ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԿԱՐԾ ՊԵՏՔԱԿԱՆ ԴԱՐՁԱՆ
Նախկինում կոչ էր անում սնանկացնել, այսօր հպարտություն է հայտնում
Նիկոլ Փաշինյանը մտադիր է հանդիպումների շարք անցկացնել Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ տնտեսական ակտիվության վերականգնման և ներդրումային միջավայրի հարցերը քննարկելու համար: Այդ մասին շաբաթվա սկզբին մեզ հայտնեց երկրի կառավարության մամլո ծառայությունը։
Հայաստանի կառավարության ղեկավարն արդեն հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս Հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու ԷյԷմ»-ի ղեկավար Վահան Քերոբյանի հետ:
Քննարկման գլխավոր թեման, ինչպես նշում է մամուլի ծառայությունը, եղել է կառավարության և գործարարների միջև կապերի ամրապնդումը, ներդրումային նախագծերի շարունակումը: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։
Թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ, ինչի վերաբերյալ, գործարարներից ում հետ է Փաշինյանը մտադիր հանդիպել այնուհետ, հաղորդագրության մեջ չի ասվում: Ինչպեսև այն մասին, թե ինչու հանկարծ վարչապետը բարեհաճեց շփվել բիզնես հանրության հետ և որոշեց քննարկել տնտեսական ակտիվության հարցերը։ Չէ՞ որ, ըստ էության, դա այն նույն ձեռնարկատիրական հանրությունն է, որի մասին նա ոչ այնքան վաղուց խոսում էր անթաքույց արհամարհանքով, իսկ հաճախ՝ բացահայտ ատելությամբ։
«Թալանում են գանձարանը, իսկ հետո լացուկոծ դնում»
Հիշում եք, թե ինչպես էր ուղիղ մեկ տարի առաջ նա մեղադրում բիզնեսի ներկայացուցիչներին այն բանում, թե նրանք բոյկոտում են «նոր Հայաստանի» կայացումը՝ չտրամադրելով ՀԴՄ կտրոններ, ինչով, ըստ էության, կողոպտում են պետգանձարանը։ Այնուհետ այս տարվա սկզբին կառավարության նիստում կոչ արեց սնանկացնել ոսկեզօծ աթոռներով, բայց խղճուկ արտաքնոցներով օբյեկտներ ունեցող գործարարներին։
Բառացի մեջբերում. «Եկել է պահը, երբ պետք է պարտադրանքի լեզվով խոսենք։ Եվ այո, ընդհուպ պետք ա մեխանիզմներ գտնել և բոլոր էն օբյեկտները, որոնք ստանդարտներին չեն համապատասխանում, գործունեությունը արգելել, կասեցնել, մինչև էդ ներդրումները կարվեն և էդ խնդիրները կլուծեն… Պետք ա արգելել, ուղղակի փակել, սնանկացնել բոլոր էն բիզնեսմեններին, ովքեր ոսկեջրած աթոռներ են դնում իրենց ռեստորաններում, և կոտրած ու կեղտոտ ունիտազներ են պահում իրանց բաներում` իրանց ռեստորանների զուգարաններում։ Էդ մարդկանց չպետք ա թողնել, որ իրանք գործունեություն ծավալեն էնքան ժամանակ, մինչև իրանք ոսկեջրածի փոխարեն կդնեն նորմալ աթոռներ, և կունենան ոսկեջրածին մոտիկ զուգարաններ»։
Իսկ հետո եկավ կորոնավիրուսը։ Եվ երկրի գրեթե ողջ գործարար հանրությունը համավարակի հետևանքով հայտնվեց ծանր վիճակում։ Նրան օգնել էր պետք դիմակայելու համար, ընդ որում՝ ոչ թե ինչ-որ կեղծ հակաճգնաժամային ծրագրերով՝ հարկային վճարումների և վարկային պարտավորությունների հետաձգման տեսքով, այլ արդյունավետ նախագծերի իրականացմամբ, որոնք թույլ կտային ոչ միայն դիմակայել ճգնաժամին, այլև օգտագործել այն որպես հետագա զարգացման հնարավորություն։
Բայց ո՛չ։ Նույն Փաշինյանը այս տարվա օգոստոսին, կառավարության նիստի ընթացքում խոսելով գործարար հանրության մասին, արհամարհանքով հայտարարեց, թե իբր՝ հենց որ ճգնաժամ է առաջանում, սկսում են լացուկոծ անել։
Եվ կրկին՝ մեջբերում. «Երբ հարկեր վճարելու ժամանակն է գալիս, հայտնի լացի պատմությունը սկսվում է։ Երբ սենց ճգնաժամ է, գալիս ասում են՝ դե բյուջեից 5 միլիարդ ընդեղ դրեք, 100 միլիարդ՝ ընդեղ, 60 միլիարդ՝ ընդեղ։ Որտեղի՞ց, դուք ասում էինք՝ չկա էդ փողը, հնարավոր չէ վճարել, դուք եք ձևավորում, մենք բոլորս ենք ձևավորում այդ բյուջեն»։
Ընդ որում այս անգամ բաժին հասավ ոչ թե ոսկեջրած աթոռներով գործարարներին, որոնց նա ժամանակին ուզում էր սնանկացնել, այլ տնտեսվարող սուբյեկտներին, որոնք նախընտրում են «հնարավորինս երկար, բարձր, լայն մեքենայով շրջեն, քան գումար ներդնեն գիտելիքի, տեխնոլոգիայի վրա»։
Մեղադրանքները փոխարինել է քծնանքով ու շողոքորթությամբ
Ի դեպ, բոլոր գործարարները, որոնց հետ օրերս հանդիպել է Փաշինյանը, շրջում են հենց «երկար, լայն ու բարձր մեքենաներով»։ Ավելին, նրանցից ոմանք արդեն «նոր Հայաստանի» ժամանակաշրջանում մեղադրվել են հարկերից խուսափելու մեջ՝ առանձնակի խոշոր չափերով։
Այսպես, 2018 թվականի մայիսի 30-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը, ՊԵԿ նախկին ղեկավարության հետ համաձայնեցմամբ, չի վճարել խոշոր չափերով հարկեր։ Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով («Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը՝ առանձնապես խոշոր չափերով») և 189-րդ հոդվածի 3-րդ մասով («Կեղծ ձեռնարկատիրություն»):
Այնուհետ, արդեն 2019 թվականի ապրիլին ՀՀ պետեկամուտների կոմիտեն քրեական գործ հարուցեց գյուղատնտեսական արտադրանքի խոշոր արտահանող «Սպայկա» ընկերության և դրա տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ՝ հարկեր չվճարելու համար։ Վերջինս նույնիսկ ձերբակալվեց։
Սակայն հիմա Փաշինյանը հանկարծ բուռն սիրով է տոգորվել գործարար համայնքի նկատմամբ։ Եվ նրանք, ում նա վերջերս մեղադրում էր մահացու բոլոր մեղքերի մեջ, հանկարծ դարձել են պետքական։ Տեղի գործարարների նկատմամբ նրա երբեմնի մեղադրական հռետորաբանությունն ու ամբարտավանությունը այժմ փոխարկվել են քծնանքի ու շողոքորթության։ Բավական է հիշել, թե ինչպես 2020թ. հոկտեմբերի 28-ին՝ Արցախում ռազմական գործողությունների ամենաթեժ պահին, նա իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հարկատուների վարքագիծն էականորեն փոխվել է։
«Նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։ Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է՝ մանավանդ հիմա։ Սա մեր հանրության դիմակայունության կարևոր ցուցիչ է։ Համազգային համախմբման փայլուն օրինակ։ Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը»,- գրել էր «հեղափոխական» կառավարության վարչապետը։
Սաստիկ ցանկություն է առաջանում բացականչել. «Տո դե լա՜վ, է»։ Այն մարդը, որը երկուսուկես տարի շարունակ արել է ամեն ինչ՝ մեր հասարակությանը «սևերի» ու «սպիտակների», «լավերի» ու «վատերի», «նախկինների» և «ներկաների» բաժանելու համար, այսօր խոսում է ազգային համախմբման մասին։ Այն մարդը, որը տառապում էր ոսկեզօծ աթոռների ու թանկարժեք մեքենաների նկատմամբ լուրջ բարդույթներով, որը կոչ էր անում սնանկացնել ու պարտադրանքի լեզվով խոսել կայացած գործարարների հետ, այսօր խոսում է այն մասին, թե հպարտանում է մեր գործարարներով։ Այն մարդը, որը չէր բարեհաճում արձագանքել տնտեսվարող սուբյեկտների խնդիրներին, մեղադրելով նրանց, թե «լացուկոծ են դրել», այժմ խոսում է բիզնեսի պարտաճանաչության մասին: Այն մարդը, որը հասարակ քաղաքացիներին էր վերագրում բոլոր ձախողումները մերթ կոռուպցիայի, մերթ կորոնավիրուսի, մերթ էլի ինչ-որ բանի դեմ պայքարում, այժմ խոսում է մեր հանրության դիմակայունության մասին։
Ամրության պաշարը սպառվել է
Հետ նայելով՝ կարելի է միայն զարմանալ, թե ամրության ինչ բարձր պաշար ուներ մեր տնտեսությունը, որը, չնայած այն բանին, որ արդեն 2,5 տարի շարունակ կառավարությունը դիլետանտության բերումով կամ միտումնավոր անում էր ամեն ինչ դրա զարգացմանը խոչընդոտելու նպատակով, կարողացավ արժանապատիվ դիմակայել և՛ համավարակի ճգնաժամին, և՛ արցախյան պատերազմին։
Ավելին, մենք տեսանք, որ վերջին 20-25 տարիների ընթացքում Հայաստանում հաջողվել է ձևավորել ուժեղ գործարար հանրություն, որը ծայրահեղ բարդ պայմաններում ոչ միայն կատարել է իր հարկային պարտավորություններն ու պահպանել աշխատատեղերը, այլև Արցախին օգնելու համար ահռելի գումարներ հատկացրել հիմնադրամին։ Կայունության բարձր մակարդակ ցուցաբերեց նաև մեր ֆինանսաբանկային համակարգը, որը գրագետ կառուցել են հենց այն «նախկինները» և որը կարողացավ անխափան ռեժիմով սպասարկել տնտեսությանը։
Բայց ամրության պաշարն արդեն սպառվում է, եթե չասենք՝ սպառվել է։ Կտրուկ նվազող մակրոտնտեսական ցուցանիշները, հայրենի արժույթի արժեզրկման հետ մեկտեղ, բառացիորեն «աղաղակում» են երկրի տնտեսության վերահաս կաթվածահարության մասին։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, և կհաջողվի արդյոք դուրս գալ նման բարդ վիճակից, կախված է նրանից, թե կկարողանանք արդյոք մենք ներկայումս ճիշտ վերլուծել առկա խնդիրները և ձեռնարկել դրանց հաղթահարման համար անհրաժեշտ քայլերը։ Հարցն այն է, որ որքան էլ մենք բոլորս՝ փորձագետները, պրոֆեսիոնալները, գործարարները և պարզապես սեփական հայրենիքի ապագայի նկատմամբ ոչ անտարբեր մարդիկ, փորձենք այժմ գործուն քայլեր ձեռնարկել տնտեսությունը փրկելու համար, միևնույնն է, քանի դեռ իշխանության ղեկին «սոցիալական ցածր պատասխանատվությամբ» մարդն է, որևէ զարգացման մասին խոսելն ուղղակի անիմաստ է։