Պետք է պատասխան տան, որ սխալ հրամանների հետեւանքով ունեցել ենք շատ մեծ թվով զոհեր. Զոհվածի ծնող

Պատերազմին մասնակցած զինվորների ծնողներին այսօր՝ հունվարի 11-ին հրավիրել էին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ իրենց որդիների գործերով տեղեկություններ հաղորդելու:

Հոկտեմբերի 6-ին զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մեր տեղեկություններով ճշտել ենք, գնացել բերել ենք մարմինը, հանձնել ենք հողին: Հիմա նոյեմբերի 2-ից տվել ենք հայտարարություն հանցագործությունների մասին, որոնք վերաբերում են ղեկավարությանը: Այսինքն  բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ կան, վաշտի, գումարտակի հրամանատարներ կան, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության: Քանի որ մինչեւ այսօր մեր հայցի պատասխանը դեռ բավարարված չէր, մարդիկ կան, պետք է քննվեին, ասում են հարցաքննությունները Ղարաբաղում են անցկացրել, իրենց չեն բերել Հայաստան: Բայց հանգամանքները բավարար չեն դեռ եւ հարցի լուծումը օդում կախված է մնացել»:

Նա հավելեց, որ միտում չի տեսնում ձգձգելու. «Ինձ թվում է գործերի քանակն է շատ մեծ, չեն հասցնում: Ուղղակի կխնդրեի բոլոր բաժիններին, որ ամենասեղմ ժամկետներում իրենց աշխատանքը կատարեն ու փոխանցեն ավելի բարձր քննչական մարմիններին, որ գործը տեղից շարժվի:

Մեզ ասում են գործն առաջ է գնում, բայց ծնողներ ունենք, որ մինչ օրս հանցագործության մասին դիմումներ չեն ներկայացրել: Իրենց խնդրել են, որ իրենք էլ հաղորդում ներկայացնեն, որ գործին ընթացքներ տան: Մեր պահանջն է, որ ոչ թե մենք տվյալներ հավաքենք, բերենք տանք ՔԿ-ին, այլ մենք զինվոր ենք տվել զորամասին, պետք է զորամասից հարցում կատարեն, թե որքան է զինվորների քանակը, քանիսն են վիրավոր, քանիսն են գերության մեջ: Այսօր որեւէ տեղ ոչ մի փաստ չի նշվում:

Պետք է պատասխան տան, որ հրամաններով երեխաներին տարել են սխալ ուղղություններով, սխալ հրամանների հետեւանքով ունեցել ենք շատ զոհեր, զինծառայողների համարյա 40-50 տոկոսը կամ զոհված են, կամ վիրավոր: Իսկ մնացածը հաշմանդամություն ունեն: Հիմա էլ, այդ երեխաները հենց մի քիչ ոտքի են կանգնում, տանում են սահման»,-հայտարարեց զոհված զինծառայողի հայրը:

«Մեր ասածն այն է, որ ոչ թե ծնողը պետք է գնա, ապացույցներ գտնի, բերի ներկայացնի, այլ քննչական մարմիններն իրենց աշխատանքը պետք է կատարեն:

Տվյալ իմ գործը արդեն 3 բաժին անցել է, աշխատանք արվում է, դեռ քանի բաժին էլ պետք է անցնի, քննությունը ցույց կտա: Իրենք էլ զգուշացրեցին, որ գործընթացն ունի ժամկետներ: Մենք 3-4 հոգի ենք հանցագործության մասին հաղորդում, հայց ներկայացրել: Մյուս ծնողների մասով բան չկա:

Մենք հետեւողական ենք լինելու, եթե տեսնենք գործընթացները դանդաղում են, նորից ակցիաներ ենք կազմակերպելու: Այսօր ակցիա չէր, իրենք էին հրավիրել, որ տեղեկություններ հայտնեին: Եթե տեսնենք գործողությունները տեղից չեն շարժվում, քայլեր կանենք»,-ընդգծեց նա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am