ՈՒՐԻՇ ԻՆՉՊԵ՞Ս Է ԼԻՆՈՒՄ ԴԱ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԹՎԱԾԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 24-ին հայտարարություն տարածեց հայ գերիների վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութերի առնչությամբ: Համաձայն հայտարարության՝ այդ տեսանյութերից շատերը «ունեն անհայտ ծագում և, ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ»: Նշենք, որ ՀՀ օմբուդսմենը, հակառակը, ընդգծում է, որ այդ տեսանյութերի մեծ մասը իրական է։ ԱԱԾ-ն նաև նշում է, թե «միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա»:
Վերջին պնդման հետ դժվար է չհամաձայնել, քանզի ակնհայտ է. որոշակի ուժեր՝ ամենատարբեր մեթոդներով ու տարբեր ձևաչափերի և հարթակների օգտագործմամբ, ձգտում են առավելագույնս խորացնել, շատ մեղմ ասած՝ բացասական տրամադրությունները: Այլ հարց է, թե ինչ են անում իշխանությունները, որպեսզի ինչ-որ կերպ խոչընդոտեն այդ միտումներին կամ գոնե չխորացնեն դրանք։
Դրա հետ մեկտեղ՝ հարց է առաջանում. ինչո՞ւ պիտի հանրությունը հավատա տեսանյութերի կասկածելի ծագման մասին պետական կառույցների պնդումներին։ Այդ ինչո՞ւ պիտի բնակչությունը վստահի իշխանություններին, որոնք ստի մեջ թաղված են երկուսուկես տարի շարունակ, իսկ վերջին գրեթե երկու ամսում գերազանցեցին իրենք իրենց՝ ստի ձիաբաժին հրամցնելով մշտական ստրեսի մեջ գտնվող ժողովրդին ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։ Ավելին, ռազմական գործողությունների դադարեցումից հետո էլ Հայաստանի և Արցախի իշխանությունները շարունակում են ամենալուրջ թեմաների վերաբերյալ հրապարակային ստի ուղեգիծը։ Կա՛մ չնկատելով, որ վաղուց հատել են կարմիր գծերը, կա՛մ էլ ավելորդ անգամ հաստատելով երկրում տիրող անպատասխանատվության մթնոլորտը, քաոսն ու անիշխանությունը։
Գրեթե ամեն օր տեղեկատվություն է ստացվում այն մասին, որ արցախյան որևէ գյուղ, որը կարծես թե պետք է լիներ հայկական կողմում, անսպասելիորեն տարհանվում է. հաշված ժամերի ընթացքում։ Դրա օրինակներն են և՛ Մարտակերտի յոթ գյուղերը, և՛ Վազգենաշենը, և՛ Բերդաշենը, ընդ որում բոլոր դեպքերում մարդիկ ստիպված են եղել ամենակարճ ժամկետում ինքնուրույն լուծել իրենց խնդիրները՝ առանց Արցախի և Հայաստանի իշխանություններից որևէ օգնություն ստանալու։ Լավագույն դեպքում աջակցել է բավական սահմանափակ ռեսուրսներ ունեցող տեղական աշխատակազմը։ Բանն այնտեղ է հասել, որ խնդիրները լուծվել են Ֆեյսբուքի միջոցով՝ օգնության նետվող կամավորների ուժերով։
«Խաղաղ բնակչությանը բախտի քմահաճույքին մի թողեք», - այսպիսի կոչով է դիմել Վազգենաշեն գյուղի նախկին ղեկավարի դուստր Մարիամ Բաբայանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին և այլ պաշտոնատար անձանց: Նրա խոսքերով՝ բնակիչներին ոչ ոք չի հաղորդել, որ գյուղը հանձնելու են. հակառակը, հուսադրել են, թե իբր՝ ամեն ինչ արվում է Վազգենաշենը պահելու համար։
«Արդեն ամսի 20-ի ժամը 11։00-ին հայտնում են, որ Վազգենաշենը նույնպես կհանձնվի և մինչև ժամը 24:00 ժամանակ են տալիս իրերը հանելու համար»,- գրում է Մարիամը՝ այնուհետ պատմելով իր հոր և եղբոր հետ տեղի ունեցած միջադեպը:Աղջիկը վկայում է. «Թշնամին ներխուժեց գյուղ, զինված մտան մեր տան բակ, հորս և եղբորս գերի վերցրին այնքան ժամանակով, մինչև եկավ նրանց հրամանատարը՝ Մուստաֆան։ Հայրս խնդրեց, որ գոնե եղբորս բաց թողնեն, հրամանատարը բարի գտնվեց և ազատ արձակեց, երկար բանակցելուց հետո հայրս լեզու գտավ հրամանատարի հետ, մեքենան ետ բերելով՝ տվեցին հորս և ազատ արձակեցին։ Բարեբախտաբար, հորս և եղբորս կյանքը փրկվեց»։
«Որտե՞ղ էր ձեր ռուսական զորքը, որտե՞ղ է ձեր անվտանգություն կոչվածը, որտե՞ղ է ձեր զգոնությունը, չէ՞ որ խոստացել էիք ապահովել խաղաղ բնակչության կյանքը։ Գոնե հիմա իրավիճակին տեր կանգնեք, գոնե խաղաղ բնակչությանը բախտի քմահաճույքին մի թողեք», - գրում է Մարիամը՝ դիմելով հայկական հանրապետությունների ղեկավարությանը։
Վազգենաշենի մեկ այլ բնակիչ՝ Արթուր Ռևազյանը, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, գյուղի հանձնման մասին իմացել է հայ զինվորականներից, որոնց պատահաբար հանդիպել է գյուղում, այլ ոչ թե իշխանություններից։ Հաշված ժամերի ընթացքում հասցրել են քշել-դուրս բերել անասուններն ու տեղափոխել ինչ-որ իրեր. մնացած ունեցվածքի, նույնիսկ տաք հագուստի հետևից նրանց թույլ չեն տվել վերադառնալ գյուղում արդեն տեր ու տնօրեն դարձած ադրբեջանցի զինվորականները:
Գրեթե համանման պատկեր է նույն Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։ Սկզբում WarGonzo տելեգրամ-ալիքը, վկայակոչելով տեղի բնակչին, հաղորդեց, որ Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերցնել գյուղը՝ հակառակ համաձայնագրի: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ Մարտունու շրջանի 6 գյուղերն անցնում են հակառակորդին՝ պայմանավորվածության համաձայն, սակայն Բերդաշենը այդ ցուցակում չէ, ուստի Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները հակասում են հրադադարի պայմաններին: Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում թույլ չտալ ադրբեջանցի զինվորականներին մտնել իրենց տարածքներ, գրում է WarGonzo-ն։
Արցախի իշխանություններից՝ ոչ մի ծպտուն։ Ասես դա ոչ մի կերպ չի վերաբերում իրենց, և Բերդաշենի պաշտպանությունը բացառապես գյուղացիների անելիքն է։ Ավելի ուշ տեղի բնակիչներից մեկը՝ Կամո Աղաջանյանը, կասի News.am-ի հետ զրույցում. «Հիմա թուրքի ու ռուսի ներկայացուցիչները եկել են ու սահմաններ են դնում։ Անձամբ իմ հողատարածքում 200 մետր խախտում են արել, ու ռուսն էլ դրան էնպես չի արձագանքում, ոնց որ պետքն է, թուրքը ոնց ասում է, այնպես էլ սահմանը գծում են։ GPS-ը ձեռքն ասում է՝ սահմանը սա է եղել, բայց դա չի եղել։ Տեղի իշխանությունները պասիվ են։ Մարտունի վարչական շրջանի ղեկավար Արտակ Մելքումյանին տարածքում չեմ տեսել, գուցե ինձնից հետո եկել է, բայց ես չեմ տեսել»։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ Արցախի հերոսի կոչում է շնորհել Արարատ Մելքումյանին…
Որոշ ժամանակ անց, սոցցանցերում բարձրացած վրդովմունքի ալիքի խորապատկերին, Արցախի Տեղեկատվական շտաբը վերջապես հրամցրեց անհասկանալի բովանդակության հաղորդագրություն. «Հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լուրերին»։
Ահա այսպե՛ս։ Մի՛ հավատացեք բնակիչների և անկախ աղբյուրների այն հաղորդումներին, որ գյուղերի բնակիչները չգիտեն, թե ինչ է լինելու իրենց հետ վաղը, քանի որ հնարավոր է, որ հանկարծ մտնեն թուրքերն ու պետք լինի շտապ փախչել։ Հետևեք պաշտոնական տեղեկատվությանը, որպեսզի չիմանաք, թե ինչ է կատարվում իրականում, թե ինչպես են գյուղացիները ստիպված լինում իրենք պայմանավորվել ադրբեջանցիների հետ գույքը դուրս բերելու առնչությամբ։ Այն մասին, որ անորոշ մնացած կարգավիճակով մի շարք գյուղերի բնակչությունը մնացել է բախտի քմահաճույքին, քանի որ Արցախում իշխանության գործնականում նույնպիսի կաթվածահարություն է տիրում, ինչպիսին Հայաստանում։ Քանի որ իշխանությունը, ըստ էության, հրաժարվում է պայքարել համաձայնագրի համատեքստում վիճելի տարածքների ու գյուղերի համար և առանց որևէ դիմադրության հանձնում դրանք յուրաքանչյուր նոր զիջումից է՛լ ավելի լկտիացող թշնամուն…
Միայն պաշտոնական հաղորդագրություններին հավատալու կոչ են անում նրանք, ովքեր ժողովրդին ստերով են կերակրել պատերազմի ու ծանրագույն մեկուկես ամսվա ընթացքում։ Նրանք, ովքեր ամեն օր մատուցում էին կաղապարված սուտ, լավագույն դեպքում՝ ոչինչ չասող տեքստեր, իսկ մարդիկ հետո փորձում էին հույսի փշրանքներ գտնել այդ ստի մեջ... Նրանք, ովքեր հորինեցին խայտառակ «գյոռբագյոռը» և երկրում ծնեցին ամեն ինչի, այդ թվում անչափ կարևորի՝ պաշտոնական տեղեկատվության հանդեպ վստահության տոտալ ճգնաժամ։
Այսօր այդ վստահությունը զրո է՝ մինուսով։ Այսօր նույն այդ մարդիկ ինքնաբացառվել են սահմանների գծանշման հետ կապված սուր և կարևորագույն խնդիրների լուծումից, ամբողջությամբ հանձնելով այդ գործը ռուսներին ու թուրքերին։ Թողնելով, որ բնակչությունն ինքնուրույն պայմանավորվի թշնամու հետ և լուծի գույքի և տարհանման հետ կապված խնդիրները։ Արցախի 70%-ը թշնամուն հանձնողներն այսօր փաստացի դավաճանել ու հանձնել են նրա բնակիչներին։ Հայաստանի և Արցախի ղեկավարությունը, պետք է խոստովանել, ազգային աղետի հարցում գործում է բացառիկ համակարգված ու համերաշխ՝ լուծելով միմիայն սեփական իշխանության պահպանման հարցը։