Հիմնադրամի Ֆրանսիայի Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն

2020 նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն: Այս մասին ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալության կողմից ստացված մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին՝ հարյուր հազարավոր նվիրատուներ կրկին համախմբվեցին՝ ի աջակցություն հայրենիքի և արցախահայության: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։

Հավաքագրված գումարը հիմնականում ուղղվելու է Արցախի բնակչության ամենահրատապ կարիքներին: Նախատեսվում է իրականացնել 3 միջոցառում՝

1. Աջակցություն Արցախ վերադարձող մեր հայրենակցներին Արցախ վերադարձող ընտանիքներին կտրամադրվի իրենց կարիքներին համապատասխան աջակցություն: Գյուղատնտեսները կստանան սերմեր, դիզելային վառելիք գյուղ տեխնիկայի համար և այլ անհրաժեշտ օգնություն: «Հայաստան» հիմնադրամը կստանձնի նաև այդ ընտանիքների 1 տարվա կոմունալ ծախսերի վճարումը:

2. Աջակցություն Արցախից տեղահանված բնակչությանը Այն ընտանիքները, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում այս պահի դրությամբ վերադառնալ Արցախ կստանան սննդի և հիգիենիկ պարագաների ամենամսյա ամբողջական փաթեթներ:

3. Վերակառուցում Աջակցություն կտրամադրվի նաև այն ընտանիքներին, որոնց տները ավերվել են պատերազմի արդյունքում: «Հայաստան» հիմնադրամը մեծապես կնպաստի ենթակառուցվածքների վերականգնմանը:

Նշվում է նաև, որ «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում սեպտեմբերի 27-ից սկսած Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով արդեն հավաքագրվել էր ավելի քան 5 մլն եվրո գումար, իսկ himnadram.org կայքի միջոցով ֆրանսիայից նվիրաբերվել է ավելի քան 425 հազար ԱՄՆ դոլար գումար: