«MK»․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Դեկտեմբեր-հունվար ամիսներին դիտորդները գրանցել են Թուրքիայի օդուժի տրանսպորտային ավիացիայի աննախադեպ ակտիվություն Ադրբեջանի երկնքում: Երկու երկրների միջև օդային կամուրջը գործում է շուրջօրյա, ռազմական բեռները ժամանում են ողջ երկրում ադրբեջանական բանակի օդանավակայաններ: Փորձագետները կարծում են, որ Թուրքիան մտադիր է մի քանի ռազմաբազաներ ստեղծել Անդրկովկասում, բայց Բաքվում հերքում են այդ տեղեկությունները, գրում է «MK»-ն:

«Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով, բայց հետպատերազմյան աշխարհը շատ նոր մարտահրավերներ է պատրաստում տարածաշրջանի համար: Մասնավորապես, Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են զարգացնել համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում, ինչը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը Անդրկովկասի տարածաշրջանում: Այդ մասին են վկայում օդային տարածքի դիտանցման ծառայությունների տվյալները, որոնք նշում են երկրների միջև օդային հաղորդակցության ինտենսիվության աճը:

FlightRadar-24 ծառայության համաձայն՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թուրքիայի ռազմական ավիացիան հաստատել է ապրանքների անխափան մատակարարում Ադրբեջանի տարածք: Երկու երկրների միջև օդային կամուրջը ստեղծվել է շրջանցելով Հայաստանի օդային տարածքը: Թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռները ապրանքներ են հասցնում Գաբալայի, Լենքորանի և Գյանջայի ադրբեջանական օդանավակայաններ: Ավիացիան թռիչքներ է իրականացնում գրեթե շուրջօրյա, որոշ ինքնաթիռներ օրական երեք-չորս թռիչք են կատարում:

Գնահատելով Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակտիվությունը՝ փորձագետները ենթադրում են, որ Անդրկովկասի տարածաշրջանում կստեղծվեն թուրքական ռազմական բազաներ: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը: Զինվորական գերատեսչությունը չի մեկնաբանել Թուրքիայի օդուժի գործունեությունը Ադրբեջանի օդային տարածքում: Թուրքական լրատվամիջոցները նույնպես անտեսում են իրավիճակը: Մի քանի լրատվամիջոցներներ, որոնք նախկինում տեղեկություններ էին հաղորդել Անդրկովկասում թուրքական բանակի ռազմական օբյեկտների ստեղծման մասին, ջնջել են իրենց հրապարակումները:

Ռազմական փորձագետ Ալեքսեյ Վալյուժենիչի խոսքով՝ Անդրկովկասը Անկարայի համար առանցքային տարածաշրջան է, և այնտեղ թուրք զինվորականների տեղակայումը ժամանակի հարց է:

«Նախ տեսնենք, թե կոնկրետ ուր են թուրքական ինքնաթիռներն առաքում իրենց բեռները: Գաբալա, Լենքորան և Գյանջա: Թուրքիայի համար երեք ռազմավարական ուղղություններով երեք քաղաքներ: Հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի ամենամեծ ռադիոտեղորոշիչ կայանը՝ Դարիալ ռադարը, գտնվում էր Գաբալայում: Այն ստեղծվել է դեռ խորհրդային տարիներին: Ժամանակին այն հետևում էր ՆԱՏՕ-ի գործունեությանը խորհրդային սահմանների մոտ: Դրա գործողության շառավիղն ընդգրկում է Իրանը, Իրաքը և Պարսից ծոցի ռազմավարական կարևոր ջրերը: Մինչև 2012 թվականը մեր զինվորականները գործում էին այնտեղ, բայց այժմ այն անմխիթար վիճակում է... Ավելացնեմ, որ 2000-ականներին ԱՄՆ-ը դրա հանդեպ ուշադրություն էր դրսևորում, ուստի դա շատ արժեքավոր ռազմավարական օբյեկտ է: Իրականում կարող է այնտեղ իրավաբանորեն թուրքական ռազմաբազա չլինել, բայց թուրք սպաները կարող են մուտք գործել օբյեկտ, վերականգնել և օգտագործել այն իրենց նպատակների համար: Սա հիպոթետիկ»:

Նա չի բացառել, որ այն կարող է օգտագործվել Ռուսաստանի տարածքի «մոնիթորինգի» համար: «Խորհրդային տարիներին, հասկանալի պատճառներով, դա չէր դիտարկվում: Բայց հիմա՝ լիովին: Ինչ-որ տեղ մինչև Ռոստով, կամ նույնիսկ ավելի հեռու: Այն բավական է Կասպից և Սև ծովերի ջրերը ծածկելու համար... Հիմա Գյանջայի մասին: Ըստ չհաստատված տվյալների, հենց այնտեղ է եղել թուրքական այն անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը, որոնք գործում էին Լեռնային Ղարաբաղում: Հայերը մի քանի անգամ փորձեցին հրթիռներով հասնել դրան, բայց չհաջողվեց: Միանգամայն հնարավոր է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներ կարող են տեղակայվել այնտեղ, բայց մշտական հիմունքներով: Սա Հայաստանի վրա բարձրացված դանակ է: Եվ այնտեղ նույնպես պարտադիր չէ ստեղծել թուրքական հենակետ: Ավելի շուտ, Թուրքիան կօգնի իր դաշնակիցներին կառուցել ամեն ինչ, և միևնույն ժամանակ կարող է մասնագետներ տրամադրել»:

Ինչ վերաբերում է Լենքորանին, ապա այն կծածկի իրանական ուղղությունը և ոչ միայն: «Այնտեղ նույնպես կարելի է բազա տեղադրել՝ անօդաչու թռչող սարքերի և ռադիոլոկացիոն կայանների համար, որոնք կարող են հետևել Իրանին: Կարծում եմ, որ Թեհրանը չի ուրախանա այս կապակցությամբ: Ավելին, Լենքորանը նաև նավահանգիստ է Կասպից ծովի ափին: Այսպիսով, ստացվում է, որ Ադրբեջանի միջոցով Էրդողանը Թուրքիայի համար միանգամից երեք ռազմավարական ուղղություն է ստանում՝ Հայաստան, Ռուսաստան և Իրան: Միևնույն ժամանակ, նորից շեշտեմ, դրա համար պարտադիր չէ հենց թուրքական բանակի օբյեկտներ կառուցել: Թուրքիան պարզապես օգնում է դաշնակիցներին և կարող է ակնկալել, որ ապագայում նրանք տեղեկատվություն «եղբայրաբար» կկիսեն»:

News.am