Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՆԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»

«Նիկոլը վարչապետ է այնպես, աչք շեղելու համար, իսկ իրականում նա ռազմական հանցագործ է, որպիսին դարձավ հենց այն պահից, երբ իր ստորագրությունը դրեց նոյեմբերի 10-ի այսպես կոչված եռակողմ հայտարարության տակ։ Համապատասխանաբար, նա դատական պատասխանատվության է ենթակա ոչ միայն ներքին օրենսդրության, այլև Հաագայի դատարանի կանոնագրքի խախտման համար։ Եթե դիտարկենք մեր օրենսդրության տեսանկյունից, ապա խոսքն առնվազն հայրենիքի դավաճանության մասին է, ՀՀ Քր.օր.-ի 299-րդ հոդվածի»,- հայտարարում է մեր մշտական զրուցակիցը՝ փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արթուր Գրիգորյանը։

«Յուրաքանչյուր պետություն ներքին օրենսդրության շրջանակներում իրավունք ունի սահմանել, թե ինչ է պետական դավաճանությունը և առհասարակ ինչն է հանցագործություն։ Բայց տվյալ դեպքում խոսքը նաև միջազգային հանցագործության մասին է։ Այնպես որ միջազգային մակարդակով ենթադատության հարցը դեռ առջևում է։ Նոյեմբերի 10-ի «դեկրետի» ստորագրմամբ Փաշինյանը հրահրել է հայերի զանգվածային գաղթ Արցախից։ Իսկ դա, ըստ ՀՀ Քր.օր.-ի 393-րդ հոդվածի, ցեղասպանություն է, այսինքն պատասխանատվություն՝ ազգի կամ դրա մի մասի ոչնչացման, առողջությանը ծանր վնաս պատճառելու, մանկածնությանը խոչընդոտելու, բռնի վերաբնակեցնելու համար և այլն՝ տվյալ ժողովրդի ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական որոշակի պատկանելության հետ կապված։

Այսքան ժամանակ Արցախի ժողովրդի ճակատագիրը դրված էր «խաղաքարտին», իսկ հետո ինչ-որ մեկը խաղաց միջազգային խաղատանը և հանձնեց ժողովրդին։ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում էին դրան, իսկ Փաշինյանը օժանդակեց նրանց՝ ստորագրելով կապիտուլյացիայի պայմանագիրը։ Հետևանքները մենք տեսնում ենք՝ զանգվածային տեղահանությունների տեսքով։ Ուրիշ ոչ մի բանի մասին հիմա չեմ խոսում։ Սա Հայոց ցեղասպանության մասն է, որի համար Նիկոլը Ալիևի և Էրդողանի հետ հավասար պատասխանատվություն է կրում։ Նույն պատասխանատվությունը, որ կրում էին երիտթուրքերը 20-րդ դարասկզբին։

Հայաստանի վարչապետն օժանդակեց նաև ահաբեկչության տարածմանը՝ որպես այդպիսին, իր այդ ստորագրությամբ օրինականացնելով վարձկան ահաբեկիչների ներկայությունն Արցախում։ Հիշենք, ինքն է բազմիցս գանգատվել դրանից, բացահայտ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից ահաբեկիչներ են կռվում։ Եվ դա նույնպես միջազգային հանցագործությունների կարգից է, ընդ որում՝ առավել ծանր։

Ես շարունակ մտածում եմ, թե ինչպես է նա պատասխան տալու իր արարքի համար։ Թող նայի նրանց աչքերին, ովքեր այսօր Բերձորում լքում են հայրենի տունն ու գնում դեպի անհայտություն։ Իսկ երեկ դա Շուշին էր, Արցախի մյուս քաղաքներն ու գյուղերը, որոնք նա ոչնչացրեց, իսկ բնակիչներին թողեց բախտի քմահաճույքին։

Համաձայն ՀՀ Քր.օր.-ի 393-րդ հոդվածի, ցեղասպանության համար նախատեսվում է պատասխանատվություն՝ 12 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն: Ես՝ որպես փաստաբան, համարում եմ, որ Նիկոլն ու իր կինը պետք է ընդհանուր պատիժ կրեն նույն բանտախցում։ Թե ինչու, կարծում եմ, հասկանալի է բոլորին։ 1989 թվականին գնդակահարված Ռումինիայի նախագահ Նիկոլաե Չաուշեսկուն և նրա կինը՝ Ելենան, ինչում էլ որ նրանց մեղադրեն, հայրենիքի տարածքներ չեն հանձնել։ Առավելևս՝ կենդանի մարդկանցով հանդերձ։ Նման բան նրանց խղճին ծանրացած չէր։

Առաջարկում եմ հանգիստ թողնել ՀՀ Քրեական օրենսգիրքը։ Թող ժողովուրդը (ոչ թե այն «ողջ ժողովուրդը», ոչ թե «զոմբիլենդը»), այլ մտածող, հայրենասեր, իսկական հայ ժողովուրդն ինքը պատասխանի այն հարցին, թե ինչ պատժի է արժանի Նիկոլ Փաշինյան և Աննա Հակոբյան զույգը։ Իսկ ես առայժմ ավարտեմ»։

Основная тема:
Теги: