Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. «REQUIEM 6. ՓՈՂԵՐ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՈԹՔԻ 8 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԸ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԹԱԼԱՆԵՑ ՈՒ ՆՎԻՐԵՑ ԻՐ ԲԱՐԵԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սոթքի 8 միլիարդ թալանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամից «անհետացած» միլիոնավոր դոլարների և փողի դեմ կռվի մասին պատմել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ 

Մինասյանը նախ անդրադարձել է տուրիզմի ոլորտին։

«Պուշկինի անվան դպրոցում, ուր ես սովորում էի, մեզ նկարչություն էր դասավանդում Անահիտ Եֆիմովնան։ Նա ունի որդի՝ Արտաշեսը,որը նույնպես սովորում էր Պուշկինի անվան դպրոցում։ Արտաշեսը դարձավ շատ խոստումնալից, առաջադեմ բիզնեսմեն։ Ինչպես մենք՝ հայերս ենք սիրում ասել «օդից կամ քարից փող սարքող»։ Արտաշը հիմնեց փոքր վարձով վերցրած տներից բիզնես, նա սարքել էր հյուրանոցներ Երևանում և Թիֆլիսում։ Կառավարում էր այն տուրիստների հոսքը, որոնք գալիս էին տեսնելու և Վրաստանը, և Հայաստանը։ 2018 թվականի դեպքերը Արտաշեսը ողջունեց։ Այսօր Արտաշեսը կանգնած է սնանկացման եզրին, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զավթելուց հետո Հայաստանում հայտարարվեց պատերազմ ընդդեմ բիզնեսի»,-ասաց Մինասյանն ու հավելեց, որ տուրիզմի ոլորտը խայտառակ վիճակում է, քանի որ Հայաստանում մի քանի տարի է չկա տուրիզմ։

«Վստահ եմ «քարից, օդից փող սարքող» տղան մենակ է իր խնդիրների հետ»,-ասաց Մինասյանը։

Նրա խոսքով ՝ փողը միավորեց մարդկանց ավելի շատ, քան մնացած ամեն ինչը։

«Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ավելի լավ կյանք, ավելի բարեկեցիկ կյանք։ Նա ասում էր, որ ընտրեք ինձ, կամ հավատացեք ինձ, որովհետև ես կվերացնեմ կոռուպցիան և դուք կունենաք շատ ավելի բարեկեցիկ կյանք, յուրաքանչյուր փոփոխություն լինելու է շատ ավելի լավ։ Սկզբում մարդիկ մտածում էին, որ այն 100 դոլարը, որ իրենց գրպանում է դա իրենցն է և Նիկոլի գալով այդ 100-ը դառնալու է 110-ից մինչև միլիոն։ Այնուհետև խելոքները հասկացան, որ Նիկոլի հետ ընդհանրապես հույս չի կարելի կապել։ Նա մարդկանց ասաց, եկեք տեսնենք թե ինչպես է այդ 100 դոլարը բաշխվում։Փաշինյանը մարդկանց ձեռքի 100 դոլարը կրճատեց դարձրեց 50, իսկ 50-ն էլ ՝ բաշխեց հօգուտ իրեն»,- ասաց Միքայել Մինասյանը։

Նրա խոսքով ՝ Նիկոլ Փաշինյանին հիմա սատարում են ոչ թե մարդիկ, որոնք ունեն հույս, այլ նրան սատարում են անհույսները։

«Նրանց պետք է փրկել Նիկոլ Փաշինյանից: Նա փորձում է այն մարդկանց, ովքեր չունեն լավ ապրելու հույս, ասել, որ ոչինչ՝ դուք համակերպվեք, որ վատ ենք ապրում, բայց ես այնպես կանեմ, որ մյուսներն էլ վատ ապրեն»,-շարունակեց Մինասյանն ու անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի թալանին։

«Գիտե՞ք ով է Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների ամենամեծ թալանչին: Կոնկրետ պատասխանում եմ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը, մեկ օրինակով՝ Սոթքի հանք: Սոթքի հանքը՝ վերջին երկու տարվա գնահատմամբ, ունի, արդեն ուներ՝ 144 տոննա ոսկի։ Որպեսզի դուք հասկանաք, թե ինչ արժե այդքան ոսկին, ապա նայեք, թե ինչ արժե ոսկու մեկ գրամը. դուք կստանաք աստղաբաշխական թիվ՝ 8 միլիարդ դոլար: 8 միլիարդ դոլար Նիկոլ Փաշինյանը պարտությունից թալանեց, հայ ժողովրդից վերցրեց ու տվեց իր բարեկամ Ադրբեջանի ժողովրդին: Ես Սոթքի մասին մեկ բան եմ ուզում ասել, որպեսզի դուք պատկերացնեք, թե երբ անգրագիտությունն ու ստորությունը հանդիպում են, ինչ է դառնում: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կա՛մ չգիտի, կա՛մ միտումնավոր չի ուզում իմանալ, որ Սովետական Հայաստանի ժամանակ կար նամակ ուղղված կենտրոնական իշխանություններին, և այնտեղից կա նամակագրություն, որի հիմքում երևում է, որ Սոթքի հանքը, որն ընկնում էր Ադրբեջանի տարածքի մեջ, վարձակալության հիմունքներով պատկանում է Սովետական Հայաստանին, որովհետև Սովետական Հայաստանի Սոթքի պաշարները վերջացել են և դա Սոթքի հանքի բնական ընդլայնումն էր: Այդ փաստաթղթերը պահվում են ՀՀ պետական արխիվում: Բավական էր դա վերցնել, և այդ փաստաթղթով սարքել բանակցային փաթեթ, չէ՞ որ բանակցային փաթեթի կենտրոնում Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի փոխհարաբերություններն էր, սահմանները և այլն: Բա այդ փաստաթուղթն էլ է Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի փաթեթի մաս, չգիտե՞իք, թե չէի՞ք ուզում իմանալ»,- ներկայացրեց Մինասյանը:

Ինչ վերաբերում է հիմնադրամին փոխանցված գումարներին, ապա Միքայել Մինասյանի խոսքով ՝ 52 մլրդ 700 մլն դրամ բյուջե փոխանցվել է բյուջե՝մսխելու նպատակով։

«Նիկոլ Փաշինյանը, իր դրածո, նախկին խորհրդական Հայկակ Արշամյանին հանձնարարում է 52 մլրդ 700 մլն դրամ բյուջե փոխանցել, որպեսզի կարողանա հանգիստ մսխի: Հայկակը դա անում է իննը որոշումով, և դրանցից ոչ մեկը չի ուղարկվել Խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին, որովհետև նրանք կհարցնեին՝ բա այդ փողն ո՞ւր է գնում: Իննը որոշումից յոթը կորում են, անհետանում են: ՀՀ նախագահի նստավայրից, որտեղ Հայկակի գրասենյակն է ու հիմնադրամի աշխատակազմը, այդտեղից անհետանում են իննը որոշումից յոթի բնօրինակը: Թե՝ ուր, չգիտեմ, մենք դա կիմանանք, երբ նորմալ երկրում հարուցվի քրեական գործ: Ոստիկանությունը գաղտնի գալիս է Բաղրամյան 26, որպեսզի հասկանան, թե ուր են փողերը: Արմեն Սարգսյանը գաղտնի նամակ է գրում Հայկակին, ասելով՝ խնդիրներ կան, Հայկակն էլ, հասկանալով, որ 52 մլրդի մսխումն իրեն ոչ ոք չի ներելու, նամակ է գրում Ֆինանսների նախարարին, թե ասա, այդ փողը որտեղ ես ծախսել: Նախարարը պատասխանում է, որ գումարը ծախսվել է ըստ բյուջեի նախատեսված կետերի»:

Panorama.am