Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ԻՆՉՈ՞Ւ ԱՄԵՆԱԴԺՎԱՐ ՊԱՀԻՆ ԵՄ-Ն ԱՆՏԵՍԵՑ ՀԱՅԵՐԻՆ

Վերջերս Արևելյան Գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ ԵՎՐԱՆԵՍԹԻ համանախագահ, Լիտվայի Հանրապետության նախկին վարչապետ, Եվրոպական խորհրդարանի գործող պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը հրապարակել է մի հետաքրքիր հոդված՝ «Անդրկովկաս՝ Հայաստանի երկընտրանքը» վերնագրով, որտեղ անդրադառնում է Արցախյան երրորդ պատերազմին և Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին։

Իմ գործընկերոջը ճանաչում եմ անձամբ, թե Եվրանեսթի, թե Եվրոպական Ժողովրդական կուսակցության տարբեր հարթակներում քանիցս շփվել ենք և կարծիքներ փոխանակել: Շնորհակալ եմ պարոն Կուբիլիուսին, որ մտահոգ է Հայաստանի ճակատագրով, վստահ եմ, այդ մտահոգությունն ազնիվ է ու ինքը շահագրգռված է մեր երկրի առջև ծառացած խնդիրների լիարժեք լուծմամբ։

Սակայն հեղինակի ներկայացրած նյութի մեջ խնամքով շրջանառված մի շարք կարևոր հարցեր ստիպում են ինձ անդրադառնալ հրապարակված հոդվածին: Փորձեմ ներկայացնել դրանք։

Պարոն Կուբիլիուսը Հայաստանի համար ԵՄ հետ հարաբերությունների տեսլականն է ներկայացնում, սակայն չի տալիս հայ հասարակությանը հետաքրքրող հիմնական հարցի պատասխանը. առհասարակ ո՞ւր էին ԵՄ-ն և հավաքական Արևմուտքը այս պատերազմի ժամանակ։

Ինչպես ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, այնպես էլ ես, որպես ՀՀ-ԵՄ ջերմ հարաբերությունների կողմնակից և երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում իմ որոշակի ներդրումն ունեցած գործիչ, այս պատերազմի ընթացքում և դրանից հետո ԵՄ-ից ակնկալում ենք մի շարք տրամաբանական քայլեր, որոնք այդպես էլ չկատարվեցին։

Ինչո՞ւ պատերազմն այսպիսի ավարտ ունեցավ, արդյո՞ք ԵՄ-ն ոչ մի կերպ չէր կարող ավելի վճռական քայլերով կանխել հայ ժողովրդին պատուհասած այս աղետը, ինչո՞ւ ամենադժվար պահին ԵՄ-ն անտեսեց հայերին։ Հասկանալի է պարոն Կուբիլիուսի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, սակայն դա մի կողմ դնելով, խոսենք բացառապես օբյեկտիվ տվյալներով։

Ինչո՞ւ ԵՄ-ն այդպես էլ հասցեական ձևով չդատապարտեց ադրբեջանական ագրեսիան, Թուրքիայի ուղղակի ներգրավումը պատերազմին, Հայաստանի և Արցախի դեմ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի օգտագործումը, վարձկանների ներգրավումը, հայկական մշակութային, հոգևոր ժառանգության ռմբակոծումը, հիվանդանոցների թիրախավորումը։

Ինչո՞ւ ԵՄ կողմից պատշաճ արձագանք չեղավ Ադրբեջանի իրականացրած բազմաթիվ պատերազմական հանցագործություններին՝ այդ թվում կասետային և ֆոսֆորային ռումբերի օգտագործում, գերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների տասնյակ դեպքեր և այլն։

Ինչո՞ւ չկիրառեց պատժամիջոցների ռեժիմ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, ինչո՞ւ Ադրբեջանի նկատմամբ չդրվեց ռազմական տեխնիկայի արտահանման էմբարգո։

Ինչո՞ւ չհայտարարեց, որ հետաձգում է ԵՄ-Ադրբեջան ռազմավարական համաձայնագրի շուրջ բանակցությունները, ավելին, այժմ էլ այդ բանակցությունները ակտիվորեն շարունակվում են։

Առհասարակ, երբ խոսվում է տարածաշրջանում ԵՄ դերակատարության մասին, մի պարզ հարց է ծագում. ԵՄ-ն այլևս ինչպե՞ս կարող է Հայաստանի համար վստահելի գործընկեր լինել, տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ օրակարգ ունենալ խաղաղ ժամանակ, եթե պատերազմի ընթացքում, երբ ավելի սուր է աշխարհաքաղաքական խաղացողների ներկայության կարևորությունը, վերջինս առհասարակ բացակայում էր, ինչը փաստացի նշանակում էր լուռ խրախուսել հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիան:

Ի դեպ, խոսելով Արևելյան Գործընկերության տարածքի մասին, որի մաս են թե Հայաստանը, թե Ադրբեջանը, Կուբիլիուսը, որպես Եվրանեսթի ԽՎ համանախագահ, ոչինչ չի գրում այն մասին, թե ինչո՞վ պետք է զբաղվեր հիմա այդ հարթակը։ Արդյո՞ք այդ կառույցը անելիք չունի գերիների, պատանդների, դիակների փոխանակում և մի շարք այլ կարևոր ու անհապաղ արձագանք պահանջող խնդիրների հետ կապված։ Եվրանեսթը այն հարթակն էր, որ կարող էր, օգտագործելով իր գործիքակազմը, զբաղվել այս առաջնահերթ խնդիրներով, իսկ նմանատիպ սուր խնդիրների առկայության պայմաններում օդում արվող առաջարկները չեն կարող գրավիչ լինել։

Պարոն Կուբիլիուսը իր հոդվածում հղում է անում մի գաղափարի, ըստ որի՝ աղետից հետո երկրի վերականգնման ուղիներից մեկը նաև աշխարհաքաղաքական կաղապարներից դուրս գալն է։

Արդյո՞ք Կուբիլիուսը տեղյակ չէ, որ Հայաստանը մինչև այս պատերազմը, ավելի ստույգ՝ մինչև 2018թ.-ի իշխանազավթումը, ուներ զարգացած բազմավեկտոր, բազմակողմ արտաքին քաղաքականություն, որտեղ ՌԴ-ի հետ բազմաթիվ առանցքային կապեր փոխլրացվում էին Արևմուտքի՝ այդ թվում ԵՄ-ի հետ հարաբերություններով։ Արդյոք հեղինակը չի՞ կարծում, որ տարածաշրջանային աղետի ընթացքում ԵՄ-ի փաստացի բացակայությունը ու Հայաստանին ու հայերին այս պատերազմում անտեսելը կարող է իրոք բերել աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերի, սակայն հակառակ ուղղությամբ. Հայաստանի նախկինում բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը կդառնա միավեկտոր։

Խոսելով Արցախի հետագա ճակատագրի մասին, Կուբիլիուսը համեմատականներ է անցկացնում Կոսովոյի հետ, որտեղ կիրառվեց արևմտյան անվտանգային մեխանիզմը, ի դեպ, սկսած 2004թ.-ից՝ նաև հայ խաղաղապահների մասնակցությամբ։ Այդ օրինակը, սակայն, կիսատ է, քանզի այդ առաքելությունն ի վերջո հանգեցրեց նրան, որ Կոսովոն դարձավ անկախ պետություն, որը ճանաչվել է ԵՄ անդամ երկրների մեծամասնության կողմից։ Եթե հեղինակը խոսում է Կոսովոյի սցենարի մասին, ինչո՞ւ չի առաջարկում նաև այդ հեռանկարը Արցախի համար։ Չէ՞ որ այդ խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում պաշտպանում էր ոչ միայն խաղաղ կյանքը, այլև Կոսովոյի ինքնորոշման իրավունքը։

Վերջին պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար առաջնային է մնում ֆիզիկական անվտանգության օրակարգը: Առանց այդ խնդրի լուծման, մնացած հարցերն անիմաստ են։ Ականջահաճո առաջարկներն ու տեսական գաղափարները գեղեցիկ են մինչ այն պահը, երբ բախվում են տարածաշրջանային ծանր իրականության հետ, որտեղ ցանկացած սխալ աշխարհաքաղաքական քայլ կարող է կործանման տանել մի ամբողջ ժողովուրդ։

Հ.Գ. Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում ավարտվեց Ադրբեջանից դեպի ԵՄ ձգվող նոր խոշոր գազատարի շինարարությունը և ամբողջությամբ գործարկվեց ԵՄ-ի համար այդքան կարևոր Հարավային էներգետիկ միջանցքը: Գուցե սա՞ էր Արևմուտքի լռության պատճառը…

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ

Aravot.am