ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ

Դե ինչ, Նիկոլ Վովաևիչին և «Իմ քայլը» խմբակցությանը կարելի է շնորհավորել։ Այս անգամ Ալիևը Հայաստանի վարչապետին չանվանեց ո՛չ հարբեցող, ո՛չ էլ խեղկատակ։ Եվ նույնիսկ գլխով արեց՝ ի պատասխան Փաշինյանի ողջույնի։ Այդ ամենը վերջինս միանգամայն կարող է գրանցել իր ակտիվում։ Մանավանդ որ մնացած առումներով գրանցելու ոչինչ չկա

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԲՈԼՈՐՆ ԻՐԵՆՑ ԱՄՊԼՈՒԱՅՈՒՄ ԵՆ: Փաշինյանը, ինչպես միշտ, չկատարեց խոստումը, հարվածի տակ դնելով իր մամլո քարտուղար Մանե Գևորգյանին, որն այցի նախօրեին ասում էր, թե եթե ռազմագերիների հարցը լուծվի, կարող է ստորագրվել համատեղ հայտարարություն, հակառակ դեպքում առհասարակ ոչինչ չի ստորագրվի... Ինչպես տեսնում ենք, հին կապուղիների ապաշրջափակման և նոր երթուղիների մշակման վերաբերյալ համատեղ հայտարարությունն այնուամենայնիվ ստորագրված է, իսկ Փաշինյանը վիզը ծռած հերթական անգամ խոստովանում է, որ իր մոտ կրկին ոչինչ չստացվեց։ Խոսող, բայց տկար ձիու մասին հին անեկդոտը կրկին չենք հիշեցնի, այլ միայն կարձանագրենք, որ հայ ռազմագերիների հարցը հետաձգված է անորոշ ժամանակով, հանձնված Իլհամ Ալիևի ողորմածությանը

Ադրբեջանի նախագահը նույնպես իր ամպլուայում է. նրան հաջողվեց առաջ շարժվել թուրք-ադրբեջանական տանդեմի համար ծայրահեղ կարևոր հարցի լուծման ուղղությամբ։ Հաղորդակցական ուղիների ստեղծման մշակումների ուղղությամբ, որոնք Հայաստանի տարածքի միջով կկապեն Ադրբեջանը Նախիջևանի ինքնավարության հետ։ Դե ֆակտո՝ Թուրքիայի... Թուրք-ադրբեջանական ռազմավարների բյուրեղյա երազանքը սկսում է իրական ուրվագծեր ստանալ։

Ռուսաստանի առաջնորդը, իհարկե, ջանք էր գործադրում, որպեսզի հայկական կողմը բացահայտ նվաստացած տեսք չունենա։ Դատելով արդեն երկկողմ հանդիպման ընթացքում Փաշինյանի խոսքերից՝ Վլադիմիր Պուտինը սատարել է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի ամբողջական կատարման՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի անհրաժեշտության մասին Երևանի դիրքորոշմանը: Սակայն Ալիևը դեռևս մտադիր չէ զիջել և պնդում է իր վարկածը, թե դեկտեմբերին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ գերեվարված հայ զինծառայողները ոչ թե ռազմագերիներ են, այլ դիվերսանտներ, քանի որ մեկնել են այնտեղ արդեն հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո... Ընդ որում Ալիևը լռում է այն մասին, որ զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, քանի որ Ադրբեջանը խախտել է հայտարարության այն կետը, ըստ որի՝ հրադադարից և ռուս խաղաղապահների տեղակայումից հետո կողմերը կանգ են առնում զբաղեցրած դիրքերում, մինչդեռ Ադրբեջանը փաստացի առաջ է շարժվել։ Բայց դրանք Ալիևի համար մանրուքներ են. կարևորն այն է, որ հայ ռազմագերիներն առաջվա պես ծառայելու են որպես Երևանին շանտաժի ենթարկելու գործիք, դե, նաև՝ ներքին լսարանի առջև պարծենալու առարկա։

Իր ներածական խոսքում Պուտինը փորձեց մեղմել Փաշինյանի նվաստացումը և մանրամասն խոսեց Արցախն իր բնականոն կյանքին վերադարձնելու ռուս խաղաղապահների ջանքերի մասին։ Այն մասին, որ խաղաղապահները շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի խնդրանքով։ «Ադրբեջանական» բառի վրա Պուտինը հատուկ շեշտադրում արեց

Ռուսաստանի նախագահն ասաց նաև, որ Մոսկվայի բոլոր քայլերն արվում են Մինսկի խմբի մյուս միջնորդների հետ խորհրդակցելով, ընդհանուր մշակումների հիման վրա: Այդ մշակումները, նշենք, նախատեսում են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Պուտինն իր խոսքում ընդգծեց, որ Ռուսաստանը շարունակելու է համաձայնեցնել իր քայլերը համանախագահների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ:

Այս խոսքերը դժվար թե կարող էին դուր գալ Իլհամ Ալիևին, որն արդեն չի էլ թաքցնում, որ ըստ իրեն՝ Մինսկի գործընթացը պետք է ավարտել, իսկ Արցախի կարգավիճակը Ադրբեջանն արդեն որոշել է մարտի դաշտում։ Բայց Ադրբեջանի ղեկավարը հասկանում է, որ Մինսկի դանդաղընթաց գործընթացն առանձնակի պարտավորություններ չի դնում Բաքվի ուսերին, Իսկ այ Փաշինյանից կորզված համաձայնությունը՝ Սյունիքի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքների վերաբերյալ, շոշափելի ձեռքբերում է

Основная тема:
Теги: