Հայկական ու ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։

«Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը»,– նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը հաստատել է իր հանձնառությունը գերիների փոխանակման համար «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման հարցում։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: