ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ
Փաշինյանի շուրջ օղակը շարունակում է սեղմվել։ Արդեն նաև ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանն է խոսում այն մասին, որ պատերազմը կարելի էր կանխել ավելի վաղ՝ առանց այդքան կորուստների և ավելի լավ պայմաններով, և որ «հնարավոր էր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին»։
Իր վերջին ուղերձում Հարությունյանն ասաց, որ հիմա այդ մասին մանրամասն չի խոսի, բայց անպայման կբացի բոլոր փակագծերը և կանի դա շատ շուտով: Արայիկ Հարությունյանը խոսեց նաև այն մասին, որ բոլորը հասկանում են, թե ով և որտեղից է իրականում ղեկավարել պատերազմը, և որ ինքը պատրաստ է պատասխանել քննության հարցերին, որն անպայման պետք է կայանա, այդ թվում պաշտոնատար անձանց գործողությունների և վարքի առնչությամբ՝ լիազորությունների չարաշահման, հնարավոր դավաճանության մասով…
Արայիկ Հարությունյանը շատ բան ունի ասելու, և նա ընդունում է սեփական մեղքը տեղի ունեցած ամենի համար։ Վիտալի Բալասանյանին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելը դրա հաստատումն է։ Այն Բալասանյանին, որը Փաշինյանի ընդդիմախոսն էր այդ խելագար անձնավորության իշխանության գալու առաջին իսկ օրվանից։
Այսօր Արայիկ Հարությունյանը խոսում է իր պատասխանատվության մասին, այն մասին, որ Արցախի համար բնավ ամենաբարենպաստ ժամանակն ու պայմանները չեն արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, և միայն այդ պատճառով հրաժարական չի տալիս։ Դժվար է չհամաձայնել, մանավանդ որ Հարությունյանն ընդգծում է. այսուհետ պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող որոշումները կընդունվեն միայն Անվտանգության խորհրդի հավանությամբ, որը ղեկավարում է Բալասանյանը։
Արայիկ Հարությունյանն ընդունում է իր մեղքը Արցախի այն հրամանատարների առջև, որոնց պատերազմի ժամանակ և դրանից առաջ Նիկոլը մղեց երկրորդ պլան՝ հանուն իր հավակնությունների։ «Հաստատելու եմ նաև կառավարության նոր կազմը՝ կատարելով նշանակալի կադրային փոփոխություններ, այդ թվում՝ ուժային կառույցներում: Ընդգծեմ, որ նոր կադրերի ընտրության հարցում հնարավորինս առաջնորդվելու եմ նրանց մարդկային ու մասնագիտական արժանիքներով և հանրային հեղինակությամբ։ Արցախի Հանրապետության պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող՝ Նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ, մնացած մարմինների կողմից ընդունվող վերաբերելի իրավական ակտերի մասով եզրակացություններ տալու համար կմշակվեն համապատասխան մեխանիզմներ։ Անվտանգության խորհրդի կազմը կընդլայնվի, որում ընդգրկված կլինեն ոչ միայն կոնկրետ լիազոր պաշտոնատար անձինք, այլ նաև հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ»,- ասվում Է Արայիկ Հարությունյանի ուղերձում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակվել էր Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Արցախի նախագահը խոսում է այն մասին, որ 10 օր շարունակ օգնություն է խնդրում Երևանից, բայց չի ստանում: Արայիկ Հարությունյանը չհերքեց խոսակցության իսկությունը, որը վկայում է շատ բանի, այդ թվում նաև այն մասին, որ ինչպես էլ դասավորված լինեն իրենց հարաբերությունները նախկինում, Արցախին «քաշելը» Հարությունյանը Փաշինյանին չի ների։
ԿԱՐՈ՞Ղ ԷՐ ԱՐԴՅՈՔ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՅԼ ԿԵՐՊ ԳՈՐԾԵԼ։ Հեշտ է ասել, թե կարող էր, բայց ակնհայտ են նրա մտավախությունները, որ այդժամ կզրկվեր Երևանի առանց այդ էլ սուղ ու անհետևողական աջակցությունից. Արայիկ Հարությունյանը շատ բան ունի ասելու այն վերջնագրերի մասին, որ ստացել է Երևանից՝ կադրային քաղաքականության, փորձառու հրամանատարների հեռացման մասով։ Դե, նաև այն մեծ «բարոյական աջակցության», որ, Փաշինյանի խոսքերով, Արցախում ցուցաբերել է իր կինը՝ Աննա Հակոբյանը…
Հարությունյանի ուղերձից հետո Փաշինյանը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին՝ իր հայտարարությունների հերթական չափաբաժնով ուշադրությունն իր վրա սևեռելու և Հարությունյանին անուղղակիորեն հակադարձելու նպատակով, թե իբր՝ բնավ ինքը չէ այն ամենի գլխավոր մեղավորը, ինչ տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից առաջ։ Բայց որքան էլ Նիկոլը վնգստա, թե ինքը պատասխանատու է, բայց «գլխավոր մեղավորը չէ», այդ նվնվոցը ոչ մեկին պետք չէ։ Փնտրել մեղավորներին իր իշխանության գալու նախորդ տարիների մեջ. սա վախկոտ մարդու արդարացում է: Այն նախորդ տարիներին, որոնց մասին խոսում է Փաշինյանը, իր նախորդները պահում էին դիրքերը թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ ռազմաճակատում՝ բառիս բուն իմաստով։ Եվ նրան փոխանցեցին կայացած երկու պետություններ, որոնք նա այսօր էլ շարունակում է հետևողականորեն փլուզել։
Հարությունյանը պատրաստ է պատասխան տալ և հաստատ մտադիր չէ պահել Նիկոլի թիկունքը, քողարկել նրա անիրազեկությունը, դավաճանությանը սահմանակից անձնապարծ ինքնասիրահարվածությունը։ Պաշտպանել մի մարդու, որը պատերազմի առաջին օրն արդեն հող էր նախապատրաստում և խորհրդարանի ամբիոնից հայտարարում, թե «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»։