ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ ԴԱՎՈՍՈՒՄ
Մի շարք փորձագետներ շարունակում են տարակուսել։ Այսպես, «Վալդայ» ակումբի փորձագետ Վասիլի Կաշինն ասում է. «Հայկական կողմից ակնհայտորեն լուրջ վերաբերմունք չի ցուցաբերվել պաշտպանության նախապատրաստմանը, երկարաժամկետ ամրաշինությանը, քողարկմանը, հետախուզությանը... Ընդ որում, հայկական ծրագրման բոլոր այդ թերությունները տեսանելի էին Ադրբեջանի հետ հակամարտության դեռ նախորդ բռնկումների արդյունքներով՝ սկսած 2016 թվականից, բայց ոչ մի եզրահանգում նրանք չարեցին... Կողմերից մեկը շատ լավ պատրաստվել էր, աշխատել այդ ուղղությամբ տասնամյակներ շարունակ, մյուս կողմն ավելի թույլ էր և պատրաստվել էր մի կերպ»։
Ըստ էության, զարմանալի ոչինչ չկա. լավ էին աշխատում Ադրբեջանի հատուկ ծառայությունները՝ շինծու հիմնադրամների միջոցով շռայլորեն հովանավորելով թավշե համակազմին, որի մեծ մասը մինչև հիմա չի հասկանում, որ խաղալիք է եղել ուրիշի ձեռքում: Իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը միայն հրաժարականից հետո ասաց, որ Հայաստանում գործում են հիմնադրամներ, որոնց գործունեությունը վնասում է Հայաստանի պետական շահերին։ Մի տեսակ զգուշավոր ասաց պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրում պացիֆիզմի քարոզչության վտանգավորության մասին։ Մի՞թե միայն պացիֆիզմի, պարոն Վանեցյան:
Շատերը կհիշեն նախորդ տարվա հունվարի 23-ին Դավոսում Փաշինյանի և Ալիևի առաջին բանակցությունների ժամանակ արված լուսանկարը։ Այդ բանակցությունները տևեցին մեկուկես ժամ։ Առանձնապես ոչ մի բանի մասին չեն խոսել, կասի Փաշինյանը, քննարկել են բանակցությունների պատմությունը։ Իսկ ավելի ուշ ընդհանրապես կասի, թե՝ ձեր ի՞նչ գործն է, ինչ որ պետք է, այն էլ բանակցել ենք։ Բայց այդ լուսանկարը կհիշեն շատերը. ծեծված մեղավոր շնիկի տեսքով, վիզը ծուռ նստած է Փաշինյանը, իսկ կողքին գոհ ժպտացող Ալիևն է։ Ինչո՞ւ էր նա այդքան գոհ ժպտում։ Գիտե՞ր, որ կլիենտն արդեն կուլ է տվել խայծը, որ կարթից արդեն չի պոկվի։ Որովհետև այդ հանդիպումն արդեն այն բանից հետո էր, երբ Փաշինյանը էմիսարների միջոցով գաղտնի բանակցություննե՞ր էր վարել տարածքների հանձնման վերաբերյալ, իսկ հետո Դուշանբեում տարկետում խնդրել։
Ալիևը գիտե՞ր, որ ամեն ինչ արդեն վճռված է, և շուտով ինքը հիմքեր կունենա հանդես գալու այսօր հրապարակված հայտարարությամբ. «Մենք թշնամուց մի քանի շրջան ազատագրեցինք մարտի դաշտում ու ստիպեցինք թշնամուն վերադարձնել երեք շրջանները, և այդպիսով լուծեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա։ Եթե ոմանք կարծում են, թե այդ հակամարտությունը շարունակվում է, ապա սխալվում են։ Այսօր Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են»։
...Այսօր Ալիևը Փաշինյանին անվանում է հարբած խեղկատակ, իսկ վերջինս ի պատասխան լռում է։ Իսկ ի՞նչ անի։ Ստիպված է հանդուրժել, որ Ալիևը չբարկանա. չէ՞ որ նա պատմել է Փաշինյանի էմիսարների հետ գաղտնի բանակցությունների պատմության դեռ լոկ մի մասը, բայց դա բնավ ամենը չէ, ինչ կարող է պատմել Ադրբեջանի նախագահը։
Շատերին արդեն հասկանալի է պատերազմի ժամանակ Փաշինյանի պահվածքը և թե ինչու էր պատերազմի սկսվելու օրը նա ասում՝ «ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չպետք է ճանաչենք»։ Չէ՞ որ մինչ Ալիևը պատրաստվում էր պատերազմի, Փաշինյանը պատրաստվում էր հանձնել տարածքները, քանի որ նրա համար պատերազմն ու պատերազմական կորուստները դրա ամենանպատակահարմար միջոցն էին։ Մի՞թե դա չէ պատճառը, որ չանցկացվեց անհրաժեշտ զորահավաքը, հայկական զինված ուժերի կանոնավոր ստորաբաժանումներն այդպես էլ օգնության չհասան Արցախի Պաշտպանության բանակին, փոխարենը Փաշինյանը խանդավառությամբ կոչ էր անում անօդաչու թռչող սարքերի հարվածների տակ ընկնելու մեկնել ռազմական գործը մոռացած կամավորներին։
Նշենք մի մոռացված, բայց ցուցանշական հանգամանք. Ալիևը սկսեց պատերազմը, երբ Փաշինյանի իշխանությանը սկսեց լրջորեն սպառնալ միավորված ընդդիմությունը։ Հիշենք, որ հոկտեմբերի 8-ին նշանակված էր ընդդիմության միասնական հանրահավաքը, որտեղ ենթադրվում էր տասնյակ հազարավոր մարդկանց ներկայություն։ Բողոքող ընտրազանգվածի համախմբման հարցով զբաղվում էր Գագիկ Ծառուկյանը, որի մասին կատակում էին, թե 10 հազարից պակաս մարդ իր տոնական միջոցառումներին նա չի հրավիրում…
Եվ ահա Փաշինյանը սկսում է Ծառուկյանի քրեական հետապնդումը, նրան կալանավորում են։ Բայց դա բավարար չի թվում, և Ալիևը շտապում է օգնության՝ հասկանալով, որ եթե հանկարծ Փաշինյանը կորցնի իշխանությունը, տարածքների հանձնման մասին կարելի է մոռանալ։ Այդպես սկսվեց պատերազմը, որում կապիտուլյացիայի ստորագրումը Փաշինյանը համապատասխանեցրեց Ադրբեջանի ազգային տոնի օրվան։
... Աղդամը, Քարվաճառն ու Լաչինը առանց մարտի հանձնելու վերաբերյալ հայտնի հայտարարության ստորագրումը Փաշինյանն արդարացնում է նրանով, թե բանակը կարող էր հայտնվել շրջապատման մեջ, Ստեփանակերտը կարող էր ընկնել, և կարող էին հազարավոր զոհեր լինել։ Իսկ ես նայում եմ քարտեզին ու տեսնում, որ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի շրջապատման մեջ է, Նախիջևանից մինչև Երևան մի քայլ է։ Պատերազմի դեպքում կարող են լինել հազարավոր նոր զոհեր, մանավանդ եթե հաշվի առնենք ՀԱԷԿ-ի առկայությունը... Ուրեմն ինչո՞ւ սպասել։ Գուցե Փաշինյանը կառաջարկի միանգամից սպիտակ դրո՞շ բարձրացնել՝ ավելորդ զոհերից խուսափելու համար, և վերջակետ դնել այս պատմությանը։ Շատ ավելի հզոր ժողովուրդներ են վերացել…