Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժիսկար դ՛Էսթենը

Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էսթենը (պաշտոնավարել է 1974-1981 թվականներին) չորեքշաբթի մահացել է 94 տարեկանում։ Այս մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքական գործչի շրջապատին։

Նրա մահվան պատճառն է COVID-19 հիվանդությունը, գործակալությանը հայտնել են նրա ազգականները։

«Վալերի Ժիսկար դ՛Էսթենը մահացել է դեկտեմբերի 2-ին Լուար և Շեր դեպարտամենտում իր ընտանեկան տանը։ Նա մահացել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով՝ COVID-19-ից»,- նշված է քաղաքական գործչի ընտանիքի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ հաղորդվում է, որ «Վալերի Ժիսկար դ՛Էսթենի կամքի համաձայն՝ նրա հուղարկավորությունը կկատարվի ընտանեկան սահմանափակ շրջանակում»։

Նոյեմբերի կեսին Վալերի Ժիսկար դ՛Էսթենին հոսպիտալացրել էին Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Թուրա քաղաքի հիվանդանոցներից մեկում՝ սրտային անբավարարության պատճառով։ Սեպտեմբերի 14-ին նախկին նախագահը հոսպիտալացվել էր նաև Փարիզում՝ թոքային ինֆեկցիայի պատճառով։ Նա այդ ժամանակ բուժման կուրս էր անցել Ժորժ Պոմպիդուի անվան հոսպիտալում։

Ֆրանսիայի Ազգային ժողովը իր երեկոյան նիստի ժամանակ երկրի նախկին նախագահի հիշատակը հարգել է մեկ րոպե լռությամբ, տեղեկացնում է News.am։