Հեռու եմ այն մտքից, որ Փաշինյանը ստորագրել է միայն այդ հայտարարությունը, տողատակում կան այլ պայմանագրեր. Պետրոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ գլխատեց բանակը՝ սկսած գեներալներից, որպեսզի կարողանար հասնել կապիտուլյացիայի եւ հասավ դրան. ամբողջությամբ կորցրինք Արցախը, հիմա սկսել ենք կորցնել հայկական սահմանները: Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:

«Չգիտեմ՝ երբեւէ նրան զեկուցո՞ւմ են, կամ նա լսո՞ւմ է որեւէ մեկին, թե ինչ է կատարվում երկրում: Նա ամբողջությամբ կտրվել է իրականությունից: Նա կապիտուլյացիայի հասավ մեր հերոսներին վարկաբեկելու միջոցով: Հիմա, որպեսզի ՀՀ սահմանները եւս կարողանա սկուտեղի վրա նվիրել Ադրբեջանին, սկսեց հետապնդումներ սկսել սահմանային մեր համայնքապետերի նկատմամբ: Զարմանալին այն է, որ այնպիսի հիմար հոդվածներով նրանց ձերբակալեց, որոնցով նույնիսկ ազատազրկում չի սպասվում»,- ասաց Պետրոսյանը:

Թաթուլ Պետրոսյանի տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանն անհայրենիք ու անսուրբ է. «Նա չի հասկանում նույնիսկ մարդկանց բնակարաններից զրկելու ընթացակարգը: Նույն  Որոտանի, նույն Շուռնուխի 12 բնակարաններ պետք է հանձվեն թուրքերին, թե ոնց են բաժանելու, ոչ ոք չի հասկանում, եւ նա ասում է, որ փոխհատուցում կտան, փոխհատուցում ինչի՞ առաջ, փոխհատուցում, որ մարդիկ բնակարա՞ն են կորցնում, մեկ-երկու օրվա ընթացքում պետք է լքեն այն: Սա մարդու մոտեցում է, որը գործնականում չի հասկանում՝ ինչ է նշանակում հայրենիք, տուն»։

Սյունիքում սահմանազատումներից հետո, Թաթուլ Պետրոսյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը դա շարունակելու է  նաեւ Գեղարքունիք եւ Տավուշի մարզերում. «Վստահությունս նրանում է, որ արդեն իսկ սկսել են այդ գործողությունները: Ես հեռու եմ այն մտքից, որ նա միայն ստորագրել է այդ 9 կետանոց հայտարարությունը, ես համոզված եմ, որ տողատակում կան այլ պայմանագրեր, ասում են՝ բանավոր, բայց ես կարծում եմ, որ կա նաեւ գրավոր… Ես համոզված եմ, որ արդյունքում լինելու է նաեւ միջազգային պայմանագիր, արդեն երկու պետությունները սահման են գծում»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե  ինքն իրեն համարում է թիվ մեկ պատասխանատուն, բայց չի համարում թիվ մեկ մեղավորը՝ Պետրոսյանն ասաց, որ քրեաիրավական նման տերմին չկա. «Եթե մարդը մեղավոր չի, հետեւաբար պատասխանատու էլ չի: Եթե պատասխանատու է որոշակի արարքի համար, ապա նա մեղք պետք է ունենա: Իր մոտեցումն այն է, որ ինքը պատրաստ չէ մարդկանց առաջ պատասխան տալու: Մինչեւ այժմ ասում է, որ պատասխատանու է, բայց պատասխանատվության որէեւ ձեւ նկատելի չի»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am