Վազգեն Մանուկյան․ Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր. պետք է մաքրել այդ դաշտը

Այսօր շատ կարևոր հարց է Հայաստանի մթնոլորտի առողջացումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, տեղեկացնում է News.am:

«Դա միայն այն չէ, որ եկեք իրար հետ ավելի բարի լինենք: Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Իրենք մեր ժողովրդի միջոցով 2,5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք: Պետք է մաքրել այդ դաշտը»,-ասաց նա:

Մանուկյանը նկատեց, որ մեր առջև ինչքան մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք. «Ամեն մի պարտությունից սկսվում է մեր հաջորդ հաղթանակը: Մենք կարճ ժամանակում պետք է նորից ոտի կանգնենք, նորից ինքնավստահություն ձեռք բերենք, գնանք առաջ: Պարտությունից հետո պետք է ունենանք հաղթանակներ և նորից մտնենք հաղթանակած ժողովուրդների շարքը: Խոչնըդոտներ շատ կան, բայց հիմա գլխավոր խոչնդոտներից մեկը Նիկոլ Փաշինյանն է: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»: