Ադրբեջանցիները Եղցահողից 4 կմ հեռու են քաշվել

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ Շուշիի շրջանի` հայկական վերահսկողության տակ գտնվող երեք գյուղերում անվտանգությունն ապահովված է։

«Հին Շեն գյուղում իրավիճակը նորմալ է։ Ես ինքս երկրորդ անգամ եմ գնացել այնտեղ, բնակիչներն այնտեղ են, երեխաներն այնտեղ են։ Ռուս խաղաղապահները կանգնած են դպրոցի կողքին։ Կյանքի համար բոլոր պայմանները կան, անվտանգությունն ապահովվում է»,-ասաց Գաբրիելյանը։

Գյուղից ոչ հեռու ադրբեջանական դիրքերն են, սակայն անվտանգությունը ռուս զինծառայողների հետ միասին գյուղում ապահովում են նաև հայ զինվորականները:

Բնակչության վերադարձի հետ կապված խնդիր առայժմ կա մեկ այլ գյուղում՝ Մեծ Շենում։ Այն բանից հետո, երբ ավելի վաղ ադրբեջանցիները մոտեցել էին գյուղին, բնակչությունը երկրորդ անգամ էր դուրս եկել այնտեղից։ Հիմա նրանք հեռացել են գյուղից, բայց մարդիկ դեռ չեն վերադարձել, բնակավայրում մի քանի մարդ է մնացել։

«Մարդիկ կարող են հանգիստ երթևեկել Հին Շենի և Եղցահողի միջև ընկած ճանապարհով։ Այսինքն՝ այս փուլում անվտանգություն կա»,-նշեց Գաբրիելյանը։

Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ գյուղը պահպանում են հայկական ստորաբաժանումները: Ադրբեջանցիներն ավելի վաղ փորձել են գրավել գյուղը, բայց հայկական կողմը խաղաղապահներին ապացուցել է, որ Եղցահողը պետք է մնա հայերի ձեռքում։

«Հիմա նրանք (ադրբեջանցիները. խմբ) գյուղից մոտ 4 կմ են հեռու։ Նրանք իրենց դիրքերում են կանգնած, մենք՝ մեր։ Բոլոր գյուղերի հետ կապ կա։ Իրավիճակը կայուն է։ Ադրբեջանցիների կողմից նույնպես հանգիստ է»,-ասաց Հակոբյանը։