիններս հաստատ բաժանարար գծի մյուս կողմում են։ Հանրային լայն համախմբման միջոցով հնարավոր է իրականացնել անցնցում իշխանափոխություն, և այդտեղ «Իմ քայլի» յուրաքանչյուր անդամ պետք է որոշում կայացնի. ինքը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հետ է, թե՞ թուրքական գործակալական ցանցի։ Ընդ որում ամեն մեկը իր որոշումը պետք է կայացնի։
Մեզ ավելի լայն ընդգրկում է պետք, բացի 17 կուսակցություններից, ավելի լայն շրջանակներ, որպեսզի կարողանանք առանց ցնցումների փոխել իրավիճակը։ Կարծում եմ, որ հետևողական աշխատանքի և ճիշտ մոդելի պարագայում դա տեղի կունենա, որովհետև Նիկոլ Փաշինյանը ֆիզիկապես չի կարող ներկայացնել հայ ժողովրդին հետագա բանակցություններում։ Նա չի կարող ներդրումներ բերել, որոնք այսօր օդ ու ջրի պես են անհրաժեշտ, որովհետև անցած 2,5 տարիների ընթացքում նա, հակառակը՝ հականերդրումային քաղաքականություն է իրականացրել։ Փաշինյանը չունի հետպատերազմյան իրավիճակը կառավարելու ունակություն, նա ձախողվել է նույնիսկ խաղաղ պայմաններում, էլ ուր մնաց, թե չձախողվի ճգնաժամային պայմաններում։ Ի վերջո չմոռանանք, որ մինչև Արցախյան այս երկրորդ պատերազմը մենք պարտվեցինք կորոնավիրուսային պատերազմում։ Այսինքն այս մարդկանց, անգրագետներին թողնել իշխանության ղեկին, նշանակում է՝ Հայաստանը տանել պարտության։ Այս անգամ Ստեփանակերտի և Շուշիի կվերածվի Երևանը։ Դա պետք է հստակ գիտակցել։ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին, դա նշանակում է՝ պատերազմ Երևանում։ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին, դա նշանակում է՝ թուրքական բանակի ներխուժում Սյունիք և Հայաստանի մյուս մասեր։ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին, դա նշանակում է՝ պարտություն և կապիտուլյացիա արդեն Հայաստանի համար։ Սրանք հստակ բանաձևեր են, որոնք ապացուցված են և՛ ժամանակով, և՛ այսօր ստեղծված իրավիճակով։ Ալիևի կողմից խայտառակ նվաստացման ենթարկված Փաշինյանը չի կարող ներկայացնել հայ ժողովրդին, որովհետև նա ունի զրոյական լեգիտիմություն։ Եվ ամենակարևորը՝ հիմա աշխարհում մենք խղճմտանքի առարկա դարձած պարտված կողմ ենք, և եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, աշխարհը կսկսի արդեն արհամարհել մեզ։ Արդեն ինքնանվաստացման ակտ տեղի կունենա. այսպիսի կապիտուլյացիոն գործընթացից հետո պահել այն ղեկավարին, որը հանգեցրել է այդ կապիտուլյացիային։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վախից է ուզում պահել իշխանությունը, բայց դրա համար էլ մեխանիզմներ կան…
Իսկ թե ինչ եղավ, ինչու այսպես եղավ, ապուշության, թե դավաճանության հետևանք էր այս պարտությունը, այս հարցերին պատասխանելու համար համազգային հանձնաժողով կստեղծվի, փաստահավաք խումբ կձևավորվի և հանրային բաց քննարկում կլինի, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, թե ինչու կանոնավոր բանակից պատերազմի ընթացքում մենք ստացանք ցաքուցրիվ ջոկատներ, ինչու այս կամ այն զենքը գնվեց ու չօգտագործվեց, ինչու հակաօդային համակարգը չաշխատեց, ինչու տապալվեցին մոբիլիզացիոն գործընթացները, ինչու հանձնվեց Հադրութը, ինչու հանձնվեց Շուշին, ովքեր էին որոշումներ կայացնում։ Ինչ գործ ուներ վարչապետի կինը բանակային կառավարման գլխավոր համակարգում, ով էր նա՝ որպես այդպիսին։ Ինչու էին քարոզչական հիբրիդային պատերազմ մղում Նիկոլ Փաշինյանն ու իր կինը, Արայիկ Հարությունյանը և Արծրուն Հովհաննիսյանը հայ ժողովրդի դեմ։ Ինչու որոշեցին լկտիաբար ստել։ Ինչու չներկայացրեցին խնդիրները և ինչու մեկ գիշերվա մեջ որոշում կայացրեցին կապիտուլյացիայի տանել։ Ինչու չէին կանգնեցնում պատերազմը, եթե ակնհայտ էր ռազմաքաղաքական բալանսի անհավասար վիճակը ի վնաս մեզ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է ստանալ, բայց ստանալ դրանք Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հնարավոր չէ։
-Այդ բոլոր «ինչու»-ների պատասխանները, հավանաբար, կտրվեն հաջորդ իշխանության կամ անցումային կառավարության կողմից։ Բայց հիմա անչափ կարևոր է մեկ այլ հարց. ի՞նչ մեխանիզմներից է բաղկացած անցումային կառավարությունը կամ, թե կամենաք, ազգային համաձայնության կառավարությունը։ Չէ՞ որ մեկ բան է խոսել նման կառավարության անհրաժեշտության մասին, և այլ բան՝ առաջարկել կոնկրետ մեխանիզմներ, որոնք հասկանալի են շարքային քաղաքացիներին…
–Իմ կարծիքով, անցնցում հեռացման այդ մեխանիզմը հնարավոր է խորհրդարանի միջոցով, երբ խորհրդարանական ուժերը հանրային ճնշման խաղաղ հավաքների, համազգային կոնսենսուսի ճնշման ներքո հեռացնում են Նիկոլ Փաշինյանին և ձևավորում ժամանակավոր կառավարություն։ Այսինքն ենթադրվում է, որ դրանում պետք է ներգրավված լինեն նաև «Իմ քայլի» ներկայացուցիչները, բայց միևնույն ժամանակ իշխանափոխությունը չի ենթադրում, թե պետք է «Իմ քայլից» խամաճիկային մեկ ուրիշը նշանակվի։ Որովհետև կա Նիկոլ Փաշինյան և կա, այսպես ասած, նիկոլիզմ։ Եթե մենք հեռացնենք Փաշինյանին, բայց նիկոլիզմը մնա, դա միգուցե ավելի վատ տարբերակ կլինի։
Համաձայն եմ, որ շարքային քաղաքացիներին պետք է պարզ ու հստակ բացատրել նաև անցումային կառավարության աշխատանքի մեխանիզմները, և թե ով է ընդգրկվելու այնտեղ։ Կարծում եմ՝ դա կապահովի հասարակական, համազգային ավելի լայն համախմբում։ Առաջիկայում դա կարվի. հանրությանը կներկայացվի քայլերի հերթականությունը։ Համազգային շարժման տեխնոլոգիական գործընթացները ենթադրում են, որ այդ շարժումն իր հետ բերում է իր թեկնածուներին։ Այսօր կոնկրետ նախարարների թեկնածությունների մասին անվանական խոսել հնարավոր չէ։ Կարելի է վարչապետի թեկնածությունը դնել շրջանառության մեջ, ինչը, կարծում եմ, մոտ ժամանակներս կարվի։ Մնացածն արդեն մեխանիզմների մասն է... պետք է հաշվի առնել, որ դա անցումային կառավարություն է լինելու, որը լուծելու է ընթացիկ խնդիրներ և ապահովելու է գլխավոր խնդրի լուծումը՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը։ Բացի այդ, կա բանակցային գործընթացը՝ կապված երեք նախագահների հայտարարության հետ։ Հազար ու մի հարցերի շուրջ պետք է բանակցել հետագայում, որպեսզի հետո մեծ համաձայնագրերի գնանք։ Մի խոսքով, բազմաթիվ հարցեր կան, դետալներ, որոնք լուծում են պահանջում, ինչը այս իշխանությունը չի կարող անել։
Կարծում եմ, որ համազգային լայն համախմբման պարագայում անցումային կառավարության ձևավորման բոլոր մեխանիզմներն ինքնաբերաբար ի հայտ կգան։ Եվ որ ամենակարևորն է, մարդիկ պետք է զգան, որ իրենք են այդ իշխանությունը ձևավորում։ Տեխնոլոգիան, որը կիրառեց Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով քաղաքացիներին, թե նրանցից յուրաքանչյուրը վարչապետ է, իշխանություն և այլն, աշխատեց, բայց իրականում պարզվեց, որ դա բլեֆ է։ Հիմա այն, որ մարդիկ իրենք են ձևավորում իշխանությունը, պետք է իրապես կենսագործել և հասնել այդ փոփոխությանը։ Այն թեզը, թե՝ եթե ոչ Նիկոլը, ապա ով, դա ուղղակի մահացու վիրավորանք է հայ ժողովրդի համար, որովհետև ամեն ինչում ձախողված մարդուն այլընտրանք չունենալու թեզը նշանակում է գերեզմանոցի վերածված Հայաստան։ Այլընտրանքներ մենք հաստատ ունենք և հենց նրանց օգնությամբ կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից. քաղաքական, սոցիալական, տնտեսական... Հազարավոր խնդիրներ կան, որոնք մասնագիտական կառավարման կարիք ունեն, իսկ Փաշինյանի թիմը հաստատ անկարող է դա անել։
-Այսօրվա զարգացումները լավատեսություն ներշնչո՞ւմ են ձեզ՝ անցնցում իշխանափոխության հասնելու առումով։
-Ես ինքս անձնապես խնդիր եմ դրել՝ անել ամեն ինչ, որպեսզի հեռանա այս իշխանությունը և ձևավորվեն նորմալ իշխանություններ։ Սա արդեն անվտանգության, արժանապատվության հարց է ։ Իսկ ընդհանուր առմամբ ասեմ. եթե Հայաստանում չի հաջողվելու փոխել այս իշխանությունը և ձևավորել նորմալ իշխանություն, ապա մենք թուրքական «Բայրաքթարներին» կդիմավորենք Երևանում։ Նիկոլ Փաշինյան, պարտություն, կապիտուլյացիա և թուրքական ներխուժում ձևակերպումները հոմանիշներ են։ Սա ամենագլխավոր փաստարկն է այն բանի, որ նա պետք է հեռանա։ Եթե մենք չենք ուզում, որ Երևանն արժանանա Շուշիի ճակատագրին…