Ռուբեն ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ. ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՅՈՒՆ Է, ԻՍԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՆ ԼԻՆԵԼ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2020 թվականին ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակվել են 20 նոր դատավորներ

2020 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը ունեցել 84 նմիստ, որից 37 նիստերի ժամանակ ԲԴԽ-ն հադես է եկել որպես դատարան և ընդունվել է 242 որոշում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

2020 թվականին ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակվել են 20 նոր դատավորներ, դրանցից 12 դատավորներ նշանակվել են թեկնածուների ցուցակից, 7 դատավոր տեղափոխվել է առաջին ատյանի դատարանի այլ դատարան և մեկ դատավոր նշանակվել է դատարանի նախագահ:

 

«2020-ին ներկայացվել է 19 միջնորդություն դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 4 միջնորդություն ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, մեկ միջնորդություն ԲԴԽ-ն քննության է առել սեփական նախաձեռնությամբ, և 14 միջնորդություն ներկայացրել է արդարադատության նախարարը: 10 դատավորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: 3 դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն, 3-ին հայտարարվել է նախազգուշացում, 3-ին հայտարարվել է խիստ նկատողություն, 2 դատավորի լիազորություններ դադարեցվել են: 4 միջնորդություն մերժվել է, 2 միջնորդություն կարճվել է: 3 միջնորդություն դեռ գտնվում է ԲԴԽ վարույթում»,-ասաց Վարդազարյանը:

Նա անդրադարձավ ԲԴԽ-ի բյուջեին՝ նշելով, որ այն նույնությամբ կրկնել է 2019 թվականի բյուջեն, որևէ աճ չի եղել. «ԲԴԽ-ն 607 333 000 դրամ հետ է ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ: Արցախի համար դրամահավաքին մեր կողմից Արցախի ֆինանսների նախարարության գանձապետական հաշվին վճարվել է 22 մլն 340 հազար դրամ:

2020-ին դատարանները ստացել են 6470 քրեական գործ, որը քննել են ընդամենը 61 դատավորներ

Առաջին ատյանի դատարաններում մենք ունենք քրեական գործ քննող 61 դատավոր, քաղաքացիական գործ քննող 86 դատավոր, վարչական գործ քննող 24 դատավոր նշեց Վարդազարյանը՝ հավելելով, որ դատարաններում ծանրաբեռնվածությունն զգալիորեն աճել է:

«2020-ի ընթացքում դատարանները ստացել են 6470 քրեական գործ: 2019-ին այդ թիվը եղել է 5139: Եթե 6470 գործը բաժանեք 61 դատավորի, կտեսնեք ծանրաբեռնվածության աստիճանը:

31 256 միջնորդություն ենք ստացել միջդատական վարույթի կատմամբ վերահսկողություն իրականացնելու ոլորտում: Սա ավել է նախորդ տարվանից 9558-ով: 175 940 քաղաքացիական գործ է ստացվել, որը նախորդ տարվանից ավել է 5523-ով: Արբիտրաժային գործերի թիվը 2020-ին կազմել է 9870:, որը նախորդ տարվանից ավելի է 6780-ով»,-ասաց Վարդազարյանը:

ԲԴԽ նախագահը նկատեց, որ վարչական վերաքննիչ դտարանում այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը, որ այսօր դատական նիստը հետաձգվում է և հաջորդ նիստը նշանակվում է արդեն 2022 թվականին:

Քաղաքական կոնյուկտուրային չմասնակցելու իմ կոչը դիտվում է որպես քաղաքական կոչ

Իմ հայտարարություն-կոչը հիմնականում վերաբերում էր դատավորներին, որոնց խնդրել, հորդորել եմ զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումների և առաջարկել եմ ու նախազգուշացրել, որ եթե տեսնեմ՝ որևէ դատավոր ենթարկվում է կամ տուրք է տալիս այդ ճնշումներին ու քաղաքական որոշում է կայացնում, ինքս խստագույնս կարձագանքեմ այդ ամենին, շարունակեց Վարդազարյանը ՝ անդրադառնալով մեղադրանքին, որ ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո դատական համակարգը քաղաքական գործընթացներին է ներգրավել:

«Իմ կոչը վերաբերում էր ապաքաղաքական լինելու: Ինձ համար զարմանալի է, որ քաղաքական կոնյուկտուրային չմասնակցելու կոչը դիտվում է որպես քաղաքական կոչ: Ուղղակի ժպիտ է առաջացնում: Ես տեսնում էին դատարանների առջև հավաքված մարդիկ, հնչում էին տարբեր վանկարկումներ, դրա համար իմ կոչն էր զերծ մնալ քաղաքականությունից»,-ասաց նա:

Մենք Արթուր Վանեցյանի հետ ընկերություն ենք արել

Այո, մենք Արթուր Վանեցյանի հետ ընկերություն ենք արել, այդ ընկերությունը սկսվել է 1994 թվականից, երբ ես դատավոր չէի, ինքն էլ ուսանող էր, ԱԱԾ աշխատակից չէր, ասաց ԲԴԽ նախագահը:

Նա անդրադարձավ նաև Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրվող օրենքի նախագծին, որով առաջարկվում է ստեղծել 21 դատավորներից բաղկացած դատավորների խումբ, և դրանով ըստ որոշ մեկնբանությունների, կառավարությունն ուզում է միջդատական վարույթների վերաբերյալ միջնորդություններ քննող իր սրտի դատավորների ունենալ:

Վարդազարյանը նշեց, որ իրենք դիմել են կառավարությանը և խնդրել, որ համալրեն իրենց շարքերը, ավելացնեն 16 նոր հաստիք: «Միանշանակ այն 21 հաստիքը, որը նախատեսվում է օրենքի նախագծով ավելացնել, մենք ողջունում ենք: Նույնիսկ նոր 21 հաստիք տալու դեպքում այդ դատավորներին ընտրելու է ԲԴԽ-ն: Ցանկացած մեղադրանք, որ ստեղծվելու է մի դատարան, որ կատարելու է իշխանությունների կամքը, չի համապատասխանում իրականությանը: Ես վստահեցնում եմ, որ այդ պրոցեսը լինելու է շատ թափանցիկ և անգամ լրագրողները կարող են մասնակցել»:

ԲԴԽ նախագահը նաև հավելեց, որ եթե ստեղծվի հակակոռուպցիոն դատարան, ապա այն դատավորները, որոնք կմասնագիտանան նման վրույթներ քննելու, նրանք մեխանիկորեն կտեղափոխվեն այդ դատարան:

ՀՀ-ում պատերի տակ վնգստացող դատավորներ եղել են, հիմա չգիտեմ՝ կան, թե չկան

Չկան դատավորներ, որոնք կատարում են իշխանության ցանկությունը, չկան դատավորներ, որոնք կատարում են ընդդիմության ցանկություն, չկան դատավորներ, որոնք ղեկավարվում են հանրային կամ հանրահավաքային ազդեցության տակ ընկնելով, նշեց Վարդազարյանը:

«Ինչու եմ վստահ ասում, որովհետև չունենք նման վարույթ: Եթե լինեն նման դատավորներ, ապա կլինեն կամ կարգապահական վարույթներ, կամ քրեական գործ կհարուցվի այդ դատավորի նկատմամբ և ես տեղյակ կլինեմ»,-ասաց նա:

Հարցին, թե հիմա կա՞ն պատերի տակ վնգստացող դատավորներ, Վարդազարյանը պատասխանեց. «Այսօր պատմական պահն այնպիսին է, որ մենք կարող ենք անկախ դատական համակարգ ունենալու հիմքերը դնել: Պատերի տակ վնգստացող դատավորներ արտահայտությանը ես 1,5 տարի առաջ արձագանքել եմ՝ ասելով, որ այո, մենք ունենք այդպիսի դատավորներ և մենք նրանց անունները գիտենք: Ես այսօր էլ նրանց անունները չեմ հրապարակելու:

Ես շատ կուզենամ, որ 1,5 տարի հետո, իմ կոչն էլ հաշվի առնելով դատական իշխանության մեջ պատերի տակ վնգստացող դատավորների թիվը հավասար լինի զրոյի: Չեմ կարող ասել՝ հիմա կան, թե չկան: Վստահ եմ, որ շատերը այս առիթը կօգտագործեն, այդ կարգավիճակից դուրս կգան և կլինեն իրոք պրոֆեսիոնալներ»:

News.am-ի նյութերի հիման վրա