«Սա սադրանք էր իմ նկատմամբ». Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը քիչ առաջ ազատ արձակվեց Ոստիկանության կենտրոնական բաժանմունքից, տեղեկացնում է News.am-ը։

Նա լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչու էր այսօր բերման ենթարկվել.

«Ես Կառավարության շենքի առջևով գնում էի դեպի Նալբանդյան փողոց, որ բարձրանայի մեր գրասենյակ, ոստիկանների մեջ կանգնած էր իմ ծանոթներից մեկը, որին մեր գրասենյակում օգնել էինք, քրեական անցյալ ունեցող մեկն էր, որը ինձ բավականին ագրեսիվ ձևով ասաց՝ իմ գործ ինչ եղավ, ես էլ ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվում։ Նա ամենախայտառակ հայհոյանքները հնչեցրեց և իմ հասցեին, և Ղարաբաղի հասցեին։ Ես շուռ եկա, ասեցի՝ էդ ինձ էիր ասո՞ւմ, հարձակվեց ու սկսեց քաշքշել ինձ կոպիտ ձևով։ Ոստիկանները եկան ու նրան մի կողմ քաշեցին, երկուսիս էլ բերման ենթարկեցին»։

Ավետիք Իշխանյանը հայտնեց, որ իր՝ բերման ենթարկելու որոշման մեջ գրված է՝ ծեծի ենթարկելու կասկածանքով. «Այսինքն՝ ես բերման եմ ենթարկվել ծեծի կասկածանքով։ Տեսնես՝ այդ մարդուն ինչ լավություն եմ արել, որ այդպես վարվեց։ Ի՞նչ գործ ուներ նման քրեական անցյալ ունեցող անձը ոստիկանների մեջ կանգնած»։

Իրավապաշտպանն այդ միջադեպը համարեց սադրանք՝ իր նկատմամբ. «Ես զգուշացնում եմ հասարակական-քաղաքական գործիչներին, որ այդպիսի սադրանքներ առաջիկայում ևս կլինեն, պետք է զգույշ լինել»։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի վերջին օրերին քաղաքական ընդդիմախոսներին բերման ենթարկելը, Իշխանյանն ասաց. «Խնդիր է դրված՝ ցանկացած գնով իշխանությունը պահելու վարչապետի կողմից։ Նրա անօրինական հրամաններին ենթարկվում են իրավապահ կառույցները։ Դե յուրե այդ կառույցները գտնվում են նրա ենթակայության տակ, և այդ կառույցների ղեկավարներին ձեռնոցի պես փոխում է, որոնց չի վստահում։ Եթե մենք լսենք նախկին ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենների խոսքերը, ապա նրանք բացահայտ ասում են, թե ինչ անօրինական հրամաններ են տրված եղել»։