Պեսկովը չի մեկնաբանել Նախիջևանի և Ադրբեջանի միջև միջանցք ստեղծելու գաղափարի մասին Ալիևի խոսքերը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող միջանցքի ստեղծման գաղափարին: Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ առաջնորդները քննարկում են տրանսպորտային հաղորդակցության թեման, հաղորդում է ՏԱՍՍ, տեղեկացնում է News.am:

«Կոնկրետ այդ թեման առանց մեկնաբանությունների կթողնեմ»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:

«Միայն հիշեցնեմ, որ մեկ կամ երկու շաբաթ առաջ մենք Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկում խոսել ենք այն մասին, որ պետությունների ղեկավարներն այլ խնդիրներից բացի քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման և զարգացման հարցերը»,-նշել է նա: Նրա խոսքով՝ «տրանսպորտային հաղորդակցությունների թեման օրակարգում է և քննարկվում է առաջնորդների կողմից»: