ԱՊԱՏԻԱ՝ ԿԱՐԵԿՑԱՆՔԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՎ
Ի տարբերություն 2018 թվականի գարնան, երբ Շենգավիթում ամեն նրբանցք արգելափակված էր աղբարկղերով, վաճառասեղաններով կամ պարզապես պարապ երիտասարդների խմբերով, որոնք իրենց երևակայել էին միսիոներներ՝ Հայրենիքի համար պատմական բեկումնային փուլում, այսօր առաջին հայացքից ինչ-որ ապատիա է տիրում, ապաքաղաքականություն. քչերն են շտապում փողոց արգելափակել, քչերն են շտապում ոտքով կամ տրանսպորտով հասնել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում բողոքող ցուցարարներին, որպեսզի կասեցնեն Հայրենիքի կորստի իրական վտանգը:
Դեռ երկու ամիս առաջ կար հստակ արտահայտված միասնության զգացում։ Ամեն անկյունում դրված էին արկղեր, որոնց մեջ մարդիկ մթերք էին դասավորում զինվորների ու Արցախի համար, ամենուր հնչում էին հայրենասիրական երգեր, փակցրած էին «Հաղթելո՛ւ ենք» ձեռագիր պաստառներ։
Այսօր լռություն է տիրում. այդպես լինում է այն տանը, որտեղ սուգ է, այդպես անշշուկ քայլում ու կամացուկ են խոսում հարազատներին կորցրած մարդիկ, իրենք էլ ասես վերածվելով ստվերի։ Ընդարմացած վիճակից մարդիկ դուրս են գալիս թերևս միայն թաղման թափորների մեքենաների ազդանշաններից և զոհված հերոսների անունով ու տարիքով ծածանվող սև ժապավենները տեսնելիս. իսկ դրանց թիվը, որքան էլ ցավալի է, գնալով ավելանում է։
Սակայն ողջ այդ անտարբերությունն ու զսպվածությունը թվացյալ են. ըստ երևույթին, մարդիկ չեն կարողանում ուշքի գալ շոկից ու հիասթափությունից, վախենում են ակամայից կրկնել ճակատագրական ընտրության սխալը, հիշելով, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի. մեկ անգամ զավեշտի տեսքով, երկրորդ անգամ՝ ողբերգության։ Եվ այն հասարակ քաղաքացիները, որոնք ժամանակավորապես երևակայել էին իրենց Հայոց աշխարհի հպարտ վարչապետներ, չափազանց ծանր հատուցեցին անհոգության րոպեների դիմաց, որոնց հետևանքներն անդառնալի գտնվեցին։
Նման եզրահանգումներ են առաջանում, երբ հետևում ես, թե ինչպես են մարդիկ խանութում, դեղատանը կամ պարզապես փողոցում արձագանքում այս կամ այն արտահայտությանը՝ երկրում տիրող դրության, կապիտուլյացիայի հետևանքների, պատերազմի մասին։ Փողոցում անորոշ տարիքի ճչացող տիկնոջ նկատմամբ արձագանքը համարժեք էր. նրանից բառացիորեն գլուխը պրծացրեց ծանոթուհին, որպեսզի հեռանա ու խայտառակ չլինի: Բայց տիկինը չէր հանդարտվում. մտնելով խանութ, նա սկսեց գոռգոռալ, նայելով շուրջն ու փնտրելով կարեկցալից հայացք: Նրան զայրացրել էր Շենգավիթի փողոցներում քաղաքական ընդդիմության գնահատման վերաբերյալ հարցում անցկացնող հեռուստալրագրողների հարցը։ Միկրոֆոնով լրագրողուհուն անվանելով, ոչ դես, ոչ դեն՝ «Ծերեթելիի փողոցային», կինը սկսեց ներբողներ ձոնել «անփոխարինելի ու անբասիր» վարչապետի հասցեին, որին համարձակվում են քննադատել «կոռուպցիոներների անարժան կողմնակիցները» և պահանջել նրա հրաժարականը։ Մոտ երեք րոպե ճղավելով ու չգտնելով ո՛չ աջակցություն, ո՛չ էլ կարեկից հայացք, տիկինը փուքսը թողած հեռացավ։ Եվ այդժամ խանութում գտնվողները՝ վաճառողուհիներն ու գնորդները բոլորը քմծիծաղեցին, ինչպես սովորաբար արձագանքում են թաղի գժի արարքներին։
Մեկ այլ միջադեպ տեղի ունեցավ մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում. մսամթերքի բաժնի երկու վաճառողուհիների խոսակցությունը ակամայից ուշադրություն գրավեց։ Մեկը սկսեց անիծել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որոնք, իր համոզմամբ, «հանձնել են Արցախը»։ Նա դեռ չէր հասցրել ավարտել ճառը, երբ գործընկերուհին վրա տվեց. «Հանձնել է նա, ով ստորագրել է կապիտուլյացիան։ Ինչ է, նրա՞նք էին ստորագրել... Ամբողջը Նիկո՛լը հանձնեց»,- կտրական ասաց նա։ Զրուցակցուհին տեղնուտեղը պապանձվեց ու զբաղվեց գնորդների պատվերով։
Իսկ այս խոսակցությունը տեղի ունեցավ դեղատներից մեկում։ Հաճախորդուհին հեռախոսով խոսում ու բարձրաձայն վրդովվում էր առևտրականների ցուցադրական հայրենասիրությունից: Պարզվեց, որ հարևան խանութի մուտքի դռանը եռագույնն են փակցրել, իսկ կողքին թողել վաճառքի դրված ավելը: Եվ կինը զայրացած էր, որ ավելն այդտեղից վերցնելու վերաբերյալ իր դիտողությանը աշխատակիցները չեն արձագանքել։ «Մարդիկ ոչ մի սրբություն չունեն. Ո՞նց կարելի է պետականության խորհրդանիշը՝ դրոշը դնել ավելի հետ նույն մակարդակի վրա»,- շարունակում էր բորբոքվել կինը։ Դեղատան աշխատակցուհին սկսեց հանգստացնել նրան, և խոսակցությունը սահուն կերպով փոխարկվեց քաղաքական գնահատականների։ «Տարօրինակ է, որ մարդիկ ընդհանրապես թույլ տվեցին նման մարդուն իշխանության գալ, - վրդովվում էր աշխատակցուհին։- Ախր հո Մարսից չէր իջել։ Հաստատ կային մարդիկ, ովքեր գիտեին նրա էությունը, թե ինչպես է իրեն դրսևորել լրագրության մեջ։ Թե ոնց է «քաշել» մարդկանց ու փող սարքել կոմպրոմատների վրա... Եվ այդպիսի սուբյեկտին իշխանության բերեցին գլխներին դրած։ Նրան վստահեցին երկիրը։ Ահա և արդյո՛ւնքը…»։
Քիչ հեռու կանգուն ծեր կինը, հավանաբար վստահությամբ տոգորվելով զրուցակիցների նկատմամբ, արդեն փողոցում հասավ հաճախորդուհու հետևից ու ասաց, որ ծախված մարդկանց, առավելևս թշնամուն հող ծախող քաղաքական գործիչներին միջնադարում ցցի էին հանում։ «Նիկոլն էլ է ցցի՛ արժանի»,- սրտանց գոչեց կինը և արագ սպրդեց հետնաբակ, ըստ երևույթին՝ վախենալով իշխանություններին քննադատելու հետևանքներից:
Իսկ հասարակական տրամադրությունների ախտորոշումը տվել է պոլիկլինիկաներից մեկի բժիշկը, բացատրելով ապատիայի փոխարկվող, իսկ այնուհետ չպատճառաբանված ծիծաղի վերածվող տագնապի այդպիսի աստիճանը օրգանիզմի բնական ռեակցիայով, որն այդ կերպ ազատվում է սաստիկ ստրեսից, անվանելով այդ հոգեվիճակը «հետվնասվածքային ստրեսային խանգարում»։