ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ, կամ Protect ARTsakh

Դեկտեմբերի 14-20-ին Artscoops հարթակում կայացավ «Պահպանենք Արցախը», կամ Protect ARTsakh անվանումը կրող բարեգործական աճուրդը՝ Արցախին օգնության ձեռք մեկնելու նպատակով: Աճուրդին մասնակցեցին արվեստագետներ աշխարհի 4 մայրցամաքներից: Ողջ հասույթը կփոխանցվի Արցախում պատերազմից վնաս կրած մեր հայրենակիցների ընտանիքների օգնությանը:

Лара Арсланян

Աճուրդի 60 մասնակիցները ներկայացրեցին արվեստի տարբեր բնագավառներ՝ գեղանկարչություն, գրաֆիկա, լուսանկարչություն, քանդակ, պատկերազարդում, հագուստի ձևավոևում, զարդանախշ: Ընդամենը վաճառքի էր դրվել 78 աշխատանք, որոնց հեղինակները միջազգային համբավ ունեցող և անգամ ժամանակակից արվեստի մրցանակակիր վարպետներ են: Նրանց թվում են Վենետիկի 56-րդ Բիենալեում կայացած Ոսկե Առյուծ մրցանակաբաշխության մասնակիցներ Միքայել Օհանջանյանը (Հայաստան), Այկատերինի Ջեգիսյանը (Հունաստան), Հրայր Սարկիսյանը (Սիրիա), Ռոսանա Պալազյանը (Բրազիլիա), Սիլվինա Տեր-Մկրտիչյանը (Արգենտինա), Մխիթար Կարապետյանը (Բելգիա) և Արամ Ջիբիլյանը (ԱՄՆ): Աճուրդին բացի հայազգի արվեստագետներից մասնակցում են նաև օտարերկրացի վարպետներ՝ ֆրանսիացի քանդակագործ և նկարիչ Լիոնել Էսթիվը, իրանցի նկարչուհի Արգավան Խոսրավին, ամերիկացի քանդակագործ Ադամ Պարկեր Սմիթը, եմենցի վիզուլ արտի վարպետ, լուսանկարիչ Իբի Իբրահիմը և այլոք։ Իրենք էլ միացան Հայաստանի և Սփուռքի արվեստագետներին, որպեսզի օգնեն Արցախին:

Աճուրդը նախաձեռնել են ճանաչված սփյուռքահայ արվեստագետներ Լարա Արսլանյանը (Բելգիա), Կարապետ Պարտագճյանը (Լիբանան) և Սարին Սեմերջյանը (Սիրիա): Ինչպես նշեց Կարապետը, իսկզբանե իրենք մտածում էին իրագործել փոքր նախագիծ Ֆեյսբուքի կամ այլ սոցիալական կայքի միջոցով՝ հայ արվեստագետների մասնակցությամբ: Սակայն գաղափարը հետաքրքրեց բազում արվեստագետների, որոնք նույնպես ցանկացան իրենց օգնությունը ցուցաբերել Արցախին: Գաղափարը ընդլայնվեց, աճուրդը նույնպես: Որոշվեց այն անցկացնել Artscoops-ում, որը Բեյրութում գտնվող առցանց արվեստի հարթակ է և աճուրդների, մասնավոր վաճառքների միջոցով ցուցադրում է Միջին Արևելքի՝ տարբեր արվեստագետների և պատկերասրահների կողմից ներկայացվող ժամանակակից արվեստը։

«Դեռ պատերազմի առաջին օրերին՝ հոկտեմբերի սկզբերին ես, Լառան և Սարինը փորձեցինք հասկանալ, ինչպես կարող ենք օգտակար լինել Հայրենիքին: Նախագիծը մշակելիս պարզվեց, որ բոլորս ունենք բավական փորձ, գիտելիք և հմտություններ արվեստի տարբեր բնագավառներում, - պատմեց Կարապետ Պարտագճյանը: - Լառան կրթություն է ստացել արտ-բիզնեսում, պատկերասրահներում աշխատելու փորձ ունի: Ես բազմակի անգամ ցուցահանդեսներ եմ կազմակերպել տարբեր երկրներում, ունեմ լոգիստիկ աշխատանքի փորձ: Սարինն էլ հայտնի է միջազգային ասպարեզում որպես ժամանակակից արվեստի վառ ներկայացուցիչ: Մենք կարողացանք օգտագործել մեր ներուժը, բազմակողմանի կապերը և նախագծի շուրջ հավաքել հայտնի արվեստագետների»:

Բարեգործական աճուրդը անց կացվեց Արսլանյան հիմնադրամի հովանու ներքո: Հիմնադրամը իր վրա վերցրեց բոլոր ծախսերն ու հավելյալ 30.000 ԱՄԴ նվիրաբերեց «Պահպանենք Արցախը» նախագծին: Այս գումարը և աճուրդի ողջ հասույթը կփոխանցվի միջազգային ոչ առևտրային մարդասիրական կազմակերպություններին՝ հումանիտար ծրագրերը ֆինանսավորելու և Արցախից տեղահանած ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար: Լառան, Կարապետը և Սարինը համոզված են. աճուրդը կօգնի իրազեկել աշխարհին Հայաստանում և Արցախում տիրող ծանր իրավիճակի մասին։

«Աճուրդի բոլոր մասնակիցները պատրաստ էին համախմբվել Արցախի շուրջ, նվիրել իրենց արվեստի գործերը, իրենց ժամանակը, գիտակցում էին, որ մենք՝ կազմակերպիչներս, այս օրերին նույնպես կողքի ենք դրել մեր հիմնական աշխատանքը և ամբողջությամբ նվիրվել նախագծին, - շարունակեց Կարապետը: - Մեզ հաջողվեց հավաքել 100 հազար դոլար: Գումարի մի մասը կտրամադրվի «Նարեկացի» արվեստի կենտրոնին, որը կորցրել է իր հիասքանչ ​​մասնաճյուղը Շուշիում, բայց շարունակում է իր բարեգործական գործունեությունը: «Նարեկացի» ԱԿ-ի ղեկավար Նարեկ Հարությունյանը և աշխատակիցները այժմ զբաղված են Շուշիի, ինչպես նաև Արցախի այլ բնակվայրերից Հայաստան ժամանած ընտանիքներին մարդասիրական օգնությամբ»:

Կարապետ Պարտագճյանն ասաց, որ «Նարեկացի» կենտրոնը պատահական չէ, որ ընտրվել է որպես գործընկեր-կազմակերպություն: Մի քանի տարի առաջ Կարապետը Հայաստանի ազգային պատկերասրահում նախագիծ էր իրականացրել, այդ ժամանակ էլ հանդիպել էր Նարեկ Հարությունյանին, այցելել նրա մշակույթի կենտրոնը, ծանոթացել ծրագրերին և մասնակիցներին, հասկացել, թե ինչ լայնածավալ աշխատանք է կատարվում այս կրթամշակութային օջախում: Այն են՝ կրթական, ցուցահանդեսային, գիտական, հրատարակչական ծրագրերը, ծավալուն համերգային գործունեությունը և այլն: Կարապետի խոսքերով, աճուրդի հասույթից «Նարեկացի» կենտրոնին տրամադրվող գումարը նախատեսվում է ծախսել հիմնականում կրթական ծրագրերի վրա: Օրինակ՝ Շուշիի մասնաճյուղի երեխաներին կրթաթոշակ հատկացնելու`Հայաստանում արվեստի տարբեր ոլորտներում ուսումը շարունակելու համար: Ադրբեջանի տիրապետության տակ անցած արցախյան բնակավայրերը լքած հայկական ընտանիքները, այդ թվում հղի կանայք նույնպես մարդասիրական օգնություն կստանան:

Сарин Семерджян

Ինչ վերաբերում է աճուրդին, այստեղ կարելի էր գնել արվեստի զանազան գործեր 150-ից 10000 ԱՄՆ դոլար արժողությամբ: Գնորդները տարբեր երկրներից էին: Աշխարհի ամենամեծ աճուրդներից մեկը՝ Sotheby's-ը՝ իր 150 հազար հետևորդներով, նույնպես հետաքրքրվել է Protect ARTsakh աճուրդով: Լարան, Կարապետը և Սարինը հուսով են, որ աճուրդը կօգնի զգալի գումար հավաքել և աջակցել Արցախի մեր հայրենակիցներին: Հնարավոր է, որ մի քանի ամիս անց նրանք և նման աճուրդ կազմակերպեն:

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի հետ, մենք չէինք կարող տեսնել ամենավատ երազում, - դառնությամբ ասաց Կարապետ Պարտագճյանը: - Բայց մենք չենք հանձնվում, հույսերս կապում ենք Աստծո հետ, մեր Հայրենիքի լավագույն որդիների հետ և հավատում ենք, որ մայրամուտից հետո անպայման արշալույս կլինի»:

 

Основная тема:
Теги: