Գորիսի քաղաքապետ․ Սյունիքից էլի գոտիներ կան, որ պետք է հանձնվեն

Սյունիքից էլի գոտիներ կան, որ պետք է հանձնվեն, այդ պատճառով էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ձերբակալելու հրաման է տվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, տեղեկացնում է News.am:

Նրա խոսքով՝ սյունեցիները մինչև վերջ կռվել են և կարողացել են պահել իրենց դիրքերը, իսկ ՊՆ նախարարը մինչ օրս չի պարզաբանում՝ ինչու հանձնեցին այն հողերը, որոնք համաձայնագրում չէր նշված։

«Մեր խնդիրը կապված է բնակչության անվտանգության հետ, ո՞նց եք պատկերացնում մեկ մետր քայլեք ու հանդիպեք թուրքին, ո՞նց պետք է երեխաներին պահեն: Երևանում իրականությունը այլ է, եկեք մեր մոտ, տեսեք՝ ինչ է կատարվում»,-ասաց Գորիսի համայնքապետը:

Առուշանյանի խոսքով՝ Որոտան գյուցի ջոկատը GPS-ով սահմանված բնագծից 26 կմ առաջ դիրքը պահել են, սակայն այդ դիրքը ևս մեկ օրում հանձնել են.

«Հիմա Գորիս-Կապան ճանապարհով գնալիս հաճախ կտեսնեք թուրքական մեքենանաներ, նրանք նույնքան լիազորություններ ունեն, որքան մենք։ Էս մարդիկ ոչ թե քարտեզ չգիտեն, այլ նաև հայրենասերի մի բան չկա, մեր քաղաքացու անվանգության համար նույնիսկ մի տոկոս չեն մտածում։ Դուք չե՞ք կարողանում բանակցել, որ գոնե մի քանի կիլոմետր հատված թողեիք, որ մարդիկ անվտանգ գնային-գային»։

Նրա խոսքով՝ ողջ զենք-զինամթերքը ձեռք են բերել իրենց միջոցներով, կառավարությունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերել. «Այս ամբողջ ընթացքում պետական մի սուբյեկտ չի կարող ասել, թե ինքը մի գործառույթ կատարել է: «Բեսթ Ռոուդե» ընկերությունը, որ ասում են, թե պատկանում է ինձ և 16 միլիոն դրամի չարաշահում է արել, այդ ընկերությունը պատերազմի ամբողջ ընթացքում ողջ զինտեխնիկայի տեղափոխումն է կատարել և ծիծաղելի է 16 միլիոն դրամ, որովհետև, գուցե, մեկ օրվա վառելիքի գումարն է այդքան եղել»։

Նա նշեց, որ այդ կազմակերպության երկու սեփականատերերից մեկը իր ընկերն է, մյուսը բարեկամն է, ով ՌԴ-ում նույն բիզնեսով է զբաղվում և Գորիսում մոտ 4 միլիոն դոլարի ներդրումներ է արել:

«Երբ մենք Ջաբրաիլում էինք, պետությունը մեզ չէր տվել տարրական «բռոնի ժիլետը» կամ «կասկան», այդ նույն ընկերությունը երեք օրվա մեջ հասցրել էր ոչ միայն մեր զորքի, այլ մի քանի հարյուր մարդկանց և մի քանի հարյուր միլիոն դրամի գործողություն է արել: Որևէ լիցենզիա պետությունը այդ ընկերությանը չէր տալիս, ես առիթ եմ ունեցել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձանց երեք անգամ հարցնելու, թե ինչու շինթույլտվություն տալիս, ինչո՞ւ ենք խոչընդոտում»,- ասաց նա։

Քաղաքապետը նշեց, որ կորպուսի հրամանատարը եղել է իրենց հետ, ով իր վրա դրված խնդիրն առավելագույնը կատարել է:

«Գորիսի համայնքապետարանը պատերազմի ողջ ընթացքում մեր նահատակված եղբայրների դիերը տեղափոխելու բոլոր գործառույթները կատարել է, դա մեր տիրույթում չէ, և այդ մեքենաները այդ նույն ընկերությանն են եղել: Մենք ուզում ենք մեր հասարակությանը պարզ լինի, որ այս ամենը, որ կատարվում է, ոչ քաղաքական ենթատեքստ կա… ուղղակի այս մարդիկ չեն ուզում աշխատել, իրենց համար մեկ են այս հողերը»,- նշեց նա։

Առուշանյանը շեշտեց, որ ներկա կառավարությունը վայրկյան շուտ պետք է հեռանա. «Իրենք չգիտեն, թե ինչ է «պոստը», թշնամին հարյուրավոր տեխնիկա է բերում, մե՞նք ինչ ենք անում։ Ես դաստիարակվել եմ հետևյալ սկզբունքով առաջինը՝ իմ կրոնը, հայրենիքը, այն հողը, որ ինձ կյանք է տվել, հետո իմ ընտանիքը, իմ անձը: Դա ինձ համար ավելի թանկ է, քան իմ ես-ը: Երևանում այլ է իրականությունը, դա տեղում պետք է տեսնել, թե մեր քաղաքացիները ինչպես պետք է ապրեն»։