Ռուս զինվորական բժիշկներն Արցախում մոտ 1100 բնակչի են օգնություն ցուցաբերել, որոնցից 134-ը երեխաներ են։

Լեռնային Ղարաբաղում կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գոտու ողջ երկայնքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։ Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:

«ՌԴ Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 414,6 հա տարածք, 160,3 կմ ճանապարհ, 617 բնակտարածք, այդ թվում 22 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 18 925 պայթուցիկ նյութ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կոլխոզաշեն բնակավայրում (Ստեփանակերտից 18 կմ հարավ-արևելք) ռուս խաղաղապահ առաքելության շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվել 10 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս զինվորական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1079 բնակիչների, այդ թվում՝ 134 երեխաների։

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով գործարկված «Թեժ գծին» արդեն 559 դիմում է ստացվել։ Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցառումների պահպանմամբ:

Sputnik Հայաստան