ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Է. Բիգանը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը՝ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի նոյեմբերի 9-ին հայտարարությանը համապատասխան:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել այդ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացումը, ինչպես նաև հրադադարի հարցով նախորդ պարտավորությունները: Համանախագահ երկրներն ընդգծում են միջոցների կարևորությունը, որոնք ընդունվել են Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնեցմամբ՝ մարտական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար: Նրանք նաև կոչ են անում տարածաշրջանից ամբողջական և արագ դուրս բերել օտարերկրյա վարձկաններին և կոչ են անում բոլոր կողմերին աջակցել այդ հարցին:

Համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները կատարելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման և դիերի վերադարձի հետ կապված: Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված մարդկանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանների երաշխավորման կարևորությունը, այդ թվում՝ վերջին ռազմական գործողությունների ընթացքում: Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը:

Համանախագահ երկրները Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում լիարժեք համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ` այդ ոլորտներում իրենց պարտավորությունները կատարելու և մարդասիրական հասանելիություն ապահովելու համար:

Համանախագահ երկրները կոչ են անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի ինստիտուտներին և այլ համապատասխան կառույցներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին երկրներին՝ համակարգված կերպով ձեռնարկել կոնկրետ քայլեր:

Համանախագահները վերահաստատում են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին:

Համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում օգտվել ներկայիս գործող հրադադարից՝ համանախագահների հովանու ներքո խաղաղ բանակցություններ վարելու երկարատև և կայուն համաձայնագիր կնքելու համար: Այդ համատեքստում համանախագահ երկրները կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ սկսել առարկայական բանակցությունները համաձայնեցված ժամանակացույցով չլուծված բոլոր խնդիրները լուծելու համար:

Համանախագահ երկրները հիշեցնում են իրենց վճռականությունը՝ վեճերը լուծելու համար ուժի կամ սպառնալիքի չկիրառման նկատմամբ: Նրանք վերահաստատում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ հօգուտ մնացած բոլոր հիմնական առարկայական հիմնախնդիրների համաձայնեցված, համապարփակ և կայուն լուծման՝ համապատասխան և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին քաջ հայտնի հիմնարար սկզբունքներին և տարրերին: Համանախագահ երկրները նախկին պես լիովին հավատարիմ են այդ նպատակին՝ տարածաշրջանում բարգավաճման, խաղաղության, կայունության իրենց երկարամյա ջանքերին համապատասխան, տեղեկացնում է News.am: