Մանուկյանն առաջարկում է, որ երիտասարդներն ու գյուղացիները բանակցեն խաղաղապահների հետ

Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն ասում է, քանի որ պետությունը չի պաշտպանում ժողովրդին, ժողովուրդը պետք է ինքնապաշտպանվի։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որով բանաձև է առաջարկում տարածքային հետագա կորուստներից խուսափելու համար։

«Կարևորում եմ, որ մեր երիտասարդները, սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը, ծանր պատերազմների միջով անցած մեր վետերանները նորից կազմավորեն պաշտպանական ջոկատներ, բանակցեն և համագործակցեն խաղաղապահ զորքերի հետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթի մեկնաբանությունների ու իրականացման շրջանակներում և պաշտպան կանգնեն մեր երկրի սահմաններին և մեր ժողովրդի անվտանգությանը», - գրել է նա։

Ընդդիմության` վարչապետի միասնական թեկնածուն նշում է` քանի որ պետությունը չի պաշտպանում ժողովրդին, ժողովուրդը պետք է ինքնապաշտպանվի։

«Այսօրվա մեր անկախ պետությունը՝ հանձինս կառավարության, բանակի, ուժային կառույցների ղեկավարության, չի պաշտպանում մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը, տարածքները, մեր ունեցվածքն ու շահերը: Փոխարենը մենք անընդհատ լսում ենք ինքնարդարացման սուտ, տգետ բացատրություններ իշխանության կողմից, որը պատերազմի վերսկսման սպառնալիքով նորից փորձում է մոլորության մեջ դնել մեր ժողովրդին իր ամուլ իշխանությունը երկարաձգելու համար», - ասում է Մանուկյանը։

Նա խոստանում է, որ իրենք կփոխեն ապիկար և մեր պետությունը ոչնչացնող իշխանություններին։

«Այն ռազմական ուժը, որ ձևավորվել էր տասնյակ տարիների ընթացքում, նորից կկարողանա երաշխավորը լինել մեր անվտանգության: Բայց դա ժամանակ է պահանջում, և այդ ընթացքում մենք անընդհատ նոր կորուստներ ենք ունենում, սեղմվում են մեր երկրի սահմանները, անպաշտպան են մնում մեր սահմանամերձ բնակավայրերն ու բնակիչները», - գրում է նա։

Եվ հենց այս ժամանակահատվածում էլ, Մանուկյանի կարծիքով, ժողովուրդը ինքն իր ձեռքերի մեջ պետք է վերցնի իր ճակատագիրը և բանակցի իր տարածքների համար։

Sputnik Արմենիա