Արցախի կարգավիճակը պետք է ստանա վերջնական լուծում

«Արցախի խնդիրը, բնականաբար, անցյալում լինել չի կարող, քանի որ Արցախի կարգավիճակն այդպես էլ վերջնական լուծում դեռևս չի ստացել»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում երեք երկրների ղեկավարների հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։

Ալիևն ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում, և պետք է մտածեն ապագայի մասին, ինչպես միասին ապրել հարևանությամբ։

«Արցախի հիմնախնդիրը կլինի անցյալում, եթե մենք Ադրբեջանից նախ չունենայինք տարածքային պահանջ։ Եթե խնդիրը պետք է կարգավորվի նախկին ԼՂԻՄ սահմաններում, ապա մենք ունենք բավականին տարածքներ՝ այդ թվում Հադրութի շրջանը և այլ տարածքներ։ Տարածքային հարցերն անպայման պետք է լուծում ստանան և այսօր արդեն Արցախը միջազգային հանրության կողմից չունի ճանաչված որևէ կարգավիճակ և միանշանակ այս խնդիրը պետք է հստակեցվի»,- ասաց Պողոսյանն ու հավելեց՝ մինչև այս հարցերը չկարգավորվեն, Արցախի հակամարտությունը որպես այդպիսին փակված համարել չեն կարող։

Ստեղծված իրավիճակից լուծումը տեսնում են միայն բանակցային պրոցեսը շարունակելով։ Ադրբեջանի կողմից տրվող երաշխիքներն ու բազում հնարավորություններն Արցախը երբեք չի ընդունի։

«Նման առաջարկ եղել է միակողմանի՝ միայն Ադրբեջանի կողմից։ Ցանկացած առաջարկի դեպքում բացառվում է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ ցանկացած կարգավիճակով, ցանկացած տնտեսական կամ սոցիալական երաշխիքների պարագայում։ Արցախը երբևէ անկախ Ադրբեջանի մաս չի կազմել և չի կազմելու»,- ասաց Պողոսյանը։

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ եռակողմ հանդիպման մասին գնահատական չի կարող ներկայացնել՝ հավելելով, որ այս փուլում գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ առանցքային հարցը։