Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲԵՐՁՈՐԻ ԵՎ ԳՈՐԻՍ-ԼԱՉԻՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ՇՈՒՐՋ

Համաձայն նոյեմբերի 9-ի չարաբաստիկ եռակողմ հայտարարության՝ մինչև դեկտեմբերի 1-ը հայկական կողմը պետք է հանձնի Արցախի Քաշաթաղի (Լաչինի) շրջանը: Դրա հետ մեկտեղ, հայտարարության մեջ, որի տակ դրված Փաշինյանի ստորագրությունը, ևս մեկ անգամ ընդգծենք, իրավագետների ճնշող մեծամասնությունը համարում է ոչ լեգիտիմ, նշվում է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»:

Այս տրամաբանությամբ ենթադրվում էր, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի անմիջական երկայնքով ձգվող Բերձորի բնակիչները մնալու են իրենց տներում, իսկ նրանց անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները: Սակայն ժամեր առաջ միանգամից երկու փորձագետներ, որոնք լավատեղյակ էին Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, ահազանգ հնչեցրին Բերձորի բնակիչների հետագա ճակատագրի մասին։

«Մինչ մենք Քարվաճառի ու Արցախի մուտքի ցուցանակի դարդն ենք լացում, Նիկոլը Լաչինի միջանցքն էլ է ծախում։ Ի՞նչ Բերձոր, ի՞նչ 5 կիլոմետր։ Ունենալու ենք ադրբեջանական բնակավայրի միջով անցնող 8 մետրանոց «ճանապարհ»։ Ահա այդպես… Նիկոլի «առաքելությունը» ամբողջ Արցախը թշնամուն հանձնելն է։ Ինքն իր գործը լավ է անում։ Մենակ թե չեմ հասկանում, թե ոնց է մեր ժողովուրդը հանգիստ հետևում դավաճանության այս փառատոնին։ Խելոք նստած սպասում ենք, որ ամսի 1-ին էլ Բերձորի ու Քաշաթաղի շրջանի լացը լացենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Որևէ արձագանք այս գրառմանը, մասնավորապես՝ այն տեղեկությանը, որ Հայաստանի և Արցախի միջև միջանցքը լինելու է ոչ թե 5 կմ, այլ 8 մետր (!), պետական կառույցների կողմից չհաջորդեց։ Մինչդեռ հաստատման դեպքում դա կնշանակի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի գործնական բացակայություն, քանզի հակամարտության պատմությանը լավատեղյակ մարդիկ գերազանց հասկանում են, թե ինչ է նշանակում երթևեկել ադրբեջանական բնակավայրերի միջով։ Բացի այդ, դա նշանակում է, որ Բերձորի բնակիչները պետք է նոյեմբերի 30-ին լքեն իրենց տները, միանալով ընչազուրկ ու անօթևան հարյուր հազարավոր հայրենակիցներին։

Սակայն այդ հարցում էլ ոչ մի հստակություն չկա, թեև մնացել է ընդամենը 3 օր։

Այնուհետ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Քաշաթաղի աշխատակազմը երեկ՝ նոյեմբերի 25-ին հայտարարություն է տարածել, որը չի հերքում, ոչ էլ հաստատում է Բերձորի շրջկենտրոնի անցումն Ադրբեջանի վերահսկողությանը։ «Միայն հասկացանք, որ դեռ քննարկում են։ Այն նույն Բերձորի հարցն է դեռ քննարկվում, որտեղով անցնում է Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը։ Փաստորեն, նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հետ համատեղ հայտարարություն ստորագրողը, որն Արցախի տարածքի ահռելի մասը հանձնեց Ադրբեջանին, նույնիսկ դա չի քննարկել՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը ՀՀ-ին կապող միակ ցամաքային ճանապարհը։

Իսկ մարդիկ դեռ չգիտեն՝ ի՞նչ անեն, ունեցվածքը տեղափոխե՞ն, թե՞ ոչ։ Թողել եք վերջին օրը բանակցեք, որ մարդիկ չկարողանա՞ն եղածը տեղափոխեն»,- գրել է Աբրահամյանը։

Նշենք, որ Քաշաթաղի շրջանի վարչակազմի հիշյալ հայտարարության մեջ ասվում է, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել» մինչև նոյեմբերի 30-ը լքել Բերձորը: «Քննարկվում է այն հարցը, որ դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանական կողմին, սակայն բերձորցիներին կթույլատրվի ապրել քաղաքում», - ասվում է հայտարարության մեջ: Եվ այնուհետ. «Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին, հույս ենք հայտնում, որ ԱՀ կառավարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի»։

Հույսը, իհարկե, լավ բան է ։ Միայն թե չի նշվում, թե երբ Արցախի Հանրապետության կառավարությունը կհայտարարի այդ մասին։ Եվ կարելի է միայն կռահել, թե ինչ հոգեվիճակում են մարդիկ, որոնք բռնազավթումից երեք օր առաջ դեռ չգիտեն, թե ինչ անել. լքել հարազատ տները, թե՞ մնալ։

Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է Մարտակերտի 7 գյուղերի, Մարտունու շրջանի Վազգենաշենի և Բերդաշենի բնակիչների ողբերգությունը, իսկ ավելի վաղ՝ Քարվաճառի շրջանի բնակիչների գաղթը։ Այդ մարդկանց, որոնց փոքր հայրենիքը Նիկոլ Փաշինյանը հանձնեց գրչի մեկ հարվածով՝ չփորձելով անգամ նորմալ նախորոշել ժամկետներն ու պայմանները, համաձայնելով հազարավոր ընտանիքների գրեթե անհապաղ ելքին՝ երեխաներով ու տարեցներով, մինչև վերջ այդպես էլ նորմալ ոչինչ չասաց դուրս գալու ժամկետների մասին, չօգնեց տարհանման հարցում... Մարդիկ ստիպված էին ինքնույրույն լուծել ունեցվածքը դուրս բերելու, տրանսպորտի և այլ բարդագույն խնդիրները, բանակցելով լավագույն դեպքում ռուս խաղաղապահների հետ, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ գյուղը զավթած թշնամու։

Այժմ, փաստորեն, նույն վիճակում են հայտնվել բերձորցիները, որոնք, ի դեպ պաշտպանել են հայրենի հողը մինչև վերջին պահը։ Ստացվում է, որ կատարվում են հայտարարության միայն այն կետերը, որոնք վերաբերում են ադրբեջանական կողմին։ Այլապես, եթե փաստաթղթում ասված է, որ հայկական կողմին տրամադրվում է 5-կիլոմետրանոց միջանցք՝ խաղաղապահների հսկողության ներքո, ապա ինչո՞ւ առաջացավ Բերձորի բնակիչներին տարհանելու հարցը։

Պարզ է միայն մեկ բան. Նիկոլ Փաշինյանն այնքան է շտապել ստորագրել Արցախի և Հայաստանի համար աղետալի հայտարարությունը, որ երևի նույնիսկ ինչպես հարկն է չի կարդացել, իսկ եթե անգամ թեթև աչքի է անցկացրել, ապա ուղեղին այդպես էլ չի հասել, թե հատկապես ինչ է ստորագրում՝ դրանով իսկ վճռելով մեր հայրենիքի և հարյուր հազարավոր մարդկանց ճակատագիրը։ Հիմա, երբ ադրբեջանական կողմն ամեն օր տարբեր միջոցներով խախտում է այդ հայտարարությունը (հիշեցնեմ, որ նոյեմբերի 10-ից ի վեր առնվազն 10 հայ գերեվարվել է, ինչը միանգամայն պատճառաբանված հիմքեր է տալիս հայկական կողմին հրաժարվելու հայտարարության կետերի կատարումից, քանի դեռ դրանք չեն պահպանվում Բաքվի կողմից), իշխանությունները մատը մատին չեն տալիս դրա համար։

Այսօր իրեն Հայաստանի վարչապետ հորջորջող անմեղսունակ անձը հայտարարել է, թե պատասխանատվություն է ստանձնում թե՛ անցյալի, թե՛ ապագայի համար։ Մի կողմ թողնենք այդ խայտառակ հայտարարության բազմաթիվ այլ տեսանկյունները, որն ուղղված է, ինչպեսև այդ մարդուց բխող ամենը, իշխանությունը ցանկացած գնով պահելուն։ Եվ կոնկրետ, տեղային հարց տանք. եթե Փաշինյանը պատասխանատվություն է կրում նաև Քաշաթաղի հանձնման համար, ապա թող պահանջի իր ստորագրած հայտարարության գոնե այդ՝ 6-րդ կետի կատարում։ Պահանջի ապահովել 5-կիլոմետրանոց միջանցքը՝ իրենց տներում բերձորցիների մնալու իրավունքով հանդերձ, ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո։

Եթե, իհարկե, ոտատակի այդ քրջի կտորն առհասարակ ի վիճակի է ինչ-որ մեկից ինչ-որ բան պահանջել կամ գոնե խնդրել: