Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը ԼՂ հարցով նոր հայտարարություն են ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում Ղարաբաղի զարգացման մասին համատեղ հայտարարություն է ստորագրվել:

Այսօրվա հանդիպումը ՌԴ նախագահը համարում է շատ կարևոր և օգտակար, քանի որ կողմերը կարողացան համաձայնության գալ և համատեղ համաձայնագիր ստորագրել։

«Հանդիպման ժամանակ եզրակացության եկանք, որ եռակողմ համաձայնագրի դրույթները մեծ հաշվով պահպանվում են»,–ասաց նա։

Նրա խոսքով` հայտարարությունը վերաբերում է իրավիճակի զարգացմանը տարածաշրջանում, կոնկրետ քայլեր է նախատեսում տնտեսական հարաբերություններում` ենթակառուցվածքների, նախագծերի։

«Այս նպատակով աշխատանքային խումբ կձևավորվի, որը կգլխավորեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները»,–ասաց նա։

Պուտինի խոսքով` առաջիկայում աշխատանքային խումբն արդեն իսկ մասնագիտական խմբեր կստեղծի, որոնք հստակ ծրագրեր կներկայացնեն տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման համար։

Այս համաձայնագրի իրականացումը, ըստ ՌԴ նախագահի, ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերին կծառայի, այլ նաև տարածաշրջանի` այդ թվում` ՌԴ–ի հետաքրքրություններին, տեղեկացնում է Sputnik Armenia։