Արցախի նախագահն առաջարկել է ազգային համաձայնության իշխանություն ձևավորել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել է ազգային համաձայնության իշխանություն ձևավորել: Իր հայրենակիցներին դիմելով, ԱՀ նախագահը նշել է, որ Հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները:

«Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձևավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման և ժողովրդի բարօրության: Եթե Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության իմ ելույթում նշել եմ, որ համերաշխության ու համագործակցության ձեռքս միշտ մնալու է մեկնված բոլոր հայրենակիցներիս, ապա հիմա կուզեի ընդգծել, որ այս ճգնաժամային ու վճռորոշ պահին երկու ձեռքերս միշտ մեկնված կլինեն յուրաքանչյուրին, ով պատրաստ և ունակ կլինի գեթ մեկ աղյուս դնելու մեր Հայրենիքի վերակառուցման որմին»,- նշել է նախագահը:

Նա հորդորել է բոլորին համախմբվել:

«Ուստի, հորդորում եմ բոլոր-բոլորին՝ համախմբվել և միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլ նաև բռնել ճամփան երկարատև զարգացման ու զորացման, որը միակ ճանապարհն է արևի տակ մեր ու գալիք սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու համար: Ակնկալում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մի կողմ կդնի իր անձնական ու խմբային ամբիցիաներն ու շահերը և ուս-ուսի կծառայենք նույն ազգային նպատակներին»,- նշել է Հարությունյանը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: