Վալենտինա Մատվիենկո․ Ղարաբաղի կարգավիճակը լրացուցիչ բանակցություններ է պահանջում
Ռուսաստանը հույս ունի, որ միջազգային ջանքեր կգործադրվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լրացուցիչ բանակցություններ է պահանջում։ Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն, Ֆրանսիայի նախագահը, ԱՄՆ–ի նախագահն ու այն պետությունները, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում, ջանքեր կգործադրեն։ Դեռ շատ բարդ աշխատանք կա անելու, բայց ամենակարևոր ձեռքբերումը կա` իրականացվել են այն միջազգային պայմանավորվածությունները, որոնք սահմանել են Ադրբեջանին պատկանող հողերի վերադարձը․․․ Դա խոսում է հենց այն մասին, որ Ռուսաստանն առանցքային դերակատարություն է ունեցել», - ասել է Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը թույլ չի տվել, որ հակամարտության հետագա էսկալացիա տեղի ունենա ու մարդկային նոր զոհեր լինեն։
«Դա շատ բարդ համաձայնություն է եղել, դրան հասնելը հեշտ չէր․․․ Այսօր հենց ռուս խաղաղապահներին են հակամարտության գոտում պահում այդ համաձայնությունը, չեն թողնում խախտել դրա պայմանները, թույլ չեն տալիս վերադառնալ զինված բախումներին, նպաստում են խաղաղ կյանքի հաստատմանը», - ավելացրել է Մատվիենկոն։