ԿՈՆԿՐԵՏ ՆՎԱՍՏԱՑՈՒՄ՝ ՎԵՐԱՑԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

«ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա: 

Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է և այս համատեքստում՝ նաև Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապ հաստատելու», - «Արմենպրես»-ին հաղորդեց Հայաստանի վարչապետի մամլո քարտուղար Մանե Գևորգյանը:

Նա նշեց, թե Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների տեղափոխման հնարավորությամբ դեպի Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակ ուղղությամբ: «Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,-հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակը։ Այնուամենայնիվ, ինչպես նշեց Գևորգյանը, այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. այ, շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ առանց հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման «դժվար» չի եղել այն ամենը, ինչ տեղի էր ունենում անցած գրեթե երկու ամիսների ընթացքում մերթ Սոթքի շրջանում, մերթ Սյունիքում։ Չգիտես ինչու ադրբեջանական կողմը, GPS-ով զինված, գծում էր հայ-ադրբեջանական սահմանը, խլում բնակավայրերը, յուրացնում միջպետական ճանապարհների հատվածները, իսկ հայկական կողմից ոչ ոք չէր հիշում հայտարարության 8-րդ կետի մասին, ոչ ոք Բաքվի առջև պայման չէր դնում ռազմագերիների, պատանդների, զոհվածների աճյունների վերադարձի հարցը:

Շատ հետաքրքիր է նաև մեկ այլ բան. երբ Մանե Գևորգյանը խոսում է այն մասին, թե Հայաստանը հետաքրքրված է հայկական բեռների տեղափոխմամբ դեպի Ռուսաստան և Իրան, նա առհասարակ չնչին պատկերացում ունի՞, թե կոնկրետ որն է մեր հետաքրլրությունը և այդ ինչ բեռներ ենք մենք տեղափոխելու նշված ուղղություններով: Թեպետ, խոսքը միայն վարչապետի մամուլի խոսնակի մասին չէ։ Հայաստանում այդ մասին պատկերացում չունի իշխանական թիմից գործնականում ոչ ոք։ Սպանված տնտեսությունը, սպանված ներդրումային միջավայրը, սպանված արտադրական մասնահատվածը, արտահանման ծավալների շարունակական կրճատումը մեզ համար երրորդական կարևորության խնդրի են վերածել հաղորդակցության հարցը։

Այո, ճանապարհների ապաշրջափակումը պետք է Հայաստանին՝ որպես տասնամյակներ շարունակ տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող երկրի։ Բայց ակնհայտորեն ոչ այն աստիճան, որ դա արվի ամեն գնով։ Տարածքային և այլ ահռելի ու ցավոտ զիջումների գնով։ Կրկնում եմ, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման արդյունքում հայկական կողմի, նրա տնտեսության համար հնարավոր շահաբաժինների մասին ոչ ոք, ոչ մի հայ պաշտոնյա երկու ամսվա ընթացքում կոնկրետ ոչինչ չի ասել։ Էկոնոմիկայի նախարարի զառանցալի մտքերը՝ թուրքական նավահանգիստներից ու ադրբեջանական շուկայից օգտվելու հնարավորության մասին, բնականաբար, հաշվի մեջ չեն։ Խոսքը հնարավոր ապաշրջափակման արդյունքում տնտեսական առավելությունների հստակ ու կոնկրետ գնահատման մասին է։

Եվ այդուհանդերձ Մանե Գևորգյանի հայտարարությունն արժանի է հատուկ ուշադրության՝ կապված մեկ այլ հանգամանքի հետ։  Բանն այն է, որ եռակողմ հայտարարության էության, հաղորդակցական խնդիրների և հայկական տրանսպորտային հետաքրքրությունների մասին նրա վերամբարձ ճառից ընդամենը մի քանի ժամ առաջ Ադրբեջանի նախագահը հերթական ցասումնալից ուղերձը հղեց Երևանին։  Ալիևին զայրացրել էր այն փաստը, որ Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Ստեփանակերտ։  «Ինձ հաղորդեցին, որ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը այցելել է Խանքենդի։ Դու ի՞նչ գործ ունես այնտեղ։ Թող Հայաստանը չմոռանա պատերազմը։ Հիշեք, որ երկաթե բռունցքը տեղում է: Այդ այցերին պետք է վերջ դրվի։ Նախազգուշացնում ենք, որ եթե կրկին ձեռնարկվեն այդպիսի սադրիչ քայլեր, Հայաստանը է՛լ ավելի կզղջա դրա համար»,- ասաց Ալիևը 2020 թվականի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքերով, օտարերկրյա ոչ մի քաղաքացի չի կարող մտնել այդ գոտի առանց Բաքվի թույլտվության։ Միջազգային ոչ մի կազմակերպություն, բացի Կարմիր խաչից, չի կարող գնալ այնտեղ։ «Առաջին անգամ մենք նրանց զգուշացրել ենք ԱԳՆ-ի միջոցով։ Սրանից հետո նախազգուշացումն այլ կերպ կարվի»,- ընդգծել Է նախագահը։

Իհարկե, Ալիևը բնավ առաջին անգամ չէ, որ սպառնում է մեզ ու հոխորտում։ Սակայն տվյալ դեպքում նաև իրավունքներ է վերապահում իրեն, պարզապես արգելելով Հայաստանի արտգործնախարարին մեկնել Ստեփանակերտ։ Իսկ ի պատասխան Երևանից հնչում է վարչապետի մամուլի խոսնակի ծվծվոցը, այն էլ ՝ տարածաշրջանի տրանսպորտային-հաղորդակցական հեռանկարներին վերաբերող ողորմելի բովանդակությամբ։ Նկատեք, Ալիևը արգելում է հայ պաշտոնյաներին, և ընդհանրապես, ըստ էության՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներին և ոչ միայն նրանց այցելել Ստեփանակերտ, իսկ իրեն Հայաստանի ղեկավար համարող անձնավորությունը պարզապես ջուր է առել բերանը։ Եվ այդ նվաստացմանը Երևանը Մանե Գևորգյանի շուրթերով պատասխանում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբերյալ համատեղ հայտարարության կետերին հղումներ անելով։ Նա նույնիսկ չի խոսում այն մասին, որ այդ կետերից ոչ մեկը հիմք չի տալիս Ալիևին արգելել մեզ մեկնել Ստեփանակերտ։

Այս ամենը տեղի է ունենում Փաշինյան-Ալիև-Պուտին ձևաչափով Մոսկվայում կայանալիք հանդիպման նախաշեմին։ Եվ կարելի է պատկերացնել նվաստացման աստիճանը, որ սպասվում է Հայաստանին հունվարի 11-ին։ Թեև, ակնհայտ է, որ քանի դեռ Երևանը ներկայացնում է դավաճանն ու կապիտուլյանտը, Ալիևը չի դադարի ճոճել «երկաթե բռունցքը», տնօրինել հայ պաշտոնյաների այցերի ժամանակացույցն ու Երևանից ստանալ այն ամենը, ինչ կցանկանա։ Ի վերջո, եթե ոչ ոք նույնիսկ ոչ թե չի դիմադրում, այլև բանավոր էլ չի առարկում, ապա ինչո՞ւ պիտի չսպառնա։

Основная тема:
Теги: