ՍԱԳԱԳՈՂԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿԻ
Իհարկե, այսպես չէր պատկերացնում իր կառավարման մայրամուտը Փաշինյանը։ Ոչ այսպիսի խայտառակ վախճան։ Բայց դժվար թե որևէ մեկը կարեկցի նրան։
Այն, որ իրավիճակը զարգանում է ձնահյուսի սկզբունքով, ակնհայտ է։ Դա նույնքան անխուսափելի էր, որքան Երևանում տեղացած առաջին ձյունը։
Երբ հրապարակում հավաքվում է 30-40 հազար մարդ, երբ վարչապետի հրաժարականի պահանջին ամեն օր միանում են քաղաքների ու գյուղերի ընտրված նորանոր իշխանություններ, Սփյուռքի կառույցներ, նույնիսկ ուժայիններն են աստիճանաբար ուշքի գալիս։ Ահավասիկ արդեն դատախազությունը հաղորդեց, որ քրեական գործ է հարուցում արցախցիների և որոշ ընդդիմադիր գործիչների հասցեին սպառնալիքներ տարածող տականքների դեմ. սպասվող աղմկահարույց բացահայտումների և հետագա դատավարությունների առաջին ծիծեռնակը։
Արթուր Վանեցյանը Փաշինյանին համեմատում է Պանիկովսկու հետ, Ռոբերտ Քոչարյանը՝ Էլչիբեյի։ Երկուսն էլ յուրովի իրավացի են։ Բումերանգի օրենքը խիստ օրենք է։ Ողորմելի արարածը, որ դեռևս նստած է վարչապետի աթոռին, նույնացնում էր իրեն մերթ Հովհաննես Թումանյանի, մերթ Պապ թագավորի, մերթ Հիսուս Քրիստոսի հետ... Արդյունքում հայտնվեց լեյտենանտ Շմիդտի սուտ զավակի դերում, որի դագաղը վերցնելուն մեծագույն անհամբերությամբ սպասում է ողջ հանրապետությունը, քանի որ, Վանեցյանի խոսքերով, վարչապետի աթոռին նստած մարդը պարզապես «քաղաքական դիակ է, շարքային ստախոս, որը ստում է ամեն օր, ցանկացած առիթով և նույնիսկ առանց առիթի»։
Երբ Էլչիբեյը նստած էր Բաքվում, Հեյդար Ալիևը իր ժամին էր սպասում Նախիջևանում։ Հետո նրանք փոխվեցին տեղերով. Ալիևը գնաց Բաքու, Էլչիբեյը տեղափոխվեց Նախիջևան։ Մեզանում փոքր-ինչ այլ է։ Երբ Փաշինյանը նստեց վարչապետի աթոռին, Քոչարյանը հայտնվեց ճաղերի հետևում։ Թե ինչ կլինի տեսանելի ապագայում, կարծում ենք, նույնպես հասկանալի է։
Հանրահավաքը Նիկոլ Փաշինյանին ժամանակ է տվել մինչև երեքշաբթի, ժամը 12.00-ը, որպեսզի հրաժարական տա: Ընդ որում ընդդիմությունը երաշխավորում է նրա ֆիզիկական անվտանգությունը, ինչպես ավելի վաղ ասաց Քոչարյանը՝ «հումանիտար միջանցքը»։ Հանրապետության վարչապետի պաշտոնում միավորված ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ամբիոնից հայտարարեց, որ հենց իր՝ Փաշինյանի համար ավելի լավ կլինի, որ իր խաղաղ հրաժարականի պահանջով ժողովրդական շարժումը հաջողությամբ պսակվի։ Այլապես «գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»։
Գալիք շաբաթը վճռորոշ կլինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի առումով։ Իհարկե, իդեալական կլիներ իշխանությունը քաղաքական ուժերի կոնսենսուսի հիման վրա փոխանցելու սցենարը։ Որպեսզի մեր սագագող Պանիկովսկին ընդդիմության ներկայացուցիչների հետ պայմանավորվեր իշխանությունն ընդդիմության թեկնածուին փոխանցելու հետ կապված քայլերի հերթագայության մասին։ Եվ որպեսզի բանը չհասներ ողջ հանրապետությունում քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիաների, որոնց մասին ընդդիմությունն արդեն ծանուցել է, եթե Փաշինյանը շարունակի համառել։
Հարցն այն է, թե որքանով է համարժեք գնահատում իրավիճակը Փաշինյանը, ավելի ճիշտ՝ Աննա Հակոբյանը։ Արդյոք իշխանության հետ նրանց ապահարզանը քաղաքակիրթ կլինի, թե կուղեկցվի ամանեղեն կոտրելով, բոլոր կոնվենցիաների շարունակական խախտումներով, ինչը, եթե մի կողմ թողնենք այլաբանությունները, նոր սպառնալիքներ կստեղծի Հայաստանի անվտանգության համար։ Ինչևէ, լեյտենանտ Շմիդտի հայ որդու հուղարկավորությունը պետք է կայանա ցանկացած եղանակի։ Որքան էլ մեր հերոսը շարունակի համոզել իր ընտրազանգվածի մնացորդներին ու իշխող կուսակցությանը, թե ծանրաքարերը ոսկուց են, և պետք է շարունակել սղոցել դրանք, Շուրա, սղոցե՛լ…